News
Շատ հորանջելու պատճառները
11 March 2020 | News | Venous system surgery, lymphology
Հորանջելը բնական գործընթաց է, որը բնորոշ է յուրաքանչյուրիս։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հորանջում ենք և դա բացարձակապես նորմալ է։ Սակայն, երբեմն հորանջելը շատ հաճախ է կրկնվում, երբ առաջին հայացքից ակնհայտ պատճառներ չկան։ Նման դեպքում երևույթը պահանջում է զգոնություն, քանի որ դա կարող է կապված լինել որևէ ախտաբանության հետ։
Ի՞նչ է տեղի ունենում հորանջելու ժամանակ
Հորանջելը խորը ներշնչում է, որը տեղի է ունենում անգիտակցորեն՝ անկախ մեր կամքից։ Այն մեր կողմից չվերահսկվող ռեֆլեքս է։ Մենք լայնորեն բացում ենք բերանը, կատարում խորը ներշնչում, որի արդյունքում դեպի թոքեր ավելի շատ թթվածին է մտնում, քան սովորական շնչառության, այսինքն, տեղի է ունենում թոքերի խորը վենտիլյացիա։
Ինչո՞ւմն է դրա անհրաժեշտությունն` օրգանիզմի համար.
- առաջին հերթին` օրգանիզմը թթվածնով ապահովելու, եթե այն չի բավարարում,
- երկրորդ հերթին` ուղեղի արյունամատակարարումը (սնուցումը) բարելավելու համար,
- երրորդ` նյարդային համակարգին աջակցելու համար։
Հաճախ հորանջելու բնական (ֆիզիոլոգիական) պատճառները
Դրանցից ամենահայտնին և տարածվածը քնկոտությունն է։ Բոլորին հայտնի է, որ երբ ցանկանում ենք քնել, ապա սկսում ենք հորանջել։ Տվյալ դեպքում հորանջելով՝ ուղեղը մատակարարվում է թթվածնով՝ պահելով այն ակտիվ վիճակում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել առավոտյան արթնանալիս, հատկապես, եթե սովոր չեք այդ ժամին արթնանալ։ Հորանջելն օգնում է արթնանալ և անցնել ակտիվ վիճակի։
Հոգնածությունը ևս ստիպում է հորանջել։ Երբ հոգնած ենք, օրգան-համակարգերի աշխատանքը դանդաղում է, շնչառությունը դառնում է մակերեսային, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի պարունակությունը։ Այս պարագայում հորանջելն ուժեղացնում է արյունամատակարարումը՝ նպաստելով օրգանիզմից ածխաթթու գազի հեռացմանը։
Մտավոր գերլարվածությունը ևս հորանջելու պատճառներից է, որն ակտիվացնում է հոգնած ուղեղը։
Սկսում ենք հորանջել նաև նյարդային լարվածության, անհանգստության ժամանակ։ Դա պայմանավորված է նյարդայնանալու ժամանակ թթվածնի մեծ ծավալների ծախսով։
Տոթ, ծխախոտի ծխով լի տարածքներում, մարդկանցով լի մետրոյի վագոններում սկսում ենք հորանջել, քանի որ թթվածինը պարզապես չի բավարարում։ Նույն պատճառով սկսում ենք հորանջել նաև կայծակից առաջ, ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում կամ` բարձր լեռնային շրջաններում։
Ինքնաթիռով ճանապարհորդելիս հորանջելն օգնում է հավասարեցնել ճնշումը միջին ուղեղում, որի շնորհիվ վերանում է ականջների փակվածությունը։
Հորանջ կարող են առաջացնել որոշ պատրաստուկներ, մասնավորապես, հակադեպրեսանտները, հակահիստամինային միջոցները, որոշ ցավազրկողներ։
Հորանջելը վարակիչ է։ Մարդկանց մոտավորապես 60%-ը սկսում է հորանջել, երբ տեսնում է հորանջող մարդու, նույնիսկ` կինոյում կամ հեռուստացույցով։ Թե ինչու է դա տեղի ունենում, մինչև հիմա պարզ չէ։ Տեսություններից մեկն այս հայելային հորանջը բացատրում է էմպատիայով՝ ապրումակցման ունակությամբ։ Սա հաստատվում է այն փաստով, որ աուտիստները, լիովին սուզված իրենց աշխարհի մեջ, ինչպես նաև` մինչև 5 տարեկան երեխաները, չեն ենթարկվում հայելային հորանջին։ Իսկ ահա տիրոջ հետ հուզականորեն խիստ կապված շները սկսում են նրա հետևից հորանջել։
Հորանջի ախտաբանական պատճառները
Հորանջը միշտ չէ, որ անվնաս է, այն կարող է վկայել մի շարք ծանր հիվանդությունների մասին՝ լինելով դրանց ախտանիշներից մեկը։ Դրանք են.
- սիրտ-անոթային հիվանդությունները, նախաինֆարկտային կամ նախակաթվածային վիճակները,
- էպիլեպսիան,ուղեղի չարորակ կամ բարորակ ուռուցքը,
- զարկերակային թերճնշումը,
- ցրված սկլերոզը,
- վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումները, մասնավորապես` հիպոթիրեոզը,
- երակային անբավարարությունը,
- լյարդի ախտաբանությունները,
- նևրասթենիան և նևրոզը։
Սա բացատրվում է նրանով, որ այս բոլոր հիվանդություններն, այս կամ այն չափով, կապված են արյունամատակարարման խանգարման հետ, իսկ դա նշանակում է, որ առյա է թթվածնային անբավարարության, ինչը կոմպենսացվում է արտահայտված հորանջով։
Ինչը՞ պետք է զգոնացնի
Եթե հորանջը չի անցնում, նույնիսկ, երբ հանգստացել և քնել եք, գտնվում եք թարմ օդում կամ լավ օդափոխված շինությունում, և տևում է արդեն մի քանի օր, դիմեք բժշկի, այդ երևույթը կարող է վկայել որևէ հիվանդության մասին։
Sign up here for our newsletter