Home / News / Առանձնացված սնուցման կարևորությունը

News

Առանձնացված սնուցման կարևորությունը

14 July 2022 | News | Gastroenterologist

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է, որ որոշ մթերքներ անհամատեղելի են միմյանց հետ, այդ պատճառով ստամոքսում դրանք միաժամանակ մարսելը բարդ է: Այստեղ բացառապես քիմիայի օրենքներն են գործում. սպիտակուցը քայքայվում է թթուների ազդեցությամբ, իսկ ածխաջրերը՝ հիմքերի ազդեցությամբ: Ստացվում է, որ ստամոքսում միաժամանակ պետք է լինի և՛ թթվային, և՛ հիմնային միջավայր:

Հայտնվելով ստամոքսում՝ անհամատեղելի մթերքները կարող են ռեակցիայի մեջ մտնել՝ առաջացնելով նեխում կամ խմորում: Ստամոքսը չի կարող լիովին մարսել, որի պատճառով աղիներ սնունդն անցնում է չմշակված, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ենթաստամոքսային գեղձի համար և աղիքային խանգարման ռիսկ է պարունակում: Բացի այդ, վատ մշակված մթերքները նպաստում են ճարպի կուտակմանը, այդ պատճառով նիհարել ցանկացողները հաճախ են անցնում առանձնացված սնուցման:

Արդյո՞ք սննդաբանները խորհուրդ են տալիս առանձնացված սնուցում

Փորձառու բժիշկներն առանձնացված սնուցմանը մեծ հոռետեսությամբ են վերաբերվում: Նրանք կասկածանքի տակ են դնում առանձին սնուցման էությունը՝ նշելով, որ մթերքները դժվար է դասակարգել: Գրեթե չկան մթերքներ, որոնք պարունակեն բացառապես ճարպեր, սպիտակուցներ կամ ածխաջրեր: Մթերքների մեծ մասում պարունակվում է սննդանյութերի մեծ հավաքածու: Բացառություն են կազմում ռաֆինացված ճարպերը և շաքարները:

Նիհարելու կամ ճարպակալման բուժման համար առանձնացված սնունդը հարմար չէ: Ռացիոնը մինչև մեկ մթերք նեղացնել առաջարկում են մոնոսննդակարգերը. այդ դեպքում մթերքների համատեղելիության մասին խոսք չկա, մարդը պարզապես սնվում է նույն մթերքով, օրինակ հնդկաձավարով: Սննդի բազմազանության բացակայությունը նվազեցնում է ախորժակը, դրա վրա էլ հիմնված են մոնոսննդակարգերը:

Եթե վերադառնանք առանձնացված սնուցմանը և այն տեսությանը, որ մթերքների անհամատեղելիությունը կարող է բերել ստանոքսում նեխման և խմորման, ապա այն ևս չի դիմանում քննադատությանը: Ստամոքսաղիքային ուղու կողմից արտադրվող հատուկ ֆերմենտները պետք է կարողանան գործել ցանկացած սննդի ընդունման դեպքում: Եթե ֆերմենտներն արտադրվում են անբավարար քանակությամբ, ապա հնարավոր են մարսողական խանգարումներ, սակայն դա որոշակի հիվանդության առկայության մասին է վկայում, այլ ոչ առանձնացված սննդակարգին չհետևելու հետևանք: Այդ դեպքում պետք է դիմել բժշկի և բուժման կուրս անցնել, չփորձել խնդիրը լուծել սննդակարգերի օգնությամբ կամ առանձնացված սնուցման անցնելու ճանապարհով:

Ի՞նչ ուտել առանձնացված սնուցման ժամանակ

Առանձնացված սնուցման սկզբունքներին ինքնուրույն հետևելու համար պետք է լավ քիմիկոս լինել և հասկանալ այս կամ այն մթերքի բաղադրությունը: Հաճախ առանձնացված սնուցման կանոններն արգելում են այն, ինչին մենք սովորել ենք մանկուց: Օրինակ, չի կարելի կաթ խմել հացահատիկային մթերքի հետ, պարզ ասած՝ հացը կաթի հետ արգելված է, քանի որ բուսական և կենդանական սպիտակուցների ամինաթթուները տարբեր ձևով են յուրացվում: Սակայն կան նաև համատեղելիության դրական օրինակներ. համարվում է, որ տապակած միսը լավ լրացվում է բուսական մթերքով, քանի որ դրանք կարող են կապել և օրգանիզմից հեռացնել տապակման ժամանակ առաջացող քաղցկեղածինները: Միևնույն ժամանակ, չի կարելի լոբազգիներն ընդունել մսի հետ միաժամանակ, քանի որ դրանք նվազեցնում են կենդանական սպիտակուցի յուրացումը:

Այսպիսով, առանձնացված սնուցման սկզբունքներին հետևելը բավականին դժվար է, իսկ օգտակարությունն ապացուցված չէ: Եթե մարսողական համակարգն առանց խանգարումների է աշխատում, ապա առանձնացված սնուցումն այնքան էլ չի թեթևացնի վերջինիս աշխատանքը: Ստամոքսը կառուցված է այնպես, որ արդյունավետորեն վերամշակում է խառը սնունդը: Եթե դա տեղի չի ունենում, պետք է պատճառն ավելի խորը փնտրել ու դիմել բժշկի՝ խորհրդատվության և ախտորոշման համար:



Similar articles

Sign up here for our newsletter