Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը

Հոդվածներ

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը

07 Նոյեմբեր 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ, ինչպիսին միջողնային սկավառակի ճողվածքն է։ Այսպիսի հիվանդությունից ազատվելն արդեն դժվար է։

Ի՞նչ է միջողնային ճողվածքը:
Միջողնային սակավառակները նվազեցնում են ողերի միջև ճնշումը։ Ճողվածքի ժամանակ տեղի է ունենում սկավառակի կորիզի արտանկում ողնաշարային խողովակ, ինչը ֆիբրոզ օղի քայքայման հետևանք է: Նորմայում այն շրջապատում է սկավառակը և համաչափ բաշխում ճնշումը, իսկ երբ մի կողմից քայքայվում է, միջողնային սակավառակի կորիզը դուրս է գալիս։

Այդ ժամանակ ողի մոտ նյարդարմատների ճմլման հետևանքով առաջանում է ցավ։ Եվ, քանի որ նյարդաթելերը կապված են ողնուղեղի հետ, ցավը չի սահմանափակվում միայն մեջքի վնասված մասով, այլ կարող է տեղաշարժվել դեպի ձեռքը կամ ոտքը։

Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում հիվանդությունը:
Միջողնային սկավառակի ճողվածքը կարող է զարգանալ ողնաշարի ցանկացած մասում։ Տեղակայման մասին վկայում է աճառի քայքայման տեղում կրակող կամ ձգող բնույթի ցավը, որը շարժումների ժամանակ կարող է ուժեղանալ։ 

Բացի այդ, ճողվածքի մասին վկայում են հետևյալ ախտանիշները.

  • նվվացող ցավեր` վերջույթներում, ուսերում կամ կրծքավանդակում,
  • ողնաշարի շարժունակության նվազեցում,
  • ոտքերի կամ ձեռքերի մկաններում` զգայնության իջեցում և թուլություն,
  • նյարդաբանական խանգարումներ. գլխացավեր, անքնություն, զարկերակային ճնշման տատանումներ, թուլություն, գլխապտույտ,
  • միզասեռական համակարգի և աղիների գործունեության խանգարումներ։

Ախտանիշների դրսևորումը պայմանավորված է ճողվածքի տեղակայումով։ Ուսերի ցավը, թմրածությունը և ձեռքերի թուլությունը պարանոցային մասի վնասման նշան են։ Գոտկային շրջանի միջողնային սկավառակի քայքայման ժամանակ սկսվում են փոքր կոնքի օրգանների և աղիների հետ կապված խնդիրներ։ Այդ դեպքում թմրածությունը և ցավերը տարածվում են դեպի ազդր, ոտնաթաթ կամ ոտքն` ամբողջությամբ։

Ինչի՞ հետևանքով է զարգանում միջողնային սկավառակի ճողվածքը
Միջողնային սկավառակների դեգեներատիվ գործընթացները, ինչպես և ողնաշարի մյուս հիվանդությունները, պայմանավորված են ողնաշարի անբնական դիրքով։ Առավել հաճախ քայքայման ենթակա է գոտկասրբանային հատվածը. նրա վրա վերևից ազդում է մարմնի ամբողջ զանգվածը։

Իհարկե, գերազանց առողջություն և սպորտային կառուցվածք ունեցողները, ինչպես նաև ակտիվ կենսակերպ վարողները, վախենալու ոչինչ չունեն։ Սակայն, եթե արդեն հայտնաբերվել է ողնաշարի հիվանդություն (օրինակ, օստեոխոնդրոզ), կամ մեջքի մկանները թույլ են զարգացած, ապա ճողվածքի հավանականությունը բարձր է։

Ֆիբրոզ օղերի քայքայմանը նպաստում է նաև ավելորդ քաշը։ Ողերն առանց այդ էլ գտնվում են բարձր ճնշման տակ և ավելորդ քաշի դեպքում կարող են պարզապես չդիմանալ գերծանրաբեռնվածությանը։ Ճողվածքների զարգացման վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարեցների թուլացած օրգանիզմը, աուտոիմուն հիվանդությունները և խանգարված նյութափոխանակությունը։ Այդ բոլորն ազդում են ողնաշարի ոսկրերի և աճառների ամրության վրա։

Ախտորոշման ի՞նչ եղանակներ կան:
Ողնաշարի հիվանդություններով, այդ թվում նաև ճողվածքներով զբաղվում են օրթոպեդը և նյարդաբանը։ Նյարդավիրաբույժը կվիրահատի, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իսկ կոնսերվատիվ բուժում կկազմակերպի ֆիզիոթերապևտը։

Միայն զննումը բավական է ճողվածքի ախտորոշման համար։ Քանի որ կրծքավանդակի ցավ և վերջույթների թմրածություն կարող են առաջանալ նաև ներքին օրգանների և գլխուղեղի հիվանդությունների ժամանակ, հարկ է կատարել ողնաշարի ռենտգեն հետազոտություն։ Այդ արդյունքներով կարելի է հասկանալ՝ խնդիրը ողե՞րն են, թե՞ նմանատիպ ախտանիշներն առաջացել են այլ հիվանդության հետևանքով։

Եթե ռենտգեն հետազոտությամբ հաստատվում է միջողնային սկավառակի ձևախախտումը, ապա ողնուղեղի և մոտակա նյարդերի զննման համար հարկ է կատարել առավել ճշգրիտ այլ հետազոտություններ.

  • ողնաշարի ՄՌՏ-ն ախտորոշման լավագույն մեոդներից, քանի որ փափուկ հյուսվածքները, նյարդային կորիզները և ողնուղեղի կառուցվածքն առավել տեսանելի են,
  • ողնաշարի ՀՏ-ն հիմնականում կիրառում են վնասվածքների կասկածի դեպքում։

Ինչպե՞ս կարելի է բուժել ճողվածքը:

Միջողնային սկավառակների փոքր ելուստները բուժվում են կոնսերվատիվ։ Խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ դեղները.

  • ցավազրկողները կարող են վերացնել անհարմարավետությունն ու տհաճ զգացողությունները,
  • հակաբորբոքիչները կարգելակեն ախտաբանական գործընթացները,
  • վիտամինահանքային համալիրները նպաստում են ոսկրային և աճառային հյուսվածքների ամրացմանը։

Ճողվածքի սկզբնական ձևի լավագույն բուժումը ֆիզիոթերապիան է՝ մերսում, էլեկտրաֆորեզ, մանուալ թերապիա։ Գերազանց արդյունք են տալիս բուժական ֆիզկուլտուրան, շարժումների սահմանափակման նպատակով սեղմիրանի և բանդաժի կանխարգելիչ կրումը։

Մի քանի ամսվա ընթացքում ոչ արդյունավետ բուժման դեպքում հիվանդության ցանկացած փուլում իրականացվում է վիրահատություն։ Եթե հիվանդությունը բարձիթողի վիճակում չէ, վերականգնումը երկար չի տևում։

Ինչպե՞ս կանխարգելել:

Ինչպես ողնաշարի մյուս դեգեներատիվ հիվանդությունների ժամանակ, ճողվածքների հիմնական կանխարգելումը առողջ, շարժուն կենսակերպն է։ Անհարմարավետության և թույլ ցավերի դեպքում հարկ է բժշկի դիմել։ Մեջքի ցանկացած վնասում կարող է բերել ողերի և միջողնային սակավառակների քայքայման։

Արդեն ախտորոշված ճողվածքի ժամանակ, ընդհակառակը, պետք է հոգ տանել մեջքի մասին և չծանրաբեռնել այն։ Ողնաշարի ճողվածքով պատանիները, սովորաբար, ազատվում են բանակում ծառայելու պարտականությունից։ Երեխաներ ունենալ ցանկացող կանանց խորհուրդ է տրվում կրել հատուկ կորսետներ: Բուժումից հետո պետք է խստորեն կատարել բուժող բժշկի խորհուրդները՝ բարդություններից, անհետաձգելի վիրահատությունից և դրան հաջորդող երկարատև վերականգնումից խուսափելու համար։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն