News
Սուր շնչառական հիվանդություններ. Ի՞նչ անել
16 January 2025 | News | Irina V. Khachatryan
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է «Նաիրի» բժշկական կենտրոնի թոքաբան Իրինա Խաչատրյանին։
«Ինչպես գիտեք, սուր շնչառական հիվանդությունների տարվա սիրելի եղանակը աշուն֊ձմեռ անցումային հատվածը և իհարկե ձմեռն է։ Այս տարին նույնպես բացառություն չէ և հիմա մենք ապրում ենք ՍՇՀ֊ի սիրելի ժամանակահատվածում»:
Ինչպե՞ս կանխարգելել ՍՇՀ֊ների տարածումը
Իրինա Խաչատրյանի խոսքով՝ միջազգային ընդունված ընթացակարգերի համաձայն առաջին և շատ արդյունավետ կանխարգելումը ժամանակին կատարված պատվաստումն է, որը հոկտեմբեր ամսից իրականացվում է մեր երկրում։ Առկա քառավալենտ պատվաստանյութը իր մեջ ներառում է A և B գրիպի վիրուսների հենց այն ենթատեսակները, որոնք այս պահին առավել տարածված են մեր տարածաշրջանում։
Կանխարգելման կարևոր պայմաններից է նաև մարդաշատ վայրեր այցելելու սահմանափակումը հատկապես փակ տարածքներում, հիվանդ մարդկանց հետ շփման սահմանափակումը, փակ տարածքների հաճախակի օդափոխումը, ինչու ոչ նաև եղանակին համապատասխան հագնվելը։
Բժիշկը պարզաբանեց, որ եղենակին համապատասխան հագնվելը շատ կարևոր է մրսածությունից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել իմունիտետի ընկճմանը։ «Մենք ապրում ենք վիրուսների և բակտերիաների շրջապատում, մենք անընդհատ շնչում ենք իրենց։ Ընկճված իմունիտետի դեպքում մարդը դառնում է նրանց նկատմամբ առավել ընկալունակ», – ասաց նա։
Ինչպե՞ս են ընթանում ՍՇՀ–ները
Մասնագետի խոսքով, ՍՇՀ–ների դասական ընթացքն է՝ ջերմության բարձրացում, քթահոսություն, ըմպանում ցավ, այտուց, հազ, դժվարաչնչություն, ընդհանուր թուլություն, մկանացավ, երբեմն սրտխառնոց, փորլուծություն։ «Այո, պետք է նշեմ, որ այս պահին ընթացքը առավել բուռն է», – նշեց նա։
Ի՞նչ անել և ինչպե՞ս բուժել սուր շնչառական հիվանդությունները
Բծիշկը խորհուրդ է տալիս.
• Առաջին հերթին որպես պատասխանատու քաղաքացի սահմանափակել շփումը այլ անձանց հետ։
• Օգտագործել շատ առատ հեղուկներ, օրական առնվազն 1.5-2 լիտր։
• Սննդակարգից հնարավորինս հանել դրդող, գռգռող կոմպոնենտները։ Դրանք են կծու, թթու, աղի սնունդը, գազավորված և կոֆեին պարունակող ըմպելիքները, ոգելից խմիչքը, շոկոլադը, կակաոն, մեղրը, ընդեղենը։
• Չզբաղվել ինքնաբուժությամբ` ինքնակամ և/ կամ այլ անձանց խորհրդով տնային պայնաններում չօգտագործել հակաբիոտիկներ, ապացուցողական հիմք չունեցող հակավիրուսային դեղորայքներ և այլն։
• Առհասարակ ինքնակամ որոշումով տնային պայմաններում օգտագործել միայն ջերմիջեցնողներ։
• Եվ իհարկե հնարավորինս շուտ դիմել բժշկի։
Իրինա Խաչատրյանը նշեց մի քանի տնային միջոցներ, որոնք սխալ է կիրառել ՍՇՀ–ների ժամանակ, քանի որ դրանք ավելի են գրգռում կոկորդը՝ մասնավորապես մեղրը կամ ալկոհոլը։ «Սուր իրավիճակում, երբ որ կա ըմպանի այտուց, ցավ, գրգռված է լորձաթաղանթը... Ըմպանի հետին պատից սկսած կան միլիոնավոր հազային ռեցեպտորներ։ Հետևաբար սնունդը, շնչած սառը օդը հանդիպում է արդեն իսկ գրգռված հազային ռեցեպտորին, և բոլորովին զարմանալի չէ, որ օրական մի քանի բաժակ մեղրով կաթ, կամ սուրճ խմողը անընդհատ հազում է ու խեղդվում։ Ավելի ճիշտ է կաթը խմել կարագով», – ասաց նա։
Դեղորայքային բուժում
Կախված բժշկի դիմելու ժամկետից, արդեն առկա բարդություններից և այլ հանգամանքներից բժշկական ցուցումով հնարավոր է լինել թիրախային հակավիրուսային դեղորայքի, հակաբակտերիալ դեղորայքի կամ այլ դեղորայքի օգտագործամ կարիք, սական խիստ բժշկական ցուցումով։
«Հարկ է հիշել, որ դեղատան աշխատակիցը Ձեր բուժող բժիշկը չէ։ Ինքնակամ, կամ այլ մարդկանց խորհրդով, այդ թվում հարևանի, բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով չվերցնել, չօգտագործել ոչ հակավիրուսային, ոչ հակաբակտերիալ պրեպարատներ։ Դրանք այն դեղերն են, որ պետք է նշանակի բժիշկը, թիրախային, այդ պահին խիստ բժշկական ցուցումով: Օրինակ, եթե հիվանդը դիմել է, ունի ջերմություն, կատարում ենք թեստ, հայտնաբերում ենք գրիպի A տիպի վիրուս, այդ գրիպի դեպքում հաստատված հակավիրուսային միջոցը օսելտամիվիրն է։ Հակաբիոտիկների կարիքը առաջանում է այն դեպքում երբ արդեն գործ ունենք բարդությունների հետ, երբ վիրուսին միանում է բակտերիալ վարակը», – ասաց նա։
Որքանո՞վ է վտանգավոր մետապնեւմովիրուսը, որն այսօր ակտիվ շրջանառվում է աշխարհում
Ինչպես նշեց բժիշկը, մետապնեվմավիրուսը ՌՆԹ վիրուս է, և շատ մոտ է ռեսպիրատոր սցինտիալ վիրուսին։ Ամենամեծ խնդիրն այս վիրուսի դեպքում այն է, որ այն առաջացնում է չենթարկվող, չկառավարվող բրոնխոսպազմ կամ կեղծ ասթմա ։ «Այդ վիրուսի համար մեկ թիրախը երկրորդ տիպի ալվեոլոցիտներն են, որոնք արագ վնասվում են», – ասաց Իրինա Խաչատրյանը։
Sign up here for our newsletter