Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Կլինիկական դեպք. Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժում

Կլինիկական դեպքեր

Կլինիկական դեպք. Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժում

21 Հոկտեմբեր 2022 | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն

«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը:

Պացիենտը վերոնշյալ գանգատով դիմել էր բազմաթիվ բուժհաստատություններ, կատարել հետազոտություններ, ոտնաթաթի ցավոտ շրջանում իրականացվել են ներարկումներ, սակայն՝ ապարդյուն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում պացիենտի մոտ կլինիկորեն ախտորոշվեց Մորտոնի նևրոմա, որը հաճախակի հանդիպող ախտաբանություն է: Նման ճառագայթող ցավի դեպքում Մորտոնի նևրոման դիտարկվող առաջին պատճառներից է:

Հոդաբան սոնոգրաֆիստի կողմից պացիենտի մոտ կատարվեց ուլտրաձայնային հետազոտություն: Նախնական ախտորոշվեց Մորտոնի նևրոմա, որը ՄՌՏ հետազոտության արդյունքում հաստատվեց:

Մորտոնի նևրոման հեռացվեց վիրահատական եղանակով:

Վիրահատությունն իրականացվեց տեղային՝ լոկոռեգիոնալ անզգայացմամբ: Կտրվածքի միջոցով Մորտոնի նևրոման շերտազատվեց շրջակա հյուսվածքներից, և հեռացվեց առողջ նյարդի սահմանում: Վիրահատությունը տևեց 30-40 րոպե:

Հիվանդն նույն օրը՝ մի քանի ժամ անց, դուրս գրվեց` առողջացումով:

Մորտոնի նևրոման նյարդի բարորակ գոյացություն է, որը պացիենտի մոտ ուժեղ ցավերի պատճառով ստեղծում է արտահայտված անհարմարություն: Ցավերն առավել հաճախ արտահայտվում են գիշերը, որի հետևանքով խիստ տուժում է նաև հիվանդի կյանքի որակը:

Այդ պատճառով Մորտոնի նևրոմայի վիրահատությունը ո՛չ միայն բուժիչ միջոց է, այլև բարելավում է հիվանդի կյանքի որակը:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն