Главная / Новости / Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ

Новости

Միայն «Նաիրի» ԲԿ-ում գանգոսկրերի դեֆեկտների վերացում` տիտանե թիթեղի օգտագործմամբ

05 Март 2019 | Новости | Нервная система (хирургия головы и спинного мозга) | Арман Паргевович Акопян

Նորագույն մեթոդով գանգոսկրի դեֆեկտների բուժման հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Նաիրի» ԲԿ Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի հետ:

– Ինչպե՞ս են առաջանում գանգոսկրի դեֆեկտները:

– Գանգոսկրի դեֆեկտները, սովորաբար, լինում են հրազենային կամ վնասվածքային ախտահարումներից հետո, որոնց կապակցությամբ իրականացված վիրահատություններից հետո հաճախ առաջանում է գանգոսկրի մեծ չափերի դեֆեկտ: Գանգոսկրի և ուղեղանյութի վնասումից հետո տվյալ տեղում առաջանում է դատարկ տարածություն, ինչն առաջացնում է բավականին արտահայտված տձևություն, էսթետիկ դեֆեկտ: Երբեմն մարդու տեսքը գրեթե սարսափելի է գանգոսկրային դեֆեկտների պատճառով, նրանք ստիպված խուսափում են հասարակությունից, շփումներից, և մշտապես գլխարկ են կրում:

Գանգոսկրի դեֆեկտները վերացնող վիրահատությունները նորություն չեն, տասնյակ տարիներ իրականացվել են նման վիրահատություններ, սակայն արդյունքները միշտ չէ, որ գոհացրել են հիվանդներին: Վիրահատության ժամանակ ձեռքով ստանալ գանգի կորությանը և կառուցվածքին համապատասխան բացակայող ոսկրին փոխարինող կտոր, գործնականում հնարավոր չէ` հատկապես մեծ չափերի հասնող դեֆեկտների դեպքում: Այդ է պատճառը, որ վիրահատություններից հետո հիվանդների էսթետիկ տեսքը դարձյալ գնահատվում է անբավարար:

Ստեղծված իրավիճակը սկիզբ դրեց նոր ճյուղի զարգացմանը, որը կոչվում է գանգոսկրերի վիրահատություն` 3D ձևավորված տիտանե թիթեղով:

– Ինչո՞ւմն է կայանում այս վիրահատության էությունը և ինչո՞վ է տարբերվում նախորդ մեթոդներից:

Նախքան վիրահատությունը, գլխի համակարգչային շերտագրության տվյալների հիման վրա, հատուկ ծրագրավորմամբ, ձևավորվում և պատրաստվում է պացիենտի գանգին բնորոշ պլաստմասե կաղապար: Երկրորդ էտապում պատրաստվում է դեֆեկտի չափերը, ձևը, կորությունն ունեցող տիտանե թիթեղ: Վիրահատության ժամանակ արդեն ձևավորված և պատրաստված թիթեղը բավականին հեշտությամբ տեղադրվում է դեֆեկտի տեղում և փակվում փափուկ հյուսվածքով:

Մեթոդի իրականացման գործընթացին նպաստող է ո՛չ միայն 3D մոդելավորման առավելությունը, որը թույլ է տալիս ապահովել սիմետրիա, այլ նաև տիտանե թիթեղի կիրառումը: Նախքան այս մեթոդի կիրառումը գանգի ոսկրերի դեֆեկտը փակվում էր պլաստմասե կաղապարով, որի դեպքում անհրաժեշտություն էր առաջանում իմպլանտի տեղադրման տեղում ձևավորել գանգոսկրերի խորությանը համարժեք տարածություն, որպեսզի այն հավասար լինի ոսկրերին: Դա նշանակում է, որ վիրաբույժն, ակամա, պետք է գործ ունենա գլխուղեղի հետ և իր գործողություններով ոչ ցանկալի ճնշում գործադրի նրա վրա:


Տիտանե թիթեղի պարագայում, որը շատ բարակ է (0.5մմ հաստություն), այլևս անհրաժեշտություն չի լինում տրեպանացիոն անցքում առանձնացնել ոսկրային եզրերը, այսինքն, թիթեղը տեղադրվում է ոսկրերի վրա: Դրա շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը, բացառվում է ուղեղի ճնշման հնարավորությունը:

Այսպիսով, տիտանե թիթեղի օգտագործումը գանգոսկրի վիրահատության ժամանակ ունի մի շարք առավելություններ. առաջինը` 3D մոդելավորումն ապահովում է սիմետրիան և հետվիրահատական տեսքը, երկրորդը՝ կրճատվում է վիրահատության ժամանակահատվածը, երրորդը` հնարավոր է խուսափել հետվիրահատական բարդություններից, ինչպիսին է, օրինակ, տրեպանացիոն անցքում տեղադրված իմպլանտով գլխուղեղի սեղմումը:

Հարկ է նշել նաև, որ տիտանը, որպես ամենաիներտ մետաղ, մարդու օրգանիզմի կողմից առավել ընդունելի է: Առայսօր որևէ դեպք չի եղել, որ տեղադրված տիտանե թիթեղն օրգանիզմի կողմից չընդունվի:

Հիվանդները, սովորաբար, վիրահատության հաջորդ օրն սկսում են քայլել և 3 օրից դուրս են գրվում` մեկ շաբաթ մնալով հսկողության տակ:

– Ինչպե՞ս է մեթոդը ներդրվել մեր երկրում:

– Վիրահատական այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ կատարվել է իմ կողմից՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, որը ներկայում միակ կենտրոնն է, որտեղ հնարավոր է այն իրականացնել:

Տիտանե թիթեղների ձեռքբերման համար մշակել ենք անհրաժեշտ փոխգործունեություն արտերկրի գործընկերների հետ:

– Մեթոդի կիրառմանը վերաբերող ի՞նչ հաջողություններ ունեք:

– Ուրախալի է, որ արդեն իրականացվել է վեց վիրահատություն: Բոլոր կլինիկական դեպքերում պացիենտները երիտասարդ տղաներ էին, ովքեր հաշմանդամություն էին ստացել զինծառայության ընթացքում: Նրանք ապրիլյան պատերազմի և այլ պատճառներով ծառայության ընթացքում վիրավորված զինվորներ են, ովքեր նախնական վիրահատվել են, ապա` զորացրվել, սակայն նրանց մոտ առաջացել են հետվիրահատական բավականին մեծ չափերի գանգոսկրի դեֆեկտներ: Մենք կարողացել ենք իրականացնել դեֆեկտի վերացմանն ուղղված վիրահատություններ:

Շատ կարևոր և ուրախալի փաստ է նաև այն, որ պետությունը հոգում է այդ ծախսերը, քանի որ դա բավականին թանկարժեք վիրահատություն է:

Այս մեթոդի՝ մեզ մոտ ներդրման կարևորությունը նրանում է, որ պետական ծախսեր են կրճատվել: 2016-ին նման հիվանդի բուժումը Հայաստանում հնարավոր չէր, և կառավարության որոշմամբ Գերմանիայում մեկ զինվորի վիրահատման համար 30 մլն դրամ էր հատկացվել: Այժմ 30 մլն դրամով կարող ենք կատարել15 վիրահատություն: Մեր գնացուցակով վիրահատությունը 2 մլն 300 հազար դրամ է:

Ունեմ շատ հետաքրքիր դիտարկում. բժշկական տեսանկյունից դժվար է հիմնավորել և բացատրել. վիրահատությունից հետո նկատվում է ակնհայտ դրական դինամիկա ո՛չ միայն էստեթիկ, այլև որոշ ֆունկցիաների մասնակի վերականգնման տեսանկյունից՝ հիվանդները սկսում են շարժել ոտքը կամ ձեռքը, սկսում են խոսել: Գուցե գործում է հոգեբանական գործոնը՝ գնահատված լինելը պետության կողմից:



Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку