Պացիենտի կրթություն

Ցիստիտ

Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քանч կանանց:

Ծագումնաբանությունն ու դրսևորումները

Ցիստիտով (միզապարկի բորբոքում) հիվանդացած մարդը գիտի, որ հիվանդության դրսևորումներն այնպիսի անհարմարություններ են պատճառում, որոնք պարզապես հնարավոր չէ անտեսել։ Նման իրավիճակը դրդում է, նույնիսկ, ամենաթեթևամիտ հիվանդին անհապաղ սկսել բուժումը։

Ցիստիտին բնորոշ է հաճախակի և ցավագին միզումը։ Որպես կանոն, հիվանդի ընդհանուր վիճակը չի վատթարանում։ Միայն աննշան կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը։ Մեզը, սովորաբար, դառնում է պղտոր, կարող են հայտնվել արյան հետքեր։ Երբեմն ցիստիտն ուղեկցվում է ցայլքոսկրի վերին հատվածի և մեջքի ստորին մասի ցավերով։ Պետք է ցիստիտը չշփոթել միզածորանների բորբոքման` ուրետրիտի հետ։ Ուրետրիտը դրսևորվում է միայն անհարմարության զգացողություններով, կամ` միզելու ժամանակ սուր ցավով։ Այս հիվանդությունները հաճախ զուգակցվում են։

Ցիստիտը կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներից։ Այս հիվանդության արագ և արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պարզել նրա ծագումնաբանական գործոնը, թեև, ինչպես փորձը ցույց է տալիս, դա միշտ չէ, որ հաջողվում է։

Պայմանականորեն, ցիստիտը կարելի է բաժանել երկու խմբի` վարակիչ և ոչ վարակիչ։ Վերջինս կարող է ագրեսիվ քիմիական նյութերի ներգործման արդյունք լինել, օրինակ, փոքր կոնքի օրգանների ուռուցքների ռադիոթերապիայի ընթացքում, միզապարկի ճառագայթման (ճառագայթային ցիստիտ) հետևանքով, բարձր դեղաչափերով դեղորայքի ընդունման (այսպես կոչված դեղորայքային ցիստիտ), կծու կերակուրների և ոգելից խմիչքների օգտագործման դեպքերում։ Պատշաճ բուժման բացակայության դեպքում մեծավ մասամբ ոչ վարակիչ բորբոքային գործընթացին միանում է վարակը, որի հարուցիչներն են` բազմաթիվ միկրոօրգանիզմներ, այդ թվում` աղիքային ցուպիկը, պրոթեյը, էնտերոկոկերը, ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման և գոնոկոկերը։ Այն փաստը, որ ցիստիտով հիվանդանում են հիմնականում կանայք, պայմանավորված է միզասեռական համակարգի կենսաբանական կառուցվածքի առանձնահատկություններով։ Կարճ ու լայն միզուկը մոտ է հեշտոցին և ուղիղ աղիքին, ինչը հաճախ նպաստում է ախտածին միկրոօրգանիզմների ներթափանցմանը` միզապարկ։

Վարակիչ ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսքի խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, քարային հիվանդությամբ, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն