Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ի՞նչ է իշեմիկ կոլիտը

Հոդվածներ

Ի՞նչ է իշեմիկ կոլիտը

22 Հուլիս 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ

Իշեմիկ կոլիտը հաստ աղիքում բորբոքային գործընթացով պայմանավորված ախտաբանություն է, որը զարգանում է աղիների զարկերակների աթերոսկլերոզի (նեղացման) հետևանքով առաջացած արյունամատակարարման խանգարման ֆոնին։

Գործոնները

Հիմնականում հիվանդանում են բարձր տարիքային խմբի՝ 50 տարեկանն անց, ինչպես նաև .

  • որովայնի խոռոչի օրգանների վիրահատությունից հետո,
  • որովայնի վնասվածքից հետո,
  • որյան հիվանդությունների դեպքում,
  • վասկուլիտով (անոթների համակարգային իմունաբանական հիվանդություններով) հիվանդները։

Ախտանիշները

Հիվանդությունը դրսևորվում է որովայնի ստորին ձախ հատվածում տարբեր ուժգնության ցավային զգացողություններով։ Ցավերը կարող են ուժգնանալ սննդի ընդունումից հետո։ Պացիենտին անհանգստացնում է գղտոցը, սրտխառնոցը, որովայնի փքվածությունը, քաշի անկումը, անկայուն կղանքը, կղանքային զանգվածներում առկա արյունային ձգանները կամ, նունիսկ, արյան մակարդուկները։

Ախտորոշումը

Ներառում է հետազոտության գործիքային եղանակներ.

  • hաստ աղու ռենտգեն հետազոտություն (իրիգոսկոպիա)՝ ռենտգեն կոնտրաստ նյութի ներմուծմամբ,
  • կոլոնոսկոպիա,
  • ստորին ընդերային զարկերակի անգիոգրաֆիա՝ անոթների խցանման պատճառը և վերջինիս մակարդակը պարզելու համար։ 

Սա որովայնի խոռոչի անոթների ռենտգենաբանական հետազոտություն է՝ վերջիններիս մեջ կոնտրաստ նյութի ներմուծմամբ։ Անգիոգրաֆիայի ժամանակ կարելի է մանրամասն հետազոտել աղիների որոշակի հատվածի արյունամատակարարման առանձնահատկությունները։

Բուժումը

Որպես կանոն, հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ։ Բուժման հիմքում անոթալայնիչ և հակաագրեգանտ միջոցներով դեղորայքային բուժումն է։ Քրոնիկական ցավային համախտանիշի վերացման համար կիրառում են նիտրատներ և սպազմոլիտիկ միջոցներ։ Իշեմիկ կոլիտի ժամանակ վիրաբուժական միջամտությունն իրականացվում է հատուկ ծանր, բարձիթողի դեպքերում՝ հիվանդի կյանքին սպառնացող բարդությունների զարգացման դեպքում։ Վիրահատության էությունը աղիների ախտահարված հատվածների հեռացումն է։ Ներկայում իշեմիկ կոլիտի վիրահատական բուժման ժամանակ հաճախ կիրառում են նվազագույն միջամտական եղանակներ, ինչպիսին է ախտահարված անոթում վերջինիս լայնացման նպատակով ստենտի տեղադրումը։

Կանխարգելումը

Քանի որ իշեմիկ կոլիտը հիմնականում աթերոսկլերոզի, սրտային անբավարարության հետևանք է, կամ աղիների, ստամոքսի, փոքր կոնքի օրգանների վրա իրականացված միջամտության հետվիրահատական շրջանի բարդություն, ուստի կանխարգելման հիմքում առաջնային հիվանդությունների բուժումն է: Մեծ նշանակություն ունի ճիշտ սնուցումը և կանոնավոր կանխարգելիչ բժշկական զննումները:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն