Articles
«Կտրուկ վեր կացավ և ընկավ», կամ` ի՞նչ է օրթոստատիկ թերճնշումը (կոլափս)
08 April 2020 | Popular articles | Cardiology | Therapy
Այսպես են կոչում կտրուկ կանգնելիս կամ երկարատև անշարժ կանգնած մնալուց, կամ մեծ ֆիզիկական աշխատանք կատարելուց հետո ուշագնացության զարգացումը, երբ տեղի է ունենում գիտակցության կորուստ։
Որո՞նք են օրթոստատիկ թերճնշման պատճառները
Թերճնշումը կամ օրթոստատիկ շոկը զարգանում է արյան ճնշման կարգավորման խանգարման ժամանակ, երբ այն կտրուկ ընկնում է և ուղեղի արյունամատակարարումը նվազում է։
Օրթոստատիկ թերճնշում կարող է զարգանալ հետևյալ իրավիճակներում.
- օրգանիզմում շրջանառող արյան ամբողջ ծավալի նվազում՝ հիպովոլեմիա,
- ուղեղի անոթների տոնուսի իջեցում,
- որոշ դեղերի և նյութերի ազդեցություն։
Հիպովոլեմիա կարող է առաջանալ արյան մեծ կորուստների՝ վնասվածքների, արյունահոսությունների ժամանակ, կանանց մոտ՝ առատ դաշտանի դեպքում։
Արյան պլազմայի ծավալը նվազում է առատ քրտնարտադրության, օրինակ` տենդի, չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես շոգ պայմաններում։
Օրգանիզմից շատ հեղուկ դուրս է գալիս նաև առատ միզարտադրության դեպքում, ինչը տեղի է ունենում որոշ հիվանդությունների ժամանակ։
Փսխման և լուծի ժամանակ օրգանիզմը նույնպես հեղուկ է կորցնում, որն անհրաժեշտ է լրացնել։
Այս բոլոր գործոնները բերում են շրջանառող արյան ծավալի նվազեցման, ինչի արդյունքում առաջանում է օրթոստատիկ կոլափս։
Ուղեղի անոթների տոնուսը, հատկապես դրանց ժամանակին նեղացումը և լայնացումը, ապահովում է օրգանիզմի նորմալ աշխատանքը։ Անոթների տոնուսը կարգավորվում է նյարդային համակարգի կողմից։ Երբ այս կամ այն պատճառով այդ կարգավորումը խանգարվում է, կարող է առաջանալ օրթոստատիկ շոկ։
Նյարդային իմպուլսների աշխատանքի խանգարումը տեղի է ունենում տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են` շաքարային դիաբետը, վեգետա-անոթային դիստոնիան, թոքային զարկերակների թրոմբոզը, աթերոսկլերոզը, սակավարյունությունը, մակերիկամների ուռուցքը, ինչպես նաև երկարատև անկողնային ռեժիմը։
Անոթների տոնուսը կարող է անկայուն լինել հորմոնային փոփոխությունների դեպքում, որոնք տեղի են ունենում դեռահասության շրջանում, հղիության, դաշտանադադարի ժամանակ։
Օրթոստատիկ շոկը որոշ դեղերի կողմնակի ազդեցություն է (հակագերճնշումային դեղերը, արագ ազդող միզամուղները, նիտրատները, Պարկինսոնի հիվանդության ժամանակ կիրառվող դեղերը, թմրանյութերը և այլն)։
Ռիսկի գործոններն են.
- հուզական լարումները,
- սթրեսը,
- դեպրեսիվ վիճակները,
- արտահայտված գերհոգնածությունը, այդ թվում` մտավոր, ֆիզիկական, հոգեբանական,
- սպիրտային խմիչքների կիրառումը։
Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում օրթոստատիկ թերճնշումը
Պառկած դիրքից կտրուկ կանգնելիս, երկարատև կանգնած մնալիս, ինչպես նաև չափազանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունների ժամանակ դիտվում են հետևյալ նշանները.
- հանկարծակի արտահայտված ընդհանուր թուլության առաջացում,
- մաշկի գունատություն,
- գլխապտույտ,
- տեսողական խանգարումներ (վարագույրի շղարշի, ճանճերի տեսքով),
- հնարավոր է` սրտխառնոց, փսխում,
- բնորոշ է գիտակցության մթագնումը, ուշագնացությունը,
- հնարավոր են վերջույթների ցնցումներ,
- երբեմն լինում է ակամա միզարձակում։
Ինչպե՞ս ախտորոշել օրթոստատիկ թերճնշումը
Այս վիճակն ախտորոշվում է զարկերակային ճնշման տվյալներով. այն չափում են կանգնած (ցածր) և պառկած (նորմալ) վիճակում, ապա համեմատում են արժեքները։
Օրթոստատիկ թերճնշում ախտորոշվում է, երբ թվերի տարբերությունը կազմում է (մմ.ս.ս).
- սիստոլիկը՝ 20 մմ.ս.ս և ավելի,
- դիաստոլիկը՝ 10 մմ.ս.ս և ավելի։
Բացի այդ, ուշադրություն են դարձնում ուղեղի արյան շրջանառության անբավարարության նշանների վրա՝ գունատություն, ուշագնացություն և այլն։
Ախտորոշման համար հատուկ թեստ են կիրառում՝ օրթոստատիկ փորձ։ Այն իրականացնում են հետևյալ կերպ. մարդուն տեղավորում են պտտվող սեղանի վրա և թողնում են պառկած` 5 րոպե։ Այնուհետև սեղանը կտրուկ բարձրացնում են՝ պահելով ուղղահայաց դիրքում։
Իրականացնում են նաև այլ հետազոտություններ.
- արյան կլինիկական հետազոտություն (սակավարյունության հայտնաբերում),
- արյան կենսաքիմիական հետազոտություն (ներքին օրգանների աշխատանքի գնահատում),
- արյան մեջ հորմոնների որոշում,
- սրտի աշխատանքի հետազոտում, վեգետատիվ խանգարումների հայտնաբերում (հոլտեր մոնիտորինգ),
- նյարդաբանական թեստեր։
Բուժումը նշանակվում է ըստ ախտաբանության առաջացման պատճառների։
Ինչո՞վ է վտանգավոր օրթոստատիկ թերճնշումը
Օրթոստատիկ թերճնշման վիճակը չի կարելի անտեսել։ Այն կարող լուրջ ախտաբանության նշան լինել, որն անհրաժեշտ է բուժել։
Գլխուղեղի արյունամատակարարման անբավարարության հետևանքով առաջացած մշտական թթվածնային քաղցը վտանգավոր է հիշողության վատթարացումով, նյարդաբանական խանգարումների զարգացմամբ։ Տարեցներին այս վիճակը սպառնում է կաթվածով, թուլամտությամբ (դեմենցիայով)։
Բացի այդ, անսպասելի ուշագնացությունները կարող են վնասվածքի պատճառ լինել՝ ընկնելու հետևանքով։
Կանխարգելիչ որոշ միջոցառումներ
Ախտանիշների առաջացման դեպքում անհրաժեշտ է վերանայել ընդունվող դեղերը, հնարավոր է ախտանիշները պայմանավորված լինեն այդ դեղորայքի կողմնակի ազդեցություններով ։
Չի կարելի կտրուկ շարժումներ անել, պետք է խուսափել ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, երկարատև կանգնելուց, հնարավորության դեպքում՝ հուզական ապրումներից։
Եթե հիվանդը երկարատև անկողնային ռեժիմում է գտնվել, անհրաժեշտ է աստիճանաբար դուրս գալ այդ ռեժիմից։ Անկողնուց վեր կենալուց առաջ հարկ է պառկած, այնուհետև` նստած վիճակում մի քանի ոչ բարդ վարժություններ անել։
Սննդակարգի մեջ ցանկալի է սահմանափակել մսով, հատկապես յուղոտ ճաշատեսակները, սուր համեմունքները։ Պետք է հրաժարվել սպիրտային խմիչքից։ Ջուր պետք է խմել բավարար քանակությամբ՝ կանխելով ջրազրկումը։
Նոպաները շարունակվելու դեպքում պետք է դիմել բժշկի։
Sign up here for our newsletter