Պացիենտի կրթություն

Վարիկոզ հիվանդություն

Երակների լայնացումները (վարիկոզ)` հաճախ հանդիպող ախտաբանական գործընթաց է, որի ժամանակ ախտահարվում են երակները, առաջանում են «հանգույցներ»: Այս գործընթացների արդյունքում ի հայտ է գալիս երակների փականների աշխատանքի, ինչպես նաև վերջույթների, կերակրափողի, փոքր կոնքի օրգանների, ուղիղ աղիքի արյան հոսքի խանգարումներ: Ավելի հաճախ հանդիպում են ստորին վերջույթների վարիկոզ լայնացումներ, որոնց դեպքում ի հայտ է գալիս ոտքերում` ծանրության զգացում, մաշկի տակից արտահայտվում են երակները, երակային ցանցեր են ձևավորում, այտուցվում են ծնկներն ու ոտնաթաթերը, փոխվում է մաշկի գույնը և այլն:

Վարիկոզ հիվանդության բուժման ոչ ինվազիվ լազերային մեթոդի հիմնական առավելություններից են կոսմետիկ և բժշկական բարձր արդյունքները և վերականգման կարճ ժամանակահատվածը:

Երակների վարիկոզ լայնացումները ինքնուրույն չեն բուժվում, ավելին, զարգանալով` կարող են հանգեցնել լուրջ ու ծանր բարդությունների:

Վարիկոզի առավել տարածված բարդություններից են.

Երակային թրոմբոզը (ֆլեբոթրոմբոզ) վարիկոզի լուրջ բարդություններից է, որը կտրուկ վատացնում է հիվանդի ընդհանուր վիճակը, իսկ երբեմն թոքային զարկերակում թրոմբոէմբոլիայի առաջացման պատճառով (թրոմբի տարանջատումը և հայտնվելը` սրտում) հասցնում են մահվան: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը ժամանակին բժշկի չդիմելը կամ էլ բժշկի ցուցումներին չհետևելն է:

Թրոմբոֆլեբիտը մակերեսային երակների բորբոքումն է: Մակերեսային թրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր տարբերակը, այսպես կոչված, «վերընթաց թրոմբոֆլեբիտն» է: Այն զարգանում է ժամանակին բժշկի չդիմելու պատճառով և, շատ հաճախ, պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն:

Տրոֆիկ խանգարումները և տրոֆիկ խոցերը, բուժման բացակայության դեպքում, վարիկոզ հիվանդության անխուսափելի հետևանքներից են: Տրոֆիկ խոցերին բնորոշ են հյուսվածքների սնուցման խանգարումները, բորբոքային գործընթացները, մաշկի գույնի մգացումը` հետագայում տրոֆիկ խոցերի ձևավորմամբ (այսպիսի տրոֆիկ խոցերը դիմացկուն են բուժման հանդեպ, լավացման գործընթացը շատ դանդաղ է ընթանում):

Վարիկոզ երակներից արյունահոսությունը լուրջ, իսկ երբեմն էլ` կյանքի համար վտանգավոր, վարիկոզ հիվանդության բարդություննրից է: Բավականին երկար ժամանակ գոյություն ունեցող վարիկոզ երակների տարածքի վրայի մաշկը բարակում է, և նույնիսկ ամենափոքր վնասվածքը կարող է բերել արյունահոսության:

Հիվանդը որքան շուտ դիմի բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը, այնքան արագ ու արդյունավետ կլուծվի խնդիրը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն