Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Գրգռված աղու համախտանիշ

Հոդվածներ

Գրգռված աղու համախտանիշ

10 Սեպտեմբեր 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ

Գրգռված աղու համախտանիշն ախտանիշների խումբ է, որը կապված է հաստ աղու գործառույթների խանգարումների հետ՝ ներառյալ տարբեր աստիճանի արտահայտվածության որովայնային ցավեր, փորկապություն, փորլուծություն կամ դրանց հերթագայումներ, մեթեորիզմ և կղանքում լորձի առկայություն։

Գրգռված աղու համախտանիշ ախտորոշվում է, եթե պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանիշներից առնվազն 5-ը կամ ավելին.

  • տարիքը (20-40 տարեկան),
  • որովայնի փքվածություն կամ գերլարվածության զգացում,
  • ցավեր` որովայնում,
  • կղման ակտի խանգարում,
  • կղանքի ձևի փոփոխություն (կոշտ, գնդիկավոր, ոչխարի կղանքի տեսք),
  • ախտանիշների 6 ամսից ավելի տևողություն,
  • ճարպակալման հակվածություն,
  • ֆիզիկական զննման ժամանակ նորմայից շեղումների բացակայություն, թեև որովայնի շոշափման ժամանակ հնարավոր է որովայնի առաջային պատի զգայնության որոշակի բարձրացում և հաստ աղու սեգմենտների կծկանքային վիճակներ` հատկապես սիգմայի շրջանում։

Գրգռված հաստ աղու համախտանիշի համեմատաբար քիչ հանդիպող դրսևորումներն են.

  • կղանքում` լորձի առկայություն,
  • սրտխառնոց,
  • կանանց մոտ` սեռական խանգարումներ,
  • ցավեր` մեջքի շրջանում, ազդրերում կամ կրծքավանդակում,
  • հաճախացած միզարձակում,
  • դեպրեսիա։

Երբեմն գրգռված հաստ աղու համախտանիշը դրսևորվում է փորկապությամբ և լուծով։

Բուժումը

  • սննդակարգ,
  • դեղորայքային բուժում` պայմանավորված գործառույթային խանգարումների տեսակով,
  • հաստ աղու բարձր մկանային տոնուսի դեպքում (հաստ աղու կծկանքային դիսկինեզիա) ցուցված են միոգեն սպազմոլիտիկներ,
  • աղիների տոնուսի կարգավորման համար նշանակվում են պրոկինետիկներ,
  • փորկապությունների ժամանակ խորհուրդ է տրվում բուժումն սկսել ցորենի թեփի նշանակմամբ, իսկ արդյունավետության բացակայության դեպքում` օսմոտիկ լուծողականներ,
  • ավելցուկային մանրէային աճի և դիսբակտերիոզի դեպքում կիրառվում են էուբիոտիկներ և այլ պատրաստուկներ,
  • արտազատիչ գործառույթի անբավարարության ժամանակ կիրառվում են ֆերմենտներ,
  • նյարդահոգեկան գործունեության կարգավորման նպատակով՝ վերջինիս զգալի շեղումների դեպքում, կիրառվում է սեդատիվ բուժում։

Գրգռված հաստ աղու համախտանիշ հաճախ դիտվում է լեղաքարային և դիվերտիկուլյար հիվանդությունների, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի, կոլիտի և այլ հիվանդությունների ժամանակ։ Բուժման նշանակման դեպքում պետք է հաշվի առնել նաև ուղեկցող հիվանդությունները։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն