Articles
Կոկորդի էնդոսկոպիա. ցուցումները, հակացուցումները, իրակնացման կարգը
25 May 2021 | Popular articles | Endoscopic Diagnosis
Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ։ Այս մեթոդը թույլ է տալիս մանրամասն զննել և հստակեցնել ախտորոշումը։
Ի՞նչ է կոկորդի էնդոսկոպիան, ե՞րբ է իրականացվում, և որն է բժշկի գործողությունների հաջորդականությունը` ստորև:
Ո՞րն է էնդոսկոպիայի էությունը
Էնդոսկոպիան լարինգոսկոպիայի ուղղակի մեթոդներից է։ Միջոցառումն իրականացվում է տեղային անզգայացմամբ և պացիենտին անհարմարավետություն չի պատճառում։ Պացիենտի կոկորդում տեղադրվում է բարակ խողովակ, որի մեջ տեղակայված է մանրաթելային օպտիկա, իսկ էնդոսկոպի ծայրին` բազմակի մեծացման խոշորացույց։ Լորձաթաղանթի վիճակի մասին տեղեկատվությունը փոխանցվում է սարքի էկրանին։ Բժիշկը կարող է հետազոտել օրգանի ցանկացած հատվածը` հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու համար։
Միջոցառման իրականացման ցուցումները
Կոկորդի հետազոտումն իրականացվում է քիթ-կոկորդ-ականջաբանի նշանակմամբ։ Գլխավոր ցուցումը կոկորդում անհարմարավետության կամ անսովոր զգացողության առաջացումն է, որոնք են.
- ձայնի խռպոտություն կամ բացակայություն,
- ցավ` կլման ժամանակ,
- օտարածին մարմնի զգացողություն,
- ցավային զգացողություն՝ առանց ակնհայտ պատճառի,
- հազի առաջացում՝ արյունային պարունակությամբ։
Կոկորդի էնդոսկոպիա նշանակվում է նաև այն պացիենտներին, որոնց մոտ ախտորոշվել է.
- լարինգիտ,
- շնչուղիների անանցանելիություն,
- դիսֆոնիա,
- ձայնալարերի պարեզ։
Հակացուցումները
Հետազոտությունը հակացուցված է այն պացիենտներին, որոնց մոտ հայտնաբերվել են` էպիլեպսիա, սրտի հիվանդություններ, կոկորդի կամ քթի խոռոչի բորբոքումներ։
Կոկորդի էնդոսկոպիայի իրականացման կարգը
Կոկորդի էնդոսկոպիան հատուկ նախապատրաստում չի պահանջում։ Էնդոսկոպիայից չորս ժամ առաջ չի կարելի ուտել և խմել, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել փսխման ռեֆլեքսը։ Եթե պացիենտն ունի շարժական ատամնային պրոթեզ, պետք է հանել։
Միջոցառումից առաջ տեղեկացեք, թե ինչ է կոկորդի էնդոսկոպիան, ինչպես է այն իրականացվելու և որքան ժամանակ կարող է տևել։ Բժիշկը պարտավոր է պացիենտին պատմել, թե նրա հետ ինչ է տեղի ունենալու։
Հետազոտության ժամանակ պացիենտը պառկում է մեջքի վրա։ Կոկորդի լորձաթաղանթը ցավազրկվում է։ Էնդոսկոպի ծայրակալը վարակազերծվում է, որի վրա նույնպես ցավազրկող դոնդող է քսվում։ Բժիշկն էնդոսկոպը տեղադրում է պացիենտի կոկորդում։ Հետազոտության ժամանակ ստացված պատկերը` մեծացված, փոխանցվում է էկրանին։ Մասնագետն ուշադրությամբ զննում է կոկորդի անատոմիական կառուցվածքը, շրջան առ շրջան` լորձաթաղանթը։
Զննման ընթացքում բժիշկը կարող է բջջաբանական հետազոտության նպատակով ախտահարված շրջաններից փորձանմուշ վերցնել։ Եթե պահանջվի, կարող են իրականացվել պարզագույն վիրահատական միջամտություններ։
Ի՞նչ է ցույց տալիս էնդոսկոպիան
Կան մի շարք ախտաբանություններ, որոնք հայտնաբերվում են էնդոսկոպիկ եղանակով.
- տարբեր ծագման նորագոյացությունների առաջացում,
- թարախային գործընթացներ, լարինգիտ,
- կոկորդի քիմիական այրվածքներ և վնասումներ,
- ձայնալարերի հիվանդություններ,
- կոկորդում` օտար մարմիններ։
Խորհուրդներ` միջոցառումից հետո
Միջոցառման ավարտին պացիենտի մոտ կարող է հետազոտված շրջանում այտուց և ցավ առաջանալ, երբեմն մի քանի ժամով խռպոտություն է առաջանում։ Սրտխառնոցը և գլխապտույտը չափազանց հազվադեպ երևույթներ են։ Արյունահոսության առաջացումը վկայում է էնդոսկոպիան իրականացնող բժշկի ցածր որակավորման մասին։ Սովորաբար, տհաճ հետևանքներ չեն լինում։ Ուտել և խմել կարելի է հետազոտությունից մեկ ժամ անց։
Sign up here for our newsletter