Լուրեր
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ
17 Հունիս 2024 | Լուրեր | Սրտանոթաբանություն | Նոննա Նորայրի Ասատրյան
ՀՀ–ում 2–րդ անգամ կատարվել է սրտի ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտացիա . երիտասարդին այլևս վտանգ չի սպառնում
«Նաիրի» բժշկական կենտրոնում երիտասարդ պացիենտի կյանքը փրկելու նպատակով առաջարկել են կատարել սրտի ախտորոշիչ մինի համակարգի (Implantable Loop Recorder (ILR)) իմպլանտացիա։ Բուն իմպլանտացիան իրականացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ընդ որում, երիտասարդ տղան երկրորդ պացիենտն է Հայաստանում, ում տեղադրվել է ILR համակարգ։
Այն կաշխատի մի քանի ամիս, և հնարավորություն կտա բժիշկներին հաստատել տղայի ուշագնացության սրտային պատճառը։
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին «Նաիրի» ԲԿ–ից, 2000թ. ծնված Չ․Գ. –ն դիմել է բուժկենտրոն, գանգատվելով գլխապտույտից և ուշագնացության 3 դեպքից։ Սկզբում նա հետազոտվել է նյարդաբանի մոտ, բայց նյարդաբանական պաթոլոգիան ժխտվել է։
Այնուհետև տղային հետազոտել է բժիշկ– սրտաբան Նոննա Ասատրյանը։ Նա կատարել է սրտաբանական լայնածավալ համալիր հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, 24-ժամյա հոլթեր մոնիթորինգ, այնուհետև՝ 72-ժամյա հոլթեր մոնիթորինգ։
Սրտաբան Նոննա Ասատրյանի և առիթմոլոգ Էթերի Աֆրիկյանի կողմից կատարված կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է սրտի ռիթմի խանգարում, սինուսային հանգույցի թուլություն, սինոաթրիալ պաշարում տիպ 2` սինուսային դադարոներով, որոնցից ամենաերկարը տևել է 3․4 վայրկյան (քնի ժամանակ), որոնք էլ հենց հանդիսացել են տղայի ուշագնացության պատճառ։
Այս տեսակ սրտի ռիթմի խանգարումները շատ վտանգավոր են և բուժման հիմնական մեթոդը սրտի արհեստական ռիթմավար սարքի (pacemaker) իմպլանտացիան է։ Սակայն հաշվի առնելով այս պահին պացիենտի մոտ սրտի արհեստական ռիթմավար սարքի իմպլանտացիայի բացարձակ ցուցումների բացակայությունը, երիտասարդ տարիքը, գրանցված ուշագնացության փաստը և սինուսային դադարները՝ որոշվել է տեղադրել ILR համակարգ, և շարունակել հետևել երիտասարդի սրտի աշխատանքին՝ կյանքին սպառնացող վիճակները կանխելու նպատակով։ ILR–ի գրանցած տվյալների հիման վրա էլ, անհրաժեշտության դեպքում, կտեղադրվի ռիթմավար սարք։
Պացիենտը ուղեգրվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը տեղադրել է ILR մինի համակարգը։
Հավելենք, որ այս պաթոլոգիան երիտասարդների մոտ հազվադեպ է դրսևորվում, և միայն «Նաիրի» ԲԿ բժիշկների հմտության և զգոնության շնորհիվ հաջողվեց ճշգրիտ ախտորոշում կատարել և լուծում գտնել։ Ի դեպ, երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից է։
Նմանատիպ հոդվածներ
-
Ինչի՞ հետևանքով են առաջանում ուժեղ սրտխփոցի նոպաները
08 Մայիս 2020
-
Ինչո՞վ է սրտային հազը տարբերվում սովորական հազից
13 Մայիս 2020
-
Չափում ենք անոթազարկը. նորմա՞ թե շեղում
31 Հուլիս 2020
-
Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000
11 Փետրվար 2017
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն