Articles
Ինչպիսի՞ զարկերակային ճնշման դեպքում պետք է բուժվել
14 October 2022 | Popular articles | Cardiology
Զարկերակային գերճնշմամբ տառապում է յուրաքանչյուր հինգերորդ մարդը, իսկ 50 տարի հետո՝ յուրաքանչյուր երկրորդը։ Այդ վիճակից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն անպայման պետք է սեփական ճնշումը վերահսկել, այլապես մահացու վտանգավոր կաթվածի և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը բարձր է։ Ինչպե՞ս ապրել գերճնշումով։ Ինչպե՞ս ընտրել դեղեր։
Գերճնշման ախտանիշները։ Ինչպե՞ս ախտորոշել։
Հիվանդությունը տարբեր ախտանիշներ ունի, դրանցից են`
- անհամաչափ քայլվածք (ճնշման տատանումներից հիվանդը ճոճվում է),
- գլխացավերը (ուժեղ կամ թույլ, որը, սովորաբար, առաջանում է առավոտյան՝ ծոծրակի կամ քունքի շրջանում),
- աղմուկ` ականջներում,
- գլխապտույտ,
- սրտխառնոց,
- քթային արյունահոսություն,
- անքնություն,
- դեմքի կարմրություն,
- աչքերի առաջ «մլակների» առկայություն և մառախուղ,
- ցավեր թիակների շրջանում, կրծքավանդակում, ձեռքի մատներում։
Սակայն, ցավոք, երբեմն գերճնշումն ընթանում է առանց ախտանիշների։ Այդ պատճառով պետք է կանոնավոր վերահսկել զարկերակային ճնշումը՝ չափելով այն տոնոմետրով։
Ո՞ր տոնոմետրը նախընտրել՝ ավտոմա՞տ, թե՞ մեխանիկական։
Ցանկացածը, որը հարմար է կիրառել։
Եթե գերճնշումն ընթանում է առանց ախտանիշների...
Որոշ մարդիկ ընդհանրապես չեն զգում ճնշման տատանումները։ Ժամանակի ընթացքում նրանց օրգանիզմը հարմարվում է, և բարձր ճնշման պայմաններում նրանք իրենց ավելի լավ են զգում։
Սա շատ վտանգավոր է։ Եթե գերճնշումը չբուժվի, մարդու մոտ շատ արագ կաթված կամ սրտի իշեմիկ հիվանդություն կզարգանա։ Բացի այդ, բարձր ճնշումը մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը։ Այդ մասին են վկայում հետևյալ տխուր փաստերը. սրտամկանի ինֆարկտի 100 դեպքից` 68-ի, և կաթվածի 100 դեպքից` 75-ի մոտ, հիվանդները նշում են զարկերակային ճնշման բարձրացում, որը նրանց կողմից բավարար կերպով չի վերահսկվել։
Եթե գերճնշման սկզբնական շրջանում կարելի է պայքարել սննդակարգի, ճիշտ կենսակերպի, զարկերակային ճնշումը կանոնավոր չափելու և վերջինիս բարձրացումը կանխելու միջոցով, ապա ավելի ուշ շրջաններում առանց դեղորայքի հնարավոր չէ կարգավորել այն։
Զարկերակային ճնշման նորմաները
Բժիշկների և հիվանդների ամենամեծ վեճերը կապված են նորմաների հետ։ Մեր բժիշկների կողմից ընդունված նորմաները մոտեցված են վերջերս ԱՄՆ-ում կատարված փոփոխություններին.
- մինչև 120/80՝ նորմա,
- 120/80 - 130/80՝ բաձր ճնշում,
- 130/80 - 139/89՝ առաջին աստիճանի գերճնշում, որը դեղորայքային բուժում է պահանջում։
Սակայն, ինչպես նշում են գերճնշմամբ հիվանդները, նյարդային լարվածությունից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ալկոհոլից և սեռական հարաբերությունից հետո այդ թվերը կարող են էականորեն տատանվել։ Այդ պատճառով շատ կարևոր է բուժող բժշկի համար այն տեղեկատվությունը, թե կտրուկ բարձրացած զարկերակային ճնշումը որքան ժամանակում է նորմալանում։ Լավ է, եթե ճնշման կայունացման համար պահանջվում է առավելագույնը 30 րոպե։ Ընդ որում, որքան քիչ են սթրեսն ու ֆիզիկական ակտիվությունը, այնքան արագ պետք է ճնշումը վերադառնա ելքային թվերին։
Օրական քանի՞ անգամ պետք է չափել ճնշումը, որպեսզի բժիշկը կարողանա ախտորոշել«Հիպերտոնիկ հիվանդություն» ախտորոշումը դրվում է միայն տարբեր օրերի ընթացքում ճնշման բազմակի չափումների (oրական առնվազն 5 անգամ` գիշերը և վաղ առավոտյան) արդյունքների հիման վրա։ Երբ զարկերակային ճնշումն աննշան է բարձրանում, տոնոմետրով չափումները պետք է իրականացնել մի քանի ամիս։
Ինչպե՞ս ճիշտ բուժել գերճնշումը։
Վերջերս բժիշկները նախընտրում են մեկ դեղի փոխարեն նշանակել դեղերի համակցություն։ Երբեմն մի քանի դեղը ներառվում է մեկ հաբում։ Այդպես հարմար է հիվանդի համար և արդյունավետ է` բուժման առումով, քանի որ տարբեր ազդեցության մեխանիզմներով մի քանի դեղերի համակցումը թույլ է տալիս դրանք նշանակել ցածր կամ միջին դեղաչափերով, այլ` ոչ բարձր։ Արդյունքը զարկերակային ճնշման էական նվազումն է, դեղի լավ տանելիությունը, կողմնակի ազդեցությունների զգալի նվազումը։
Ներկայում կան երկարատև ազդեցության ժամանակակից պատրաստուկներ, որոնք նվազեցնում են զարկերակային ճնշումը 24 ժամով՝ օրական մեկ անգամ ընդունելու պայմաններում։ Գերճնշման բուժման հայտնի դեղրից են.
- միզամուղները, կամ դիուրետիկները. հաճախ հենց սրանցից են սկսում բուժումը, որոնք մեղմ ձևով են իջեցնում ճնշումը (շաքարային դիաբետը, պոդագրան համարվում են հակացուցումներ),
- բետա ադրենապաշարիչները. թեթևացնում են սրտի աշխատանքը՝ կրճատելով մեր «շարժիչի» էներգիայի ծախսը, օժտված են նաև այլ օգտակար հատկություններով, սակայն ունեն նաև հակացուցումներ,
- անգիոտենզին-փոխակերպող ֆերմենտի պաշարիչները (ԱՓՖՊ) և անգիոտենզինի ուղղակի ներհակորդները շատ արդյունավետ են, սակայն բժիշկը պետք է տեղեկացված լինի հիվանդի երիկամների վիճակի մասին,
- կալցիումի ներհակորդները. հիվանդների կողմից սիրված, արդյունավետ պատրաստուկներ են,
- ալֆա ադրենառեցեպտորների պաշարիչները համեմատաբար քիչ են նշանակվում, հարմար է ծայրամասային զարկերակների հիվանդությունների, շագանակագեղձի ադենոմայի ժամանակ,
- կենտրոնական ազդեցության հիպոտենզիվ միջոցները նշանակվում են ավելի քիչ, քան անհրաժեշտ է,
- ուղղակի` անոթալայնիչներ։
Գերճնշման ժամանակ ոչ մի դեպքում ինքներդ Ձեզ դեղ մի նշանակեք։ Շատ հաճախ մարդիկ օգտվում են դեղերից, որոնք նշանակվել են ոչ թե իրենց, այլ հարևաններին, ընկերներին, բարեկամներին։ Ոչ մի դեպքում չի կարելի այդպես վարվել։ Դեղի չափաբաժինը կարող է որոշել միայն բժիշկը՝ զննումից և հետազոտումից հետո։ Երբեմն ճիշտ բուժում ընտրելու նպատակով հիվանդին ընդունում են հիվանդանոց՝ կանոնավոր հետևելու, ճիշտ դեղը և ճիշտ դեղաչափը ընտրելու համար։ Բժիշկը բուժումը նշանակում է ո՛չ միայն ախտորոշումից ելնելով, այլ նաև հաշվի է առնում՝
- հիվանդի տարիքը,
- հիվանդության շրջանը (գոյություն ունի գերճնշման 3 շրջան),
- հիվանդի սրտի վիճակը (կրծքային հեղձուկի, սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարման առկայությունը կամ բացակայությունը),
- հիվանդի մոտ ճարպակալման, շաքարային դիաբետի, բրոնխոսպազմի և այլ հիվանդությունների առկայությունը։
Հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) միջոցները հաճախ օժտված են հզոր ազդեցությամբ, իսկ ճնշման կտրուկ և ուժեղ իջեցումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Բացի այդ, բուժման ընթացքում դեղաչափը կարող է ինչպես ավելացվել, այնպես էլ նվազեցվել՝ կախված հիվանդի վիճակից։ Անհրաժեշտ է հիշել, որ հաճախ դեղի լիարժեք ազդեցությունը դրսևորվում է այն ընդունելուց 1-2 շաբաթ հետո միայն։
Ինչու՞ երբեմն թերապևտի նշանակած հաբերը պացիենտի վիճակը չի բարելավում:
Այս իրավիճակում կարելի է կասկածել, որ գերճնշումը պայմանավորված է ոչ թե ժառանգական գործոններով, վնասակար սովորություններով (յուղոտ և աղի սննդի չարաշահում, շատակերություն, նստակյաց կյանք, ծխել) կամ տարիքով և անոթների վատ վիճակով, այլ կապված է առողջական այլ խնդիրների հետ։
Զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ երիկամների և երիկամային զարկերակների հիվանդությունների, թիրեոտոքսիկոզի (վահանաձև գեղձի հիվանդություն), մակերիկամների հիվանդությունների, սրտի արատների, ուղեղի վնասվածքների ժամանակ։ Այդ դեպքում պացիենտը պետք է կատարի հնարավոր բոլոր հետազոտությունները։
Հիմնական հիվանդությունը չբուժելու դեպքում գերճնշումը չի վերանա, դեղերն էլ անարդյունավետ կլինեն։ Հարկ կլինի դիմել համապատասխան մասնագետի խորհրդատվության:
Sign up here for our newsletter