Լուրեր
Կայացավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ դասընթացը
19 Դեկտեմբեր 2019 | Լուրեր | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան
Դեկտեմբերի 14-ին և 15-ին Երևանում անցկացվեց «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ միջազգային ուսումնական դասընթացը։ Դասընթացը կազմակերպել էր «Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը՝ «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ համատեղ։ Դասընթացի ընթացքում դասախոսություններով հանդես եկան Հայաստանում և Ռուսաստանում վահանաձև գեղձի հիվանդություններով զբաղվող առաջատար մասնագետներ:
Նաիրի ԲԿ գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ Արամ Բադալյանը մեզ հետ զրույցում խոսեց միջոցառման նպատակի և դերի մասին։
««Վահանաձև գեղձի կովկասյան դպրոցը» մեր ամենամյա միջոցառումներից է։ Այն հարթակ է, որտեղ մասնագետները քննարկում են վահանաձև գեղձի հիվանդություններն ու կանխարգելման հնարավոր բոլոր ուղիները։ Այս միջոցառումը նպատակ ունի համախմբել Հայաստանի բոլոր շրջանների մասնագետներին՝ փորձի փոխանակման միջոցով կրթելու մեր հեռավոր մարզերում, գյուղերում աշխատող այն մասնագետներին, որոնք արտերկիր մեկնելու կամ տեղեկատվության այլ աղբյուր չունեն։
Կարևոր է նշել, որ Հայաստանը վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման ու կանխարգելման ուղղությամբ լուրջ քայլ է արել, այն է՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող Ռադիոիզոտոպային ախտորոշման կենտրոն է բացվել Էրեբունի ԲԿ-ում, որն այսօր տարածաշրջանում լավագույններից է, ինչը հիվանդությունների վերջնական բուժման հասնելու մեծ գրավական է»։
Ծրագրի ընթացքում դասախոսություններով հանդես եկան ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում վահանաձև գեղձի հիվանդություններով զբաղվող առաջատար մասնագետները:
Վահանաձև գեղձի հիվանդությունների դեմ պայքարում նմանատիպ դպրոցների դերի մասին խոսեցինք Ռուսաստանի առողջապահության նախարարության էդոկրինոլոգիայի հետազոտական կենտրոնի էնդոկրին օրգանների վիրաբուժության բաժնի գլխավոր գիտաշխատող, բ.գ.թ, վիրաբույժ-էնդոկրինոլոգ Վլադիմիր Վանուշկոյի հետ։
«Աշխարհում գործում են մի շարք միջազգային ասոցիացիաներ, որոնք պարբերաբար ուսումնասիրում են այն բոլոր մեթոդները, որոնցով կարելի է բուժել վահանաձև գեղձը։ Ամերիկյան կամ Եվրոպական տեխնոլոգիաների ասոցիացիաների հետազոտությունները դիտարկելիս պարզվում է, որ ուսումնասիրությունները որոշակի տարբերվում են միմյանցից: Մենք պետք է կարևորենք այդ հետազոտությունները, ուսումնասիրենք նրանց փորձը, և դրանց հիման վրա մշակենք մեր սեփական, ռազմավարական ծրագրերը։ Ահա ինչու եմ կարևորում նման միջոցառումները։
Բժշկությունը շատ արագ է զարգանում, ուստի հարկ է հնարավորին արագ վերջին նորություններն ու տեղեկատվությունը հասցնել մասնագետներին։ Բացի այդ, դպրոցը թույլ է տալիս խնդիրն ու թեման մեկնաբանել համակողմանի, դիտարկել հնարավոր բոլոր լուծումները և ընտրել լավագույնը»։
Նմանատիպ հոդվածներ
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
Վահանաձև գեղձի վիրահատությունը անհապաղ չի իրականացվում.Արամ Չոմոյան
16 Հոկտեմբեր 2019
-
Վահանաձև գեղձի ուռուցքներ
27 Հուլիս 2021
-
Վահանաձև գեղձի նորագոյացությունները
05 Հոկտեմբեր 2022
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն