Լուրեր
Վահանաձև գեղձի վիրահատությունը անհապաղ չի իրականացվում.Արամ Չոմոյան
16 Հոկտեմբեր 2019 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա | Արամ Սամվելի Չոմոյան
Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների բարելավումը և մեր ազգաբնակչության բժշկական կենտրոններ դիմելիության բարձրացումը` նկատվում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների ընդհանուր քանակի աճ: Վերջին շրջանում հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնք «շտապ կամ անհապաղ» վիրահատվել են վահանաձեւ գեղձի հիվանդության կապակցությամբ: Ստորև այդ և այլ հաճախ հանդիպող հարցերի պատասխաններն են:
Ո՞ր դեպքերում վիրահատել:
Առաջին հերթին` քաղցկեղի ժամանակ: Երկրորդը` մեծ չափերի բարորակ հանգույցների (4 սմ և ավելի) կամ չափերով խիստ մեծացած գեղձի դեպքերում: Երրորդը` հարկ է վիրահատել երկարատև հիպերթիրեոզի (այսպես կոչված` թունավոր խպիպը) ժամանակ: Վերջինիս դեպքում վիրահատական բուժումը կատարվում է միայն այն ժամանակ, երբ սպառված են մնացած բոլոր այլ մեթոդները:
Վիրահատական բուժումից զատ, ի՞նչ այլ մեթոդներ կան:
Առաջին հերթին, նշանակվում է դեղորայքային բուժում: Եթե այն արդյունավետ չէ, հաջորդիվ, կատարվում է վահանաձև գեղձի ճառագայթում` ռադիոակտիվ յոդով: Եթե ռադիոակտիվ յոդով ճառագայթումը հակացուցված է կամ ոչ արդյունավետ, հետո միայն իրականացվում է վիրահատական բուժում:
Ի՞նչ վիրահատական մեթոդներ են կիրառվում:
Ներկայում առաջատար երկրներում նախապատվությունը տրվում է արմատական վիրահատություններին: Ըստ իրավիճակի` դրանք կարող են տարբեր լինել. հեմիթիրեոիդէկտոմիա (գեղձի մի կեսի հեռացում), թիրեոիդէկտոմիա (գեղձի ամբողջական հեռացում), թիրեոիդէկտոմիա + լիմֆադենէկտոմիա (գեղձի ամբողջական հեռացում և ավշահանգույցների հեռացում):
Ինչպե՞ս է ընտրվում, թե ո՞ր վիրահատությունն է անհրաժեշտ կատարել:
Նախատեսվող վիրահատական ծավալը որոշում է վիրաբույժը: Նախապես գնահատվում է, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը և կոնկրետ դեպքի համար ընտրում է օպտիմալ վիրահատական ծավալը, ինչը պետք է հիմնավորված լինի ժամանակակից ուղեցույցներով:
Որպես օրինակ. առկա է թունավոր խպիպ, ոչ վիրահատական բուժման մեթոդներն արդյունավետ չեն, ըստ էնդոկրինոլոգի` ցուցված է վիրահատական բուժում: Ի՞նչ է անհրաժեշտ անել:
Նման հիվանդները պահանջում են առանձնահատուկ ուշադրություն և նախապատրաստում: Պետք է ձգտել վիրահատությունն իրականացնել վահանաձև գեղձի նորմալ կամ նորմային մոտ ֆունկցիայի ֆոնի վրա:
Իսկ եթե վիրահատությունը շտա՞պ է:
Այն չի կարող շտապ իրականացվել:
Ինչպե՞ս է ախտորոշվում քաղցկեղը:
Վահանաձև գեղձի քաղցկեղի առայսօր գոյություն ունեցող լավագույն և անփոխարինելի ախտորոշիչ մեթոդը բարակասեղային ասպիրացիոն բիոփսիան է:
Կա՞ն այլընտրանքային հետազոտման մեթոդներ:
Չկան: Միակ այլընտրանքը կարող է լինել արյան մեջ կալցիտոնինի որոշումը, որը, սակայն, կարող է տեղեկատվական լինել միայն քիչ հանդիպող մեդուլյար քաղցկեղի դեպքում:
Կատարված պունկցիան հայտնաբերել է քաղցկեղ: Առաջարկում են շտապ կարգով վիրահատե՞լ:
Վահանաձև գեղձի որևէ վիրահատություն չի կարող շտապ լինել, միայն ու միայն` պլանային: Միաժամանակ, այն չի ենթադրում, որ կարելի է քաղցկեղ ախտորոշումով ամիսներ կամ տարիներ շարունակ պատրաստվել վիրահատության: Ամեն ինչ պետք է կատարվի խելամիտ ժամկետներում և առանց խուճապի: Հարկ է կրկնել, որ վահանաձև գեղձի վիրահատությունը, ցանկացած ախտորոշման դեպքում, որպես օրենք, պլանային է է, երբեք չի կարող լինել շտապ, առավել ևս` անհապաղ:
Չոմոյան Արամ Սամվելի, էնդոկրին վիրաբույժ
էնդոկրին վիրաբուժության ծառայություն
Նմանատիպ հոդվածներ
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
Վահանաձև գեղձի ուռուցքներ
27 Հուլիս 2021
-
Վահանաձև գեղձի նորագոյացությունները
05 Հոկտեմբեր 2022
-
Կայացավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ դասընթացը
19 Դեկտեմբեր 2019
-
Թունավոր խպիպ (զոբ)․ Արամ Սամվելի Չոմոյան
02 Հուլիս 2020
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն