Home / Popular articles / Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ

Articles

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ

22 November 2022 | Popular articles | Orthopedics and Traumatology, "Coxa" Clinic

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի։ 

Այդպես էլ մեր ողնաշարն է անհրաժեշտ դիրքում պահում մկան-ստաբիլիզատորների խումբը, որը նորմայում ծանրաբեռնվածությունը համաչափ բաշխում է ողնաշարի և հոդերի վրա։ Ի տարբերություն Օստանկինո հեռուստաաշտարակի, մեր ողնաշարն ավելի բարդ կառուցվածք ունի, այն կարող է ճկվել տարբեր ուղղություններով և նույնիսկ ոլորվել, այս ամենը հնարավոր է միջողնային սկավառակների, մկանների և կապանների շնորհիվ։

Ամեն օր մարդը որևէ միանման, կրկնվող շարժումներ է կատարում՝ կապված աշխատանքի կամ հանգստի հետ։ Եթե երկար ժամանակ աշխատում են միևնույն մկանները, դրանք գերլարվում և կծկվում են, իսկ մյուս մկաններն այդ ժամանակ չեն ենթարկվում որևէ ծանրաբեռնվածության և ապաճում են։ Դա բերում է մարմնի «երկրաչափության» փոփոխության, ծանրաբեռնվածությունը միջողնային սակավառակի վրա վերաբաշխվում է, սնուցումը վատանում է։ Նույն գործընթացներն են տեղի ունենում միալար ծանր աշխատանքի ժամանակ։ Բացի այդ, միջողնային սկավառակը չունի արյունատար անոթներ, իսկ նրա սնուցումն իրականացվում է շրջակա մկանների շնորհիվ, և միջողնային հոդի շարժումների ժամանակ նրա մեջ է ներթափանցում սննդարար սինովիալ հեղուկը։

Աճառային հյուսվածքը 80-85%-ով բաղկացած է ջրից, հետևաբար, խմելու ռեժիմը հսկայական նշանակություն ունի։ Օրվա ընթացքում մարդը պետք է խմի նվազագույնը 2 լիտր մաքուր ջուր։ Եթե ջուրն անբավարար քանակությամբ է ներմուծվում օրգանիզմ, տեղի է ունենում միջողնային սկավառակի ջրազրկում, աճառը չորանում և քայքայվում է։

Սթրեսները, տագնապները, հուզական ապրումները հաճախ նպաստում են մեջքի ցավերի առաջացմանը։ Ցանկացած սթրեսային իրավիճակ մեր օրգանիզմն ընկալում է որպես վտանգ։ Այդ դեպքում ակտիվանում է նյարդային համակարգի սիմպաթիկ մասը, մակերիկամներն արյան մեջ «արտանետում» են սթրեսի հորմոններ, բարձրանում է զարկերակային ճնշումը, հաճախանում սրտխփոցը, մկանները լարվում են։ Բնության մեջ, երբ կենդանին վախենում է, վազում է կամ պաշտպանվում, հետևաբար այրվում են սթրեսի հորմոնները և մկաններն աշխատելով թուլանում են։ Մարդը սոցիալական էակ է, շատ են անհանգստանալու պատճառները, սակայն քիչ է շարժվում, հետևաբար լիցքաթափում տեղի չի ունենում։ Որպես արդյունք առաջանում է ցավ` ողնաշարում, գլխացավ, շարժողական տիկեր և այլն։

Գրականության մեջ կարելի է հանդիպել օստեոխոնդրոզի տարբեր ձևակերպումներ, սակայն էությունը նույնն է։ Օստեոխոնդրոզը շարժողական սեգմենտի «վնասումն» է, աճառային հյուսվածքի դեգեներացիան, քայքայումը։ Պատճառը սխալ շարժողական ստերեոտիպն է, և, որպես հետևանք, աճառի սնուցման խանգարումը։

Օստեոխոնդրոզի հարաճմանը նպաստում են նստակյաց կենսակերպը, մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ծանրության բարձրացումը, ճարպակալումը, պայուսակի կրումը` մեկ ուսին, բարձրակրունկ կոշիկները, քնի համար նախատեսված չափազանց փափուկ ներքնակը, հաճախակի գերսառեցումները, վնասակար սովորությունները, ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսային իրավիճակները, հեղուկների անբավարար ընդունումը և այլն։


Sign up here for our newsletter