Home / Popular articles / Ի՞նչ պետք է իմանալ նևրոզի մասին

Articles

Ի՞նչ պետք է իմանալ նևրոզի մասին

20 September 2022 | Popular articles | Brain, Vertebral column

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, նևրոզով հիվանդների քանակը վերջին 65 տարվա ընթացքում ավելացել է 24 անգամ։ Ստացվում է՝ նևրոզի հետ առնչվելու հավանականությունն ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Հույզերի պոռթկումը, անհիմն գրգռվածությունը, առանց ակնհայտ պատճառի առողջության փոփոխությունները կարող են նևրոզի նշան լինել։ Կարևոր է տարբերակել հասարակ ընկճվածությունը կամ, ընդհակառակը, մարդու բնատուր դյուրագրգռվածությունը` նևրոզից, որն իրական հիվանդություն է և անդրադառնում է ո՛չ միայն հոգեկանի, այլև առողջության վրա, ընդհանրապես։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ նևրոզների հիմքում, որպես կանոն, հոգետրավման է։ Այն կարող է լինել աշխատանքում, ընտանիքում, ինտիմ կյանքում առկա իրական խնդիր, կամ բխի մանկության ակունքներից։ Մանուկ հասակում մարդը մշտապես ապրում է տպավորությունների տակ, որոնցից շատերը հետք են թողնում նրա հետագա ամբողջ կյանքի վրա։

Այդ դեպքում ինչու՞ բոլորս նևրոզով չենք տառապում։ Մեզնից շատերը մշտապես ենթարկվում են տարբեր բնույթի սթրեսների, բոլորս հայտնվում ենք բարդ իրավիճակներում։ Շատ քչերը կարող են պարծենալ բացարձակ անամպ մանկությամբ։

Այնուամենայնիվ, որոշները «ջրից չոր են դուրս գալիս», մյուսներն էլ տհաճ տպավորությունների բեռ են հավաքում։

Ինչո՞ւ...

Բանն այն է, որ միայն մեկ հոգետրավման բավարար չէ նևրոզի զարգացման համար։ Նևրոզի զարգացման մեջ կարևոր օղակ է նաև անձի առանձնահատկությունները։ Հոգեվնասվածքային գործոնն այն սերմն է, որից հետո նևրոզ է զարգանում և պետք է օժտված լինի անհատական հատուկ կարևորությամբ։

Հետազոտություններով հայտնաբերվել են այնպիսի անհատական բնութագրեր, որոնցով օժտվածները մյուսներից ավելի շատ են նախատրամադրված նևրոզներին.

  • գերզգայնություն կամ բարձր զգայնություն,
  • տագնապային կասկածամտություն,
  • հուզական անկայունություն՝ աննշան պատճառով տրամադրության արագ փոփոխություն,
  • ցուցադրական վարք,
  • դեպրեսիվ գծեր,
  • ռիգիդություն (փոփոխվող պայմաններին հարմարվելու դժվարություններ)։

Ինպե՞ս է դրսևորվում նևրոզը:

Նևրոզը կարող է ունենալ ամենատարբեր դրսևորումներ: Հոգեկան դրսևորումներից են տագնապը, ասթենիան կամ ուժերի բացակայության զգացումը, ընկճախտը, վախերը, հիպոխոնդրիան, կպչուն վիճակները, որոնք, որպես կանոն, դժվար է թաքցնել։ Հնարավոր են սրտխփոցներ, շնչառության խանգարումներ։ Նևրոզը կարող է ուղեկցվել ստամոքսի խնդիրներով, ողնաշարի տարբեր հատվածներում` ցավերով, դողով կամ ջերմության բարձրացմամբ։ Քնի խանգարումները և ինտիմ ոլորտում խնդիրները նևրոզի հաճախ հանդիպող ուղեկիցներն են։

Նևրոզների տեսակները

Առավել հաճախ հանդիպում են.

  • տագնապային-ֆոբիկ խանգարումներ. դրսևորվում են վախի և անհիմն տագնապի նոպաներով։ Առաջանում է վախ տարբեր իրավիճակներից, որոնք իրական վտանգ չեն ներկայացնում (վախ` փակ տարածություններից, ուշադրության կենտրոնում հայտնվելուց, ուրիշների կողմից բացասական գնահատական ստանալուց),

  • դեպրեսիվ խանգարումներ. բնութագրվում են տխուր տրամադրությամբ, թերարժեքության, լքվածության, միայնության զգացումով, թախիծով, որոնք ենթակա են ամենօրյա և սեզոնային տատանումների ու, սովորաբար, ուղեկցվում են տագնապով, ապաթիայով, դյուրհոգնելիությամբ, ուշադրության նվազմամբ, հիշողության վատացմամբ, կպչուն մտքերով, ամեն ինչում` հիասթափությամբ, քնի խանգարումներով,

  • կպչուն խանգարումներ. բնութագրվում են կրկնվող, չվերահսկվող կպչուն մտքերով, զգացումներով, պատկերներով կամ կպչուն գործողություններով։ Սրանք հաճախ կապված են վարակվելու, աղտոտվելու վախի, սեփական գործողությունները մշտապես վերստուգելու պահանջի, չվնասվելու հետ և դրանց հետ կապված որոշակի գործողությունների հետ, ինչպիսիք են ձեռքերը կամ ատամները լվանալու մոլուցքը, կատարյալ մաքրություն ապահովելը։

Այս դրսևորումները սերտորեն փոխկապակցված են և կարող են տարբեր համակցություններով արտահայտվել։ Իրական նևրոզը կարող է հայտնաբերել միայն նյարդաբանը՝ հիվանդի հետ զրուցելուց և նրան հետազոտելուց հետո։ Միայն մասնագետը կարող է տարբերակել նևրոզի նշանները այլ սոմատիկ հիվանդությունների դրսևորումներից (գերճնշում, սրտի հիվանդություններ, վնասվածքի հետևանքներ և այլն), ինչպես նաև դեղորայքի ընդունումից առաջացած բարդություններից և հոգեկան հիվանդություններից։


Sign up here for our newsletter