Home / News / Հղիության պլանավորում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

News

Հղիության պլանավորում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան

11 June 2021 | News | Gynecology and Women's Health

Հղիության պլանավորումը պետք է սկսել բեղմնավորումից մի քանի ամիս առաջ: Հղիության նախապատրաստման գործընթացը ներառում է մի քանի փուլ: Նախնական փուլն ընդգրկում է հետազոտում և նախապատրաստում, որին պետք է մասնակցի ապագա երեխայի և՛ մայրը, և՛ հայրը։ Ապագա մայրիկը պետք է գիտակցի, որ առողջ երեխա կրելու և ծննդաբերելու համար ցանկալի է բեղմնավորումից առաջ հոգ տանել իր և ամուսնու առողջության համար։

Լավ ֆիզիկական վիճակը, ճիշտ սնվելը, վնասակար սովորություններից (ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի կիրառումը) հրաժարվելը, հիգիենայի կանոններին հետևելը, հիվանդությունների բացակայությունը հնարավորություն են տալիս հեշտ տանել հղիությունը և բարենպաստ ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա։

Նախքան բեղմնավորումը պարտադիր է թերապևտի և ստոմատոլոգի խորհրդատվություն, և, անհրաժեշտության դեպքում, հարկ է իրականացնել բերանի խոռոչի սանացիա, ատամների և լնդերի բուժում։ Նեղ մասնագետների (սրտաբան, էնդոկրինոլոգ, նեֆրոլոգ, ուրոլոգ, քիթկոկորդականջաբան, նյարդաբան, գաստրոէնտերոլոգ և այլն) խորհրդատվությունն իրականացվում է ցուցման դեպքում։

Նախապատրաստական փուլում ամուսնական զույգը պետք է անցնի մի շարք հետազոտություններ՝ հղիության ժամանակ հնարավոր բարդությունները կանխելու նպատակով։ Իրականացվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)՝ փոքր կոնքի օրգանների վիճակը և ձվարանների ձվազատման գործառույթը գնահատելու համար։ Որովայնի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի և մակերիկամների ՈՒՁՀ իրականացվում է ցուցման դեպքում։

Հետազոտության փաթեթը ներառում է արյան կլինիկական քննություն՝ լեյկոֆորմուլայով, մեզի ընդհանուր քննություն, В և С հեպատիտների, նաև այլ սպեցիֆիկ վարակների առկայության բացառում։

Գինեկոլոգը նշանակում է հեշտոցից վերցրած քսուկի հետազոտություն, ՊԱՊ թեստ։ Պարտադիր է նաև կրծքագեղձերի հետազոտությունը։

Ավելորդ քաշի դեպքում խորհուրդ է տրվում նախքան հղիությունը կարգավորել քաշը (մարմնի զանգվածի ինդեքսը)։ Քաշի նվազեցման նպատակով հավասարակշռված սննդակարգ կազմելուն կօգնի դիետոլոգի խորհրդատվությունը։

Կորոնավիրուսային անբարենպաստ համաճարակային շրջանում միջազգային փորձագետները խորհուրդ են տալիս խստորեն հետևել սանիտարահակահամաճարակային ռեժիմին՝ բեղմնավորման և հղիության ընթացքում վարակումը բացառելու համար։

Ձեր առողջությունը Ձեր ապագա երեխայի առողջության գրավականն է։



Similar articles

Sign up here for our newsletter