Главная / Новости / Մկանային ցավեր ոտքերում

Новости

Մկանային ցավեր ոտքերում

09 Январь 2023 | Новости | Ортопедия и травматология, "Кокса" клиника

Ուղիղ քայլելու բնական առանձնահատկությունը, որը բնորոշ չէ մյուս կենդանիներին, մարդու մոտ բերել է հենաշարժիչ համակարգի` վերջույթների արյունատար համակարգի փոփոխության։ Այդ պատճառով արդեն երիտասարդ տարիքում շատերը նկատում են, որ հաճախ են ոտքերի մկանները ցավում կամ առաջանում այլ տհաճ ախտանիշներ։ Դրանք չի կարելի անտեսել, այլապես կարող են առաջանալ ծանր ախտաբանություններ, որոնք պահանջում են թանկարժեք բուժում։ Ուղիղ քայլելու հետ կապված հիվանդագին խնդիրներ առաջացնող պատճառները բազմաթիվ են:

Ցավ ոտքերում` քայլքի ժամանակ

Եթե տեղաշարժվելն ուղեկցվում է ոտքերի մկանային ցավերով, պատճառը կարող է լինել անոթների ախտաբանությունը։ Տարեցների մոտ հաճախ զարգանում է ազդրային զարկերակների աթերոսկլերոզ. հիվանդություն, որի ժամանակ խոլեսթերինի տարբեր տեսակների հավասարակշռության խանգարման հետևանքով անոթների պատերում կուտակվում են ճարպային վահանիկներ։ Դրանք աստիճանաբար նվազեցնում են զարկերակների լուսանցքը և դանդաղեցնում նրանցով արյան հոսքը։

Աթերոսկլերոզի ախտանիշները դրսևորվում են քայլքի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Դեպի մկաններ արյան հոսքի խանգարման հետևանքով ազդրի շրջանում ուժեղ ցավեր են առաջանում։ Մարդն սկսում է կաղալ կամ ստիպված կանգ է առնում։ Որոշ ժամանակ կանգնելուց հետո ցավն աստիճանաբար անցնում է։ Սակայն հիվանդությունը մշտապես հարաճում է և բուժման բացակայության դեպքում բերում է ծանր բարդությունների առաջացման։

Չափավոր քայլքի ժամանակ ոտքերը պետք է շատ չհոգնեն։ Սակայն հարթաթաթության ժամանակ ծանրաբեռնվածությունը հենաշարժիչ համակարգի վրա վերաբաշխվում է, և այն սկսում է սխալ գործել։ Այդ պատճառով դյուրհոգնելիություն է զարգանում, երբեմն՝ ցավ ծնկներում, կոնքազդրային հոդում, իսկ օրվա վերջում՝ կապարային ծանրություն։ Հարթաթաթության առաջացման ռիսկը բարձր է շարակցական հյուսվածքի համակարգային ախտաբանությամբ մարդկանց մոտ, ավելորդ քաշի դեպքում, ինչպես նաև կանանց մոտ` հղիությունից հետո ։

Ստորին վերջույթների վրա ազդում է նաև ողնաշարի գոտկային հատվածի վիճակը։ Այստեղից են դուրս գալիս խոշոր նյարդերը, որոնք անցնում են ազդրի հետին մակերևույթով դեպի ենթածնկային փոսիկ և ձկնանման մկաններ։ Օստեոխոնդրոզի դեպքում նյարդային վերջավորությունները ճմլվում են, ձգող բնույթի ցավ է առաջանում` հետույքի ստորին մասից մինչև սրունք։ Երբեմն դա տեղի է ունենում կոնքում տեղակայված տանձանման մկանի սպազմի հետևանքով։

Մարզումներից հետո առաջացած ոտքերի ցավի պատճառը կարող է լինել ծանրաբեռնվածության սխալ ընտրված մակարդակը, հաճախակի պարապմունքները կամ ոչ մեծ վնասվածքները։ Ցավային զգացողությունները, որոնք առաջանում են մի քանի ժամ անց կամ հաջորդ օրը, մկանային բջիջների վերականգնման բնական գործընթացի արդյունք են։ Նրանցում կուտակված կաթնաթթուն գրգռում է ցավային ռեցեպտորները և տհաճ զգացողություններ առաջացնում։ Աստիճանաբար այն դուրս է բերվում, և վիճակը բարելավվում է։

Ոտքերի նվվացող ցավի պատճառներն ու ախտանիշները

Ստորին վերջույթների ձգող, նվվացող ցավի պատճառ կարող են լինել հետևյալ գործոնները․

  • երակների վարիկոզ լայնացում,
  • արթրիտ կամ արթրոզ,
  • միոզիտ,
  • միկրոտարրերի անբավարարություն։

Երակները չեն կարող ինքնուրույն կծկվել, այդ պատճառով արյունը նրանցով հոսում է ոտքի մկանների աշխատանքի և ներշնչման ժամանակ կրծքավանդակում առաջացած բացասական ճնշման շնորհիվ։ Հետադարձ հոսքին խոչընդոտում են երակային փականները։ Դրանց լիարժեք չփակվելու դեպքում արյունը կուտակվում է անոթներում, ճնշում վերջինների պատերին և աստիճանաբար լայնացնում դրանք։ Մաշկի տակ սկզբում երևում են մանր մազանոթներ՝ աստղիկների ձևով, իսկ ավելի ուշ երևում են կապույտ երակները։

Վարիկոզի զարգացման ռիսկը կանանց մոտ բարձր է հղիության ընթացքում, ինչպես նաև նստած կամ կանգնած աշխատանքի, անբավարար ֆիզիկական ծանրաբեռնվածության, ավելորդ քաշի դեպքերում։ Կախված հիվանդության զարգացման փուլից՝ վարիկոզի ախտանիշներն են՝

  • օրվա վերջում` ոտքերում ծանրության և ճնշվածության զգացում,
  • մինչև ծնկներ հասնող այտուցներ,
  • ձկնամկանների ցնցումներ,
  • սրունքների մաշկի չորություն, մազաթափություն,
  • ոտնաթաթերի սնկային վարակի միացում,
  • անոթային աստղիկներ,
  • երևացող երակներ,
  • ոտքերի վրա խոցերի առաջացում։

Եթե մկանները ձգվում են, քնի ժամանակ ցնցումներ կամ ցավոտ կծկանքներ են առաջանում, հնարավոր է պատճառը լինի կալիումի և կալցիումի անբավարարությունը։ Այս միկրոտարրերն անհրաժեշտ են մկանաթելերի կրճատման և թուլացման համար։ Այդ պակասը կարող է առաջանալ հղիների մոտ, ինչպես նաև սխալ սնուցման արդյունքում։

Ձկնամկանների ցավի լուրջ պատճառներից է միոզիտը։ Առաջացման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն նպաստող գործոններ կարող են լինել վիրուսային վարակները, վնասվածքները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս դեպքում ձկնամկաններն աստիճանաբար այտուցվում են և չափերով մեծանում, ի ահյտ են գալիս կարծր հանգույցներ, առաջացնում է ցավ։ Մաշկն այդ հատվածում կարմրում է, երբեմն մի քանի օր կարող է լինել դող և մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

Եթե ցավը տեղակայվում է ծնկան, ազդրի շրջանում և առաջանում է երկարատև քայլքից հետո, այն կարող է արթրոզի՝ խոշոր հոդերի քրոնիկ դեգեներատիվ հիվանդության նշան լինել։ Հազվադեպ այդ հոդերն ախտահարվում են (արթրիտ)՝ կապված հոդային աճառի նկատմամբ հակամարմինների առաջացման հետ։ Վերջիններիս առաջացման պատճառը հստակ հայտնի չէ։ Այս դեպքում ցավոտությունն ուղեկցվում է կարմրությամբ, այտուցով, իսկ առավոտյան արթնանալուց հետո կարկամության պատճառով հնարավոր չէ քայլ անել։

Պացիենտների հետազոտումը

Ծնկան, ազդրի կամ ձկնամկանների շրջանում ցավի առաջացման դեպքում պետք է դիմել թերապևտի։ Նա կիրականացնի առաջնային զննում և, անհրաժեշտության դեպքում, կուղեգրի համապատասխան մասնագետի մոտ։ Երակների վարիկոզ լայնացման դեպքում անհրաժեշտ է երակաբանի խորհրդատվություն։ Վերջնական ախտորոշման համար մեկ զննումն անբավարար է։ Բժիշկն իրականացնում է երակների ՈՈՁՀ՝ արյան հոսքի և անոթային պատերի փոփոխությունները հայտնաբերելու նպատակով։

Հոդերի հիվանդություններով, հարթաթաթությամբ տառապող հիվանդների հետազոտմամբ և բուժմամբ զբաղվում է վնասվածքաբան-օրթոպեդը։ Ախտորոշման նպատակով անհրաժեշտ է իրականացնել.

  • հոդերի ՈՒՁՀ, որն արագ և անցավ գործողություն է, հնարավորություն է տալիս գնահատել բորբոքման արտահայտվածությունը, հոդաճեղքի լուսանցքի և աճառի մակերևույթի փոփոխությունները,
  • ռենտգենագրաֆիա․ նորմայից շեղումներ հայտնաբերելու համար ստանում են մի քանի պրոյեկցիաներով պատկերներ, հաճախ կանանց մոտ արթրիտի ժամանակ դիտվում է ոսկրի նոսրացում՝ օստեոպորոզ,
  • ՄՌՏ․ կիրառվում է բարդ դեպքերում` հենաշարժիչ համակարգի առանձին մասերը մանրամասն զննելու համար։

Ստորին վերջույթների աթերոսկլերոզի կասկածի դեպքում իրականացվում է անգիոգրաֆիա։ Ազդրի զարկերակի մեջ ներմուծվում է ռենտգեն կոնտրաստ նյութ, և մի քանի րոպե հետո ստանում են պատկեր։ Վերջինիս վրա հնարավոր է տեսնել նեղացած հատվածները և խցանման աստիճանը՝ բուժման մեթոդն ընտրելու համար։ Ախտորոշման նմանատիպ եղանակ իրականացվում է ֆլեբոթրոմբոզի կասկածի դեպքում, սակայն կոնտրաստն այս դեպքում ներմուծվում է ոտքի երակի մեջ։

Պացիենտի վիճակի հստակեցման նպատակով նշանակվում են արյան հետազոտություններ։ Արթրիտի, միոզիտի դեպքում արյան ընդհանուր քննությամբ հնարավոր են բորբոքման նշաններ՝ ԷՆԱ-ի, նեյտրոֆիլների ավելացում։ Երբեմն պահանջվում է նաև արյան կենսաքիմիական հետազոտություն։

Ոտքերի ցավի բուժումը

Բուժման մեթոդը բժիշկն ընտրում է անհատապես՝ հաշվի առնելով ախտանիշի առաջացման պատճառը։ Եթե արթրիտ կամ արթրոզ է ախտորոշվել, բորբոքման նվազեցման նպատակով կիրառվում են ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ։ Ծանր դեպքերում այս դեղերը չեն օգնում և հիվանդությունը հարաճում է։ Այս դեպքում նշանակում են գլյուկոկորտիկոիդ հորմոններ։

Դեղորայքային բուժումը լրացնում են մարզումներով։ Այն պետք է իրականացնի բուժական ֆիզկուլտուրայի բժիշկը, ով կընտրի համապատասխան վարժություններ՝ առանց վերջույթները ծանրաբեռնելու։

Միոզիտի բուժման համար նույնպես կիրառվում են ցավազրկող միջոցներ, սակայն վարակի միացման դեպքում հնարավոր է հակաբիոտիկների կարիք լինի։

Եթե վարիկոզի ժամանակ կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է կամ հիվանդը դիմել է բարձիթողի փուլում, բժիշկն առաջարկում է նվազ միջամտական վիրահատական բուժում․

  • սկլերոթերապիա,
  • լազերային աբլացիա,
  • կրիոաբլացիա,
  • ռադիոալիքային սկլերոզացում։

Ինչ անել, եթե ցավում են ոտքերի մկանները

Երբեմն ոտքերի ցավը կարելի է վերացնել հասարակ մեթոդներով։ Նրանց համար, ովքեր տառապում են ծնկային հոդի բորբոքմամբ, սակայն ցանկանում են շարունակել մարզումները և սպորտային պարապմունքները, գոյություն ունեն հատուկ ծնկակալներ և բանդաժներ։ Սահմանափակվում է պարապմունքների ինտենսիվությունը, իսկ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել խորը կքանստումներից, վազքից, իսկ մարզումներն իրականացնել միջին տեմպով։

Եթե վերջույթների խնդիրները կապված են օստեոխոնդրոզի հետ, կարելի է մեջքը պահող կորսետ կրել։

Եթե լիարժեք պարապմունքների ժամանակ չկա, իսկ աշխատանքի մեծ մասը նստած եք անցկացնում, կարելի է հասարակ վարժություններ անել․

  • կանգնած վիճակում կրունկից ոտնաթաթ տեղաշարժվել,
  • ոտքերով մատիտների խուրձ գլորել հատակին,
  • ոտքերը դրեք հենարանին և դեպի Ձեզ ձգեք ոտնաթաթերը,
  • պառկեք մեջքի վրա և ծալված ոտքերը օդում շարժեք այնպես, ինչպես հեծանիվ քշելիս։

Վերջույթների երակների բեռնաթափմանը և մկանների մարզմանը նպաստում է գնդակի տեղափոխումը ձախից աջ՝ այն պահելով ոտնաթաթերով։

Հղիության ժամանակ նույնպես կարելի է այդպիսի վարժություններ կատարել, սակայն զգուշությամբ՝ առանց որովայնի մկանները լարելու։ Ցնցումները վերացնելու համար կարող են պահանջվել վիտամինահանքային համալիրներ, որոնք պարունակում են կալիում, կալցիում, վիտամիններ։

Ինչպես բուժել ոտքերում ծանրության զգացումը

Եթե հիմնական ախտանիշը ծանրության զգացումն է, այն կարելի է բուժել հատուկ կոմպրեսիոն սպիտակեղենի օգնությամբ։ Դրանք գուլպաներ են, զուգագուլպաներ, գոլֆեր, որոնք պատրաստված են հատուկ հյուսվածքից, ճնշում են վերջույթների մկանների վրա և ուժեղացնում են երակային հոսքը՝ պահելով անոթների տոնուսը։ Կոմպրեսիոն սպիտակեղենը տարբերվում է էլաստիկության աստիճանով, այդ պատճառով այն պետք է ընտրի ֆլեբոլոգը՝ մանրամասն հետազոտելուց հետո։

Հղիները կարող են գուլպաներ և զուգագուլպաներ կրել, նրանց համար հատուկ մշակված են ցածր գոտկատեղով մոդելներ, որոնք որովայնը չեն ճնշում։ Այդպիսի սպիտակեղենը կրում են արթնանալուց անմիջապես հետո։ Այդ ժամանակ երակների լեցումը արյունով նվազագույնն է։ Զուգագուլպաները և գուլպաները կրում են ամբողջ օրը։

Անոթների վրա որոշ ճնշման ուժի շնորհիվ նվազում է սրունքների այտուցը, ծանրության զգացումը։ Այն վարիկոզը չի վերացնում, սակայն կանխում է վերջինիս հարաճումը և ժամանակ տալիս ավելի լուրջ բուժման նախապատրաստվելու համար։



Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку