Լուրեր
Շաքարային դիաբետը կուրության առաջացման գլխավոր պատճառ
23 Հունվար 2019 | Լուրեր | Ակնաբուժություն | Սոֆիա Համլետի Կասյան
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով: Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ սկզբնական, իսկ երբեմն նաև ուշ շրջաններում կարող է ընթանալ անախտանիշ: Հիվանդը տեսողության հետ կապված խնդիրներ չի զգում և համարում է, որ բժշկին դիմելու պատճառ չունի:
Հիմնական ախտանիշները տեսողության շղարշումն է, ընթերցանության դժվարացումը, աչքերի առջև մանր կետերի առաջացումը. տեսողության մասնակի կամ ամբողջական կորուստը: Այս ախտանիշները, որպես կանոն, վկայում են ռետինոպաթիայի ուշ շրջանի մասին: Ռետինոպաթիայի ծանր (պրոլիֆերատիվ) ձևը հաճախ առաջանում է առաջին տիպի շաքարային դիաբետի ժամանակ` հիվանդության սկզբից 10-12 տարի հետո, երկրորդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ՝ 5-7 տարի հետո: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի խիստ վերահսկումը, սննդակարգին հետևելը, առողջ կենսակերպը թույլ են տալիս նվազեցնել, սակայն չեն բացառում դիաբետի աչքի բարդությունների հետևանքով կուրության զարգացման ռիսկը: Այդ պատճառով կուրության կանխարգելման ճիշտ ճանապարհն ընտրելու, ինչպես նաև ակնային բարդությունները ժամանակին ախտորոշելու և հնարավորինս շուտ բուժումը սկսելու համար, նպատակահարմար է տարեկան երկու անգամ իրականացնել ակնաբույժի խորհրդատվություն` 10 տարի վաղեմությամբ երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, և 5 տարի վաղեմությամբ` առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում, չնայած բարձր սրությամբ տեսողությանը:
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կենտրոնում առկա է դիաբետիկ ռետինոպաթիայի ախտորոշիչ հետազոտությունների և բուժման լիարժեք համալիր: Բացի ստանդարտ հետազոտություններից, ինչպիսիք են տեսողական ֆունկցիայի ստուգումը (տեսողության սրություն, տեսադաշտ, Ամսլերի թեստ), ներակնային ճնշման չափումը (պնևմոտոնոմետրիա, տոնոմետրիա` ըստ Գոլդմանի), ռեֆրակտոմետրիան, աչքի զննումը ճեղքային լամպի միջոցով, ակնահատակի զննումը հատուկ ոսպնյակների օգնությամբ, նաև իրականացվում են լրացուցիչ և առավել մանրամասն հետազոտություններ.
- սոնոգրաֆիա (միջավայրի պղտորման դեպքում աչքի կառուցվածքների վիճակի ախտորոշում),
- ակնահատակի լուսանկարում, որը թույլ է տալիս հետևել ցանցենու փոփոխություններին. տարբեր ժամանակ իրականացված նկարները ակնաբույժին թույլ են տալիս հետևել հիվանդության զարգացման ընթացքին և վերահսկել իրականացվող բուժման արդյունավետությունը,
- ցանցենու օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա, որը դիաբետիկ ռետինոպաթիայի ժամանակ թույլ է տալիս հայտնաբերել կառուցվածքային փոփոխություններն ամենավաղ փուլերում,
- ցանցենու ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա, որը թույլ է տալիս հայտնաբերել անոթների բարձր թափանցիկության գոտիները, նոր գոյացած անոթները, չմատակարարվող տեղամասերը և այլն:
Ներկայում պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի բուժման հիմնական եղանակը լազերային բուժումն է, որի արդյունավետությունը, ըստ հեղինակների տվյալների, մինչև 67-85% է: Միշտ չէ, որ հաջողվում է լազերային բուժմամբ դրական արդյունք ստանալ, որի պարագայում հիվանդին կարող է օգնել վիրահատական բուժումը, ինչն առավել հաջողությամբ իրականացվում է այն դեպքերում, երբ նախավիրահատական շրջանում իրականացվել է պանռետինալ լազերակոագուլյացիա:
Մեր կլինիկայում մենք փորձում ենք լազերային բուժում իրականացնել նույնիսկ ծանր դեպքերում՝ հիմնվելով ինչպես համաշխարհային գրականության տվյալների, այնպես էլ սեփական փորձի վրա, որը թույլ է տալիս դրական արդյունք ստանալ երբեմն նույնիսկ անհեռանկարային թվացող դեպքերում:
Նմանատիպ հոդվածներ
-
Վատացել է լսողությունը. գուցե պատճառը ծծմբային խցա՞նն է
23 Օգոստոս 2021
-
Մկանային ցավեր ոտքերում
09 Հունվար 2023
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն