Պացիենտի կրթություն
Թոքային սիրտ
Ըստ ԱՀԿ փորձագետների սահմանման (1961)` թոքային սիրտն աջ փորոքի գերաճն է (աջ փորոքի լայնացման հետ կամ` առանց դրա), որը զարգանում է թոքերի ֆունկցիան և (կամ) կառուցվածքն ախտահարող հիվանդությունների արդյունքում` բացառությամբ այն դեպքերի, երբ թոքերի նշված փոփոխությունները հետևանք են սրտի ձախ հատվածների առաջնային ախտահարման կամ սրտի բնածին արատների։
Ներկայում «քրոնիկական թոքային սիրտ» հասկացողության տակ ենթադրվում է թոքերի օբստրուկտիվ կամ ռեստրիկտիվ ախտաբանությամբ պայմանավորված թոքային հիպերտենզիան` զուգակցված աջ փորոքի գերաճի, լայնացման, աջ և ձախ փորոքների դիսֆունկցիայի հետ: Դրանք առաջանում են քրոնիկական հիպօքսիայով ընթացող բրոնխաթոքային համակարգի ախտաբանության ժամանակ` թոքերի ֆունկցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների, թոքերի անոթների էնդոթելի դիսֆունկցիայի և նյարդահումորալ խանգարումների հետևանքով։
Սրտային անբավարարության, հաշմանդամության և մահացության պատճառների շարքում թոքային սիրտը 4-րդ տեղում է` աթերոսկլերոզից, զարկերակային հիպերտենզիայից և ռևմատիզմից հետո։
Քրոնիկական թոքային սրտի պատճառը 80-90% դեպքերում թոքերի քրոնիկական հիվանդություններն են, որոնք հաճախ ընթանում են թոքային հիպերտենզիայով։ Թոքային հիպերտենզիայի ի հայտ գալն արագացնում է թոքային հիվանդության ախտընթացքը` մոտավորապես 8-10 տարում հանգեցնելով դեկոմպենսացիայի և մահացու ելքի։ Ընդ որում, հիվանդների մոտ 2/3-րդը մահանում է դեկոմպենսացիայի ի հայտ գալուց 1-5 տարի անց։ Մահացու ելքի հաճախակի պատճառը սրտային անբավարարությունն է (30-37%)։
Դասակարգումը
Ըստ թոքային սրտի պատճառների` առանձնացվում է 3 խումբ հիվանդություններ (ԱՀԿ, 1960):
Առաջին խմբի հիվանդություններն առաջնակիորեն ազդում են թոքերում և ալվեոլներում օդի հոսքին (թոքային սրտի բրոնխաթոքային ծագում)։ Դրանցից են քրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտը, բրոնխային ասթման, թոքերի էմֆիզեման, պնևմոսկլերոզը, թոքերի ռեստրիկտիվ հիվանդությունները, տուբերկուլոզը, պնևմոկոնիոզները, բրոնխէկտատիկ հիվանդությունը, թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզը, սարկոիդոզը, բերիլոզը, էոզինոֆիլային գրանուլեմատոզը և այլն։
Երկրորդ խմբի հիվանդություններն առաջնակիորեն ազդում են կրծքավանդակի շարժունակության վրա (թոք-ստոծանային ծագում). կիֆոսկոլիոզ և կրծքավանդակի ու ողնաշարի այլ ձևախախտումներ (դեֆորմացիաներ), պլևրալ ֆիբրոզ, քրոնիկական նյարդամկանային հիվանդություններ (օրինակ` պոլիոմիելիտ), ալվեոլային հիպովենտիլյացիա, այդ թվում` իդիոպաթիկ և թորակոպլաստիկայից հետո, թոքերի պոլիկիստոզ, ճարպակալում։
Երրորդ խմբի հիվանդություններն առաջնակիորեն ախտահարում են թոքային անոթները (անոթային ծագում). առաջնային թոքային հիպերտենզիա, հանգուցավոր պոլիարտերիիտ և այլ արտերիիտներ, թրոմբոզներ և էմբոլիաներ, թոքային զարկերակի ցողունի և թոքային երակների սեղմում` միջնորմի ուռուցքներով և անևրիզմով, թոքի մասնահատում և այլն։
Ըստ Բ.Ե. Վոտչալի (1964)` տարբերում են նաև քրոնիկական թոքային սրտի 2 շրջան. կոմպենսացիա և դեկոմպենսացիա։
Հանրամատչելի Հոդվածներ
-
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Հիվանդություններ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն