Home / Popular articles / Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա)

Articles

Նախասրտերի շողացում և թրթռում (շողացող առիթմիա)

07 September 2022 | Popular articles | Cardiology

Շողացող առիթմիան անկանոն, հաճախացած սրտխփոցն է, որը կարող է բարձրացնել կաթվածի, սրտային անբավարարության և այլ սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Տվյալ վիճակը նախասրտերի՝ սրտի երկու վերին խոռոչների շողացման ախտանիշ է։ Շողացման ժամանակ նախասրտերի աշխատանքը համաձայնեցված չէ երկու ստորին խոռոչների՝ փորոքների աշխատանքի հետ։ Նախասրտերի առիթմիան կոչվում է նաև նախասրտերի թրթռում։ Այս տերմինը հաճախ փոխկապակցվում է շողացման հետ և կիրառվում է շողացման ժամանակ` սրտի ընդհանուր վիճակը նկարագրելու նպատակով։ Այս վիճակի համար բնորոշ է հաճախացած սրտխփոցը, հևոցը և թուլությունը։

Շողացող առիթմիայի դրվագները կարող են առաջանալ և անհետանալ, կամ լինել կայուն ախտանիշ, որն անհետաձգելի բուժում է պահանջում։ 

Չնայած նախասրտերի շողացումը կյանքի համար վտանգավոր չէ, սակայն նրա առկայությունը վկայում է սրտի անոմալ վիճակի մասին և բժշկական օգնություն է պահանջում։

Շողացող առիթմիայի զարգացման մեխանիզմը, նախասրտերի շողացման պատճառները

Նախասրտերի շողացում արձանագրվում է, երբ սրտի երկու վերին խոռոչներն ուղարկում են քաոսային էլեկտրական ազդակներ, այլ կերպ ասած` սրտի էլեկտրական ակտիվությունը դառնում է անորոշ, քաոսային։

Սիրտը բաղկացած է չորս խոռոչից՝ երկու նախասրտից և երկու փորոքից։ Սրտի աջ վերին խոռոչում, այսինքն` աջ նախասրտում, կան մի խումբ բջիջներ, որոնք կազմում են սինուսային հանգույցը։ Այս բջիջները մարդկային սրտի բնական ռիթմավարն է։ Սինուսային հանգույցն իմպուլս է արտադրում, որը սրտի յուրաքանչյուր հարվածի համար շարժիչ ուժ է։ Իմպուլսը սկզբում անցնում է նախասրտերով, ապա սրտի վերին և ստորին խոռոչների միջև գտնվող շարակցական խողովակով։ Այդ խողովակը կոչվում է փորոքային հանգույց։ Քանի որ իմպուլսը սինուսային հանգույցից անցնում է նախասրտերով, արյունը նախասրտերից մղվում է դեպի փորոքներ, իսկ փորոքներն իրենց հերթին են արյունը մղում։

Շողացող առիթմիայի ժամանակ նախասրտերի վերին մասը քաոսային էլեկտրական ազդակներ է տալիս և նրանք տառացիորեն սկսում են դողալ, իսկ փորոքային հանգույցը ենթարկվում է իմպուլսների ազդեցությանը, որոնք ձգտում են թափանցել փորոքներ։

Փորոքները նույնպես սկսում են դողալ, սակայն ոչ այնքան ինտենսիվ, որքան նախասրտերը, քանի որ ոչ բոլոր իմպուլսներն են որսում։

Այս երևույթների արդյունքը արագ և անկանոն սրտային ռիթմն է։ Սրտի կծկումների հաճախությունը նախասրտերի շողացման ժամանակ կարող է տատանվել րոպեում 100-ից մինչև 175 զարկ։ Մարդու սրտի ռիթմի նորմալ միջակայքը կազմում է 60-100 զարկ/րոպեում։

Նախասրտերի շողացման հիմնական պատճառներն են՝

  • սրտի անոմալիաները կամ վնասումները,
  • արյան բարձր ճնշումը,
  • սրտի իշեմիկ հիվանդությունը,
  • ինֆարկտը,
  • փականների անոմալիաները,
  • սրտի բնածին արատները,
  • վահանաձև գեղձի գերակտիվությունը կամ այլ նյութափոխանակային խանգարումները,
  • խթանիչների ազդեցությունը, ինչպիսիք են դեղորայքը, կոֆեինը, նիկոտինը կամ ալկոհոլը,
  • թոքերի հիվանդությունները,
  • սրտի կրած վիրահատությունները,
  • վիրուսային վարակները,
  • սթրեսը` թոքաբորբի կամ այլ հիվանդությունների պատճառով,
  • քնի ապնոէն։

Այնուամենայնիվ, նախասրտերի շողացումը և թրթռումը կարող են դրսևորվել առանց նախորդող գործոնների, այսինքն, լինել իդիոպաթիկ։

Թրթռումն իր հատկություններով որոշ չափով նման է նախասրտերի շողացմանը, սակայն այս դեպքում նախասրտերի ռիթմն ավելի կազմակերպված և քիչ քաոսային է։ Թրթռումը կարող է լինել շողացման հետևանք և հակառակը։

Շողացող առիթմիայի ախտանիշները

Նախասրտերի շողացման և թրթռման հիմնական ախտանիշներն են՝

  • հաճախացած սրտխփոցը,
  • «Գալոպի» ռիթմով սրտխփոցի զգացողությունը,
  • հոգնածությունը,
  • գլխապտույտը,
  • հևոցը,
  • ցավը` կրծքավանդակում;

Ախտանիշները կարող են լինել դրվագային և մշտական։ Մշտական ախտանիշների դեպքում ախտորոշվում է նախասրտերի շողացման պարոքսիզմ կամ կայուն շողացում։ Հիվանդության այս ձևի ժամանակ անհրաժեշտ է բուժում էլեկտրական հոսանքով կամ դեղերով։

Բազմամյա կայուն նախասրտերի շողացում ախտորոշվում է 12 ամիս և ավելի տևողությամբ ախտանիշների առկայության դեպքում։ 

Մշտական շողացումը բուժման չի ենթարկվում, հիվանդները մշտական դեղորայքի կարիք ունեն՝ սրտի կծկումների հաճախության վերահսկման նպատակով։

Նախասրտերի շողացման բուժումը

Նախասրտերի շողացման բուժման հիմնական նպատակներն են՝

1. ռիթմի նվազեցում կամ սրտխփոցի արագության վերահսկում։
2. թրոմբների առաջացման կանխարգելում։

Սրտի ռիթմի նվազեցում: Բուժման այս եղանակի դեպքում սրտի կծկումների հաճախությունը և սրտի ռիթմը նվազեցվում են մինչև նորմալ ցուցանիշներ։ Սինուսային ռիթմը վերականգնվում է կարդիովերսիայի օգնությամբ։ Այս միջոցառումը կարող է լինել էլեկտրական կամ դեղորայքային։ Էլեկտրական կարդիովերսիան ենթադրում է սրտի վրա էլեկտրական հոսանքի կարճատև ազդեցություն` կրծքավանդակին տեղադրված դիոդների կամ սպեղանիների օգնությամբ։ Հոսանքի ազդեցությամբ վերականգնվում է սրտի էլեկտրական ակտիվությունը։

Դեղերի կիրառմամբ կարդիովերսիան ենթադրում է սինուսային ռիթմի վերականգնում` դեղորայքի օգնությամբ։ Կարդիովերսիայի իրականացման ժամանակ հիվանդները ստանում են հակաառիթմիկ, արյունը նոսրացնող դեղեր։ Եթե նախասրտերի շողացումը 48 ժամից քիչ է տևում, այն պետք է ընդունել կարդիովերսիայից հետո չորս շաբաթվա ընթացքում՝ թրոմբների կանխարգելման նպատակով։

Սրտի նորմալ ռիթմի պահպանում: Էլեկտրական կարդիովերսիայից հետո անհրաժեշտ է հակաառիթմիկ դեղերի ընդունում:

Սրտի կծկումների հաճախության վերահսկման նպատակով խորհուրդ է տրվում բետա-պաշարիչներ, կալցիումի անտագոնիստներ։

Կաթետր և վիրաբուժական միջոցառումներ: Սրանք կիրառվում են, երբ դեղերը կամ կարդիովերսիան չեն օգնում։ Վիրաբուժությունը թույլ է տալիս ոչնչացնել սրտային հյուսվածքի այն մակերեսը, որն անկայուն էլեկտրական ազդակների աղբյուր է։ Տարածված վիրաբուժական միջոցառումներից է կաթետրային աբլյացիան, ինչը նախասրտերում սպիական հյուսվածքի ստեղծման վիրաբուժական միջամտություն է։


Sign up here for our newsletter