Հոդվածներ
Ի՞նչն է նպաստում միգրենի նոպաների առաջացմանը
25 Մարտ 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ
Միգրենի նոպաների առաջացման տարածված սադրիչ գործոններն են.
• դաշտանային ցիկլի ժամանակ հորմոնների մակարդակի փոփոխությունը,
• սթրեսը,
• քնի ռեժիմի խանգարումը. և՛ քնի պակասը, և՛ավելցուկը,
• եղանակի փոփոխությունը,
• ալկոհոլի կիրառումը,
• պայծառ լույսը կամ լուսային բռնկումները,
• տարբեր մթերքները՝ կարմիր գինի, գարեջուր, մուգ շոկոլադ, պանրի պինդ տեսակներ, ցիտրուսներ, ընկուզեղեն, կոնսերվանտներ պարունակող մթերքներ, արագ սնունդ,
• քաղցը։
Ինչու՞ է այդպես։ Միգրենի զարգացման հիմքում գլխուղեղի նյարդային բջիջների (նեյրոնների) ժառանգականորեն պայմանավորված բարձր գրգռականությունն է։ Միգրենով հիվանդների գլխուղեղի որոշակի գոտիներ շատ զգայուն են տարբեր արտաքին և ներքին ազդակների նկատմամբ։ Տրիգերի ազդեցությանն ի պատասխան, նրանցում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են միգրենի նոպայի առաջացման։
Շատերը մտածում են, որ տրիգերների իմացությունը կօգնի խուսափել միգրենի նոպաներից։ Դա այդպես է, սակայն կան նրբություններ, որոնց մասին ներկայացնում ենք ստորև։
1. Կան տրիգերներ, որոնք ամենահաճախն են հանդիպում, սակայն միգրեն ունեցող մարդկանց համար ունիվերսալ տրիգեր գոյություն չունի։
Օրինակ, շատերի մոտ նոպաներ առաջանում են սուրճի կամ թեյի մեջ պարունակվող կոֆեինի ազդեցությամբ։ Այդ մասին լսելով Ձեր ծանոթներից` Դուք կարող եք հրաժարվել կոֆեինից։ Սակայն անձամբ Ձեզ համար կոֆեինը կարող է անվնաս լինել։ Կամ հնարավոր է նոպայի առաջացմանը նպաստի կոֆեինի չարաշահումը և ընդհակառակը՝ վերջինից կտրուկ հրաժարվելը։ Ի դեպ, որոշ մարդկանց կոֆեինը նույնիսկ փրկում է միգրենից։ Այդ պատճառով այն ներառված է որոշ համակցված ցավազրկողների բաղադրության մեջ։
2. Նույնիսկ տիպիկ տրիգերը միշտ չէ, որ բերում նոպայի առաջացման։
Օրինակ, Դուք գիտեք, որ կարմիր գինին Ձեզ մոտ միգրենի նոպա է առաջացնում։ Սակայն մեկ այլ անգամ կարմիր գինի փորձելիս կարող եք ընդամենը թեթև գլխացավ ունենալ։ Ինչու՞ է այդպես տեղի ունենում։ Դա պայմանավորված է նրանով, որ գլխացավի առաջացման վրա, բացի հիմնական տրիգերից՝ կարմիր գինուց, կարող են ազդել նաև այլ գործոններ, օրինակ.
• միգրենի նոպան կարող է առաջանալ հիմնական տրիգերի և այլ տրիգերի համակցության դեպքում. կարմիր գինի + շոկոլադային դեսերտ կամ կարմիր գինի + այդ օրը անբավարար քուն։
• դաշտանային ցիկլի փուլը․ կարմիր գինին «աշխատում է» միգրենի վրա միայն դաշտանի ժամանակ։
3. Հակամիգրենային սննդակարգեր չկան։
Կան «հակամիգրենային» սննդակարգերի կողմնակիցներ և հակառակորդներ։ Սակայն չկան գիտական տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են դրանց արդյունավետությունը։ Կարևոր է հիշել, որ տրիգերներն անհատական են և դրանք կարելի պարզել միայն գործնականում։ Պոտենցիալ միգրեն առաջացնող բոլոր մթերքներից հրաժարվելն անիմաստ է:
Յուրաքանյուրն իր մոտ միգրենի պատճառ հանդիսացող տրիգերները կարող է որոշել գլխացավի մասին օրագիր պահելու օգնությամբ։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն