Home / General articles / Covid-19-ը հղիության ժամանակ. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

Articles

Covid-19-ը հղիության ժամանակ. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

08 July 2021 | General articles | Gynecology and Women's Health

Ըստ համաճարակաբանության, վիրուսաբանության տվյալների՝ Covid-19-ի փոխանցումն ու ախտանիշները հղիների մոտ ընթանում են առանց առանձնահատկությունների՝ ինչպես բոլորի մոտ։

Նախածննդյան ուղղահայաց փոխանցման ռիսկը շատ ցածր է, իսկ կրծքի կաթով փոխանցումը՝ քիչ հավանական։

Հղի կանանց հետազոտման ալգորիթմը նման է առողջ մարդկանց հետազոտման ալգորիթմին։

Բոլոր հղիները պետք է հետևեն Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Covid-19-ի կանխարգելման ուղեցույցներին և նախազգուշական միջոցներ ձեռնարկեն վիրուսի հետ շփման ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով (սոցիալական հեռավորություն, ձեռքերի հաճախակի լվացում, փակ տարածքներում և շփման ժամանակ պաշտպանական միջոցների կիրառում)։

Շփումը նվազագույնի հասցնելու նպատակով որոշ խորհրդատվություններ կարող են իրականացվել հեռախոսով, իսկ մինչծննդաբերական այցերը, լաբորատոր հետազոտությունները և ՈՒՁՀ-ն պետք է իրականացվեն նույն օրը։

Քանի որ հղիության ժամանակ իմունիտետն ընկճվում է և դա նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է, որը մոր օրգանիզմին թույլ է տալիս զարգացող երեխային որպես օտար օբյեկտ չընկալել, հղիներն ավելի խոցելի են դառնում վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Հենց այդ պատճառով վիրուսային վարակի ցանկացած դրսևորման ժամանակ անհրաժեշտ է բացառել վիրուսային թոքաբորբը։

Միանվագ ռենտգեն հետազոտությունը (0,0005-0,01mGr չափաբաժնով) կամ համակարգչային շերտագրությունը (0,01-0,66mGr) հղիների համար ռենտգեն ճառագայթման անվտանգ չափաբաժին են։

Վիրուսային թոքաբորբի ժամանակ անհրաժեշտ է հիվանդ հղիի մեկուսացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։

Թոքաբորբի բացակայության դեպքում բուժումն իրականացվում է բոլոր շնչական վիրուսային վարակների բուժման սկզբունքների հիման վրա՝ առատ հեղուկներ, բարձր ջերմության դեպքում ջերմիջեցնող պատրաստուկներ։

Պտղի վիճակի գնահատման համար հղիության 28 շաբաթականից մեծ ժամկետների դեպքում կիրառվում է ԿՏԳ, պտղի աճի տեմպը վերահսկելու համար՝ ՈՒՁՀ և դոպլերոմետրիա հաջորդող մոնիտորինգով՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ։ Պլանային այցը պետք է հետաձգվի հիվանդության հաստատումից մոտավորապես 14 օր հետո։

Վիրուսային (COVID-19) թոքաբորբի բուժումը պետք է իրականացնել ստացիոնարպայմաններում, քանի որ հղիության ժամանակ թոքաբորբը մեծացնում է մայրական և շուրջծննդաբերական բարդությունների ռիսկը։

Բուժման նպատակով կիրառվում են հակավիրուսային միջոցներ, երկրորդային բակտերիալ թոքաբորբի ժամանակ՝ հակաբակտերիալ միջոցներ, սատուրացիայի նվազեցման դեպքում` թոքերի օքսիգենացիա։


Sign up here for our newsletter