Home / Popular articles / Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ

Articles

Սառը ձեռքեր և ոտքեր. անհատական առանձնահատկությու՞ն, թե՞ վտանգավոր ազդակ

16 April 2020 | Popular articles | Therapy

Անշուշտ, շրջապատում կան մարդիկ, ում ոտքերն ու ձեռքերը մշտապես սառն են, նույնիսկ տաք շինության ներսում կամ շոգին։ Ի՞նչ է դա. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդության ախտանիշ։

Ձեռքերի և ոտքերի մշտապես սառը լինելու պատճառները շատ են.

  1. Կանանց մոտ այս խնդիրն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Ակնհայտ է, որ պատճառը թույլ ջերմակարգավորումն է՝ պայմանավորված կանանց ֆիզիոլոգիայով՝ հորմոնային ֆոնի մշտական փոփոխություններով։
  2. Բարձրահասակ, նիհար, ասթենիկ կառուցվածքով մարդիկ նույնպես կարող են տառապել ջերմակարգավորման անբավարարությամբ։
  3. Տարեց մարդիկ մշտապես մրսում են, ինչը կապված է օրգանիզմում բոլոր գործընթացների դանդաղեցման հետ, այդ թվում նաև` ջերմափոխանակության։
  4. Ջերմաստիճանի նկատմամբ զգայուն են նաև երեխաները, հատկապես մինչև մեկ տարեկանը։ Ջերմակարգավորումը նրանց մոտ դեռ կայունացած չէ, այդ պատճառով նրանք հեշտությամբ ցրտահարվում են և գերտաքանում։
  5. Սառը ոտքերի և ձեռքերի պատճառը կարող է լինել խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիան վերցնում է սննդից, և, եթե կալորիաները քիչ են, ապա դրանք բավարար չեն լինում նորմալ ջերմաստիճան ապահովելու համար։
  6. Սառը վերջույթների պատճառներից են նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված սթրեսի, ծխելու, չափազանց սեղմող հագուստի, կապի կրման հետևանքով առաջացած անոթների սպազմով։
  7. Երկաթդեֆիցիտային սակավարյունության ժամանակ, որը բնորոշվում է հեմոգլոբինի անբավարարությամբ, հյուսվածքներում թթվածնային քաղցի առաջացմամբ, ջերմարտադրությունը նվազում է։ Արդյունքում, ոտքերը մրսում են, ձեռքերը սառն են, հիվանդը գանգատվում է դյուրհոգնելիությունից, ընդհանուր թուլությունից, գլխապտույտից, քնկոտությունից, ականջներում` աղմուկից։
  8. Շատ հաճախ սառը ձեռքերի և ոտքերի պատճառը վեգետաանոթային դիստոնիան է։ Այն ախտանիշների համալիր է, որն առաջանում է վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ և պարասիմպատիկ բաժինների անհամաձայնեցված աշխատանքի հետևանքով։ Վեգետաանոթային դիստոնիան բնութագրվում է նաև այլ տհաճ երևույթներով, մասնավորապես՝ գլխապտույտով, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներով, հաճախացած սրտխփոցով, սրտի շրջանում ցավերով (սրտային ախտաբանության բացակայության դեպքում)։
  9. Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) անբավարարությունը՝ հիպոթիրեոզը, դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում` ջերմափոխանակային։ Վահանաձև գեղձի հորմոնների ցածր մակարդակի դեպքում լինում են նաև այլ ախտանիշներ, այդ թվում՝ դյուրհոգնելիություն, հիշողության կորուստ, քաշի ավելացում, մաշկի չորություն, եղունգների փխրունություն, փորկապություն և այլն։
  10. Սառը ձեռքերը և ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմնի ցածր ջերմաստիճանը կարող են վկայել ցածր զարկերակային ճնշման՝ զարկերակային հիպոտենզիայի մասին։
  11.  Խցանող էնդարտերիիտը (ծխողների հիվանդություն)՝ ստորին վերջույթների անոթների անցանելիության խանգարումը, սկսվում է սառը ոտքերից, սակայն կարող է ավարտվել փտախտով։ Այլ դրսևորումներից են ոտնաթաթերի թմրածությունը, ոտքերի ցավը և ցնցումները, խոցերը, նեկրոզը։
  12. Շաքարային դիաբետի դրսևորումներից է արյունամատակարարման խանգարումը, սկզբում` մազանոթներում, իսկ այնուհետև նաև` խոշոր անոթներում։ Զարմանալի չէ, որ այս հիվանդությամբ տառապողների մոտ ձեռքերը և հատկապես ոտքերը սառչում են։ Ոտքերն ավելի հաճախ են ախտահարվում, ընդհուպ մինչև «դիաբետիկ ոտնաթաթի» առաջացում, որը լուրջ բարդություն է և սպառնում է ոտքի փտախտով և անդամահատումով։
  13. Սառը ձեռքերը քիչ տարածված հիվանդության՝ Ռեյնոյի համախտանիշի ախտանիշ է։ Այն դրսևորվում է ձեռքի մատների թմրածությամբ, սպազմով և զգայնության կորուստով։
  14. Սրտային անբավարարությունը և վերջինիս հետ կապված անբավարար արյունամատակարարումը նույնպես սառը ձեռքերի և ոտքերի պատճառ են։
  15. Ողնաշարի օստեոխոնդրոզը՝ ողերի դիստրոֆիկ խանգարումները և ձևախախտումները, կարող են արյունամատակարարման խանգարման և, համապատասխանաբար, սառը ձեռքերի և ոտքերի առաջացման պատճառ լինել։

Սառը ձեռքերը և ոտքերը կարող են թույլ ջերմակարգավորման կամ ֆիզիոլոգիական պատճառների (կանանց մոտ հորմոնային տատանումներ, տարեցների մոտ նյութափոխանակության գործընթացների դանդաղում, կառուցվածքային առանձնահատկություններ) արդյունք լինել, կամ` լուրջ ախտաբանության հետևանք: Եթե մշտապես սառչող վերջույթներից զատ, այլ լուրջ ախտանիշներ չկան, զարկերակային ճնշումը նորմալ է, խիստ սննդակարգի չի պահպանվում, հնարավոր է կարիք լինի ստուգել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը և գլյուկոզայի պարունակությունը, ինչպես նաև վահանաձև գեղձի հորմոնների մակարդակը:




Sign up here for our newsletter