Հոդվածներ
Ճանապարհորդություն` ինքնաթիռով, թոքերի հիվանդության առկայության դեպքում
13 Ապրիլ 2022 | Ընդհանուր հոդվածներ | Պուլմոնոլոգ
Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել։
Ստորև այն հիմնական հարցերն են, որոնք պետք է դիտարկել ճամփորդությունը պլանավորելիս և մի քանի խորհուրդ՝ արտասահմանում լավ ինքնազգացողություն ապահովելու համար։
Հարցերի քննարկում բուժող բժշկի հետ
Նախքան ճամփորդություն պլանավորելը պետք է խորհրդակցել բուժող բժշկի հետ։ Ցանկալի է դա կատարել հնարավորին արագ, քանի որ որոշ դեպքերում կարող են պահանջվել Ձեր վիճակը գնահատող լրացուցիչ թեստերի իրականացում և լրացուցիչ թթվածնային աջակցությունկամ դեղերի ընդունում ճամփորդության ընթացքում։
Թթվածնի կիրառում թռիչքի ժամանակ․ ինչու՞ կարող է դրա կարիքը լինել
Ինքնաթիռում օդն ավելի քիչ թթվածին է պարունակում, քան այն օդը, որը սովորաբար շնչում ենք, որի հետևամքով արյանմեջ թթվածնի մակարդակը նվազում է։Եթե Ձեր թոքերն առողջ են, Դուք տարբերությունը չեք զգա։ Եթե Ձեզ մոտ առկա է թոքերի հիվանդություն, թթվածնի մակարդակն արյան մեջ կարող է իջնել, կամ հնարավոր է, որ թոքերը չկարողանան ապահովել արյան մեջ թթվածնի անվտանգ մակարդակը։
Արյան մեջ թթվածնի մակարդակի նվազման հետևանքով կարող է ինքնազգացողությունը վատանալ թռիչքի ժամանակ կամ թռիչքից հետո։ Դա նշանակում է, որ եթե սովորական կյանքում Դուք թթվածնային աջակցության կարիք չունեք, այն կարող է Ձեզ անհրաժեշտ լինել թռիչքի ժամանակ։ Նման դեպքում թթվածնի ինհալյացիաներն արյան մեջ կապահովեն նորմալ և անվտանգ մակարդակ։
Եթե Դուք արդեն լրացուցիչ թթվածին եք կիրառում, ապա թռիչքի ժամանակ կարող է պահանջվել ավելի մեծ քանակություն։
Հիպօքսիկ փորձ կամ թռիչքի գործոնների տանելիության թեստ
Թռիչքի ժամանակ լրացուցիչ թթվածնի անհրաժեշտությունը որոշելու համար կարող է իրականացվել հիպօքսիկ փորձ կամ թռիչքի գործոնների տանելիության թեստ (Fit to Fly)։
Սկզբում Ձեր բուժող բժիշկը քիչ քանակությամբ արյուն կվերցնի` սովորական պայմաններում թթվածնի մակարդակը պարզելու համար (արյան գազային կազմի որոշում)։ Եթե այս փուլում թթվածնի մակարդակը ցածր է, բժիշկը խորհուրդ կտա թռիչքի ժամանակ Ձեզ հետ վերցնել թթվածնի լրացուցիչ աղբյուր։
Եթե թթվածնի մակարդակը նորմալ է, ապա ռիսկերի բացառման նպատակով Ձեզ կառաջարկվի անցնել թռիչքի գործոնների տանելիության թեստ։ Թեստը ենթադրում է 20 րոպեի ընթացքում դիմակի կամ հատուկ մուշտուկի միջոցով օդի ներշնչումը, որի մեջ թթվածնի մակարդակն այնքան է, որքան ինքնաթիռում։ Թեստի իրականացման ժամանակ բժիշկը կլինի Ձեր կողքին և կվերահսկի։ Արյան թթվածնով հագեցվածությունը կչափվի հատուկ սարքի օգնությամբ՝ օքսիմետրով, որը լույսի ճառագայթ է բաց թողնում մատի, ականջի կամ ճակատի միջով։ Եթե պարզվի, որ արյան թթվածնով հագեցվածությունը ցածր է ցանկալի արժեքից, բժիշկը կդադարեցնի թեստի իրականացումը և արյան հետազոտության միջոցով կստուգի թթվածնի մակարդակը։ Եթե թեստը չի ընդհատվում 20 րոպեի ընթացքում, ապա վերջինիս ավարտին բժիշկն արյան ևս մեկ նմուշ կվերցնի՝ թթվածնի մակարդակը ստուգելու համար։
Եթե թթվածնի մակարդակն արյան մեջ լինի նորմայից ցածր, ուրեմն թռիչքի ժամանակ Դուք լրացուցիչ թթվածնի կարիք կունենաք։ Թեստի արդյունքների և Ձեր ընդհանուր վիճակի հիման վրա բժիշկը կարող է որոշել, թե որքան թթվածին է Ձեզ անհրաժեշտ (հոսքի արագությունը)։
Որոշ դեպքերում հնարավոր է լրացուցիչ հետազոտության՝ տիտրման կարիք լինել։ Այս հետազոտությունը գործոնների տանելիության թեստի կրկնությունն է տարբեր քանակությամբ լրացուցիչ թթվածնի ներշնչմամբ, ինչը կօգնի որոշել թթվածնի նորմալ մակարդակի վերականգնմանը նպաստող հոսքի արագությունը։
Որպես կանոն, բժիշկը պացիենտին տեղեկացնում է, թե որքան ժամանակ են վավեր թեստի արդյունքները։ Արդյունքներն ուժի մեջ են, քանի դեռ Ձեր վիճակն անփոփոխ է։ Եթե այն փոփոխվում է (օրինակ` սրացում, արյան մեջ թթվածնի մակարդակի նվազում), ապա հաջորդ թռիչքի պլանավորման ժամանակ Դուք պետք է կրկնակի թեստ անցնեք։
Ծանոթացում ավիաընկերության կանոններին՝ կապված լրացուցիչ թթվածնի հետ
Եթե թռիչքի ժամանակ Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ թթվածին, ծանոթացեք ավիաընկերության կանոններին՝ լրացուցիչ թթվածնի կիրառման հետ կապված, որի համար հաճախ լրացուցիչ վճարում են։ Արժեքը տարբեր ավիափոխադրողների մոտ կարող է տատանվել։ Որոշ ավիաընկերություններ թույլատրում են վերցնել թթվածնի սեփական շարժական կոնցենտրատորը՝ թույլատրված քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալության կողմից (FAA), սակայն հաճախ նշում են սարքի որոշ տեսակներ, որոնք թույլատրվում են կիրառել։ Անհրաժեշտ է այդ հարցերը նախապես քննարկել ավիաընկերության ներկայացուցչի հետ, որպեսզի վստահ լինեք, որ Ձեզ կտրամադրվեն անհրաժեշտ ծառայությունները։
Եթե Դուք թռիչքի ժամանակ վերցնում եք թթվածնի Ձեր սեփական շարժական կոնցենտրատորը, ստուգեք՝ արդյոք Ձեր սարքը թույլատրվա՞ծ է, և համոզվեք, որ ամբողջ թռիչքի ընթացքում սարքի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ մարտկոցներն առկա են։ Ձեզ հետ վերցրեք պահեստային մարտկոցներ` հնարավոր ուշացումների համար։
Տեղեկացում ավիաընկերությանը. բժշկական եզրակացություն
Եթե ինքնաթիռում Դուք լրացուցիչ թթվածնի կարիք ունենաք, ավիաընկերությունը կարող է խնդրել ներկայացնել բժշկական եզրակացությունը, որը, սովորաբար, կոչվում է վկայական` թռիչքին պատրաստ լինելու մասին (Fit to Fly) կամ MEDIF (Medical Information Form)։ Այս եզրակացությունը վկայում է այն մասին, որ Դուք բավարար առողջ եք թռիչքը տանելու համար։ Դուք կամ Ձեր խնամակալը պետք է լրացնեք այդ ձևաթղթի մի մասը, իսկ մյուս մասը կլրացվի բժշկի կողմից։
Յուրաքանչյուր ավիաընկերություն ունի իր ձևաթուղթը, որը կարելի է ներբեռնել իրենց վեբկայքից․ սովորաբար այն գտնվում է հատուկ օգնության մասին տեղեկատվություն պարունակող էջում։ Եթե կայքում այդպիսի տեղեկատվություն չկա, Դուք պետք է կապ հաստատեք ավիաընկերության հատուկ օգնության ցուցաբերման բաժնի հետ։
Որպես կանոն, անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
• երթուղին, թռիչքի ամսաթիվը և տոմսի ամրագրման մասին տեղեկատվություն,
• լրացուցիչ թթվածնի անհրաժեշտությունը (եթե դա վերաբերվում է տվյալ դեպքին), ներառյալ` հոսքի արագությունը (լիտր` րոպեում), հոսքի տեսակը (շարունակական կամ իմպուլսային )։
• Ձեզ հետ առկա բժշկական նշանակության սարքերը (օրինակ, թթվածնի շարժական կոնցենտրատորը (POC), շնչուղիներում մշտապես դրական ճնշում ապահովող սարքերը (CPAP), սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղաշարժման համար նախատեսված սարքերը),
• վերոնշյալ սարքերի համար նախատեսված մարտկոցներին վերաբերվող տվյալներ,
• ում հետ պետք է ճամփորդեք (եթե դա վերաբերվում է տվյալ դեպքին), որպեսզի կարողանաք թռիչքի ժամանակ նստել նրա կողքին։
Սովորաբար, ձևաթղթի ստորագրման և ուղարկման համար պատասխանատվություն կրում են ուղևորները։ Միշտ կարդացեք լրացման հրահանգը, ինչպես նաև տեղեկացեք, թե երբ և ում պետք է ուղարկվի ձևաթուղթը։
Հատուկ օգնության կազմակերպում
Դուք պետք է դիտարկեք հատուկ օգնություն ստանալու հնարավորությունը օդանավակայանում և նշանակակետում։ Օդանավակայանը կարող է ունենալ շատ մեծ տարածք, որտեղ ստիպված կլինեք ոտքով երկար ճանապարհ անցնել (օրինակ` մուտքի դռնից մինչև վայրէջքի դարպասը) կամ երկար ժամանակ կանգնած մնալ` ազատ տեղերի բացակայության պատճառով։
Եթե անգամ Ձեր թռիչքը չի հետաձգվում, ինքնաթիռ կարող եք հասնել ավելի երկար ժամանակում, քան ենթադրում եք։ Հատուկ օգնության շնորհիվ Ձեզ համար ավելի հեշտ կլինի հասնել նշանակակետին։
Ավիաընկերությունը Ձեզ համար օդանավակայանում հատուկ օգնություն կցուցաբերի։ Պետք է այդ ամենը կազմակերպել ավելի վաղ՝ առնվազն թռիչքից 48 ժամ առաջ։ Օդանավակայանների վեբ կայքերում, սովորաբար, կան բաժիններ այն էջերի հղումներով, որոնք ավիաընկերության հատուկ օգնության մասին տեղեկատվություն են պարունակում։ Ուշադրություն դարձրեք նաև ցանկացած կանգառի վրա։
Ձեր նշանակակետի հետ կապված կազմակերպչական հարցեր
Եթե Ձեր արձակուրդի մնացած ժամանակում լրացուցիչ թթվածնային աջակցության կարիք ունեք, պետք է հոգ տանեք դրա մասին նախքան Ձեր ճանապարհորդությունը սկսելը: Ձեր բժիշկը կամ թթվածնի ինհալացիոն սարքի մատակարարը կարող է առաջարկել այլ մատակարար այն երկրում, որտեղ ուղևորվում եք:
Եթե ունեք եվրոպական առողջության ապահովագրության քարտ (EHIC), կարող եք թթվածնով մատակարարումը կազմակերպել այն ծրագրերի օգնությամբ, որոնք հնարավորություն են տալիս օգտվել պետական առողջապահության կողմից տրամադրվող անհրաժեշտ ծառայություններից` ԵՄ ցանկացած երկրում ժամանակավոր գտնվելու ընթացքում, այդ երկրում ապահովագրվածների համար նախատեսված գներով և պայմաններով (որոշ երկրներում անվճար է)։
Համոզվեք, որ Ձեր կողմից ընտրված լրացուցիչ թթվածնի մատակարարը համապատասխանում է Ձեր հանգստի պահանջներին։ Հարկ է նաև ստուգել՝ արդյոք Ձեր բնակեցման վայրը կարո՞ղ է ընդունել թթվածնի մատակարարումը:
Եթե ունեք Եվրոպական բժշկական ապահովագրության քարտ (EHIC), վերցրեք այն Ձեզ հետ և ամբողջ ընթացքում պահեք Ձեզ մոտ՝ հանկարծակի առաջացած բուժօգնության կարիքի համար։
Դուք պետք է հավաստիանաք, որ ճանապարհորդության ընթացքում ունեք համապատասխան ապահովագրություն և որ թոքերի հիվանդության մասին Դուք զգուշացրել եք ապահովագրական ընկերությանը, քանի որ հակառակ դեպքում Ձեր ապահովագրությունը անվավեր կճանաչվի։ Դա կարող է բերել նրան, որ արձակուրդի ընթացքում հիվանդանալու դեպքում մատուցված բժշկական ծառայության դիմաց կարող եք շատ մեծ գումար վճարել։ Ձեզ հետ վերցրեք ապահովագրական փաստաթղթերը և պահպանեք դրանք ամբողջ արձակուրդի ընթացքում։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն