Գլխավոր / Լուրեր / Անվտանգ ատամնաբուժական ծառայություն կորոնավիրուսի պայմաններում

Լուրեր

Անվտանգ ատամնաբուժական ծառայություն կորոնավիրուսի պայմաններում

26 Ապրիլ 2020 | Լուրեր | Ստոմատոլոգիա

Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) տարածման կաթիլային եղանակը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) առաջին հրահանգներից է ատամնաբուժական ծառայության նվազեցումը և նրա կազմակերպումը միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Գիտակցելով և կարևորելով պացիենտների ու բնակչության շրջանում վարակի տարածման վտանգը, ԱՀԿ հայտարարության առաջին իսկ օրվանից «Նաիրի» ԲԿ ատամնաբուժական ծառայությունը դադարեցվել էր` մինչև աշխատասենյակի տեխնիկական վերազինումը և անձնակազմի համապատասխան պաշտպանիչ պարագաներով ապահովումը:

Պացիենտը պետք է վստահ լինի, որ կատարվող միջամտության ընթացքում հնարավոր վարակը բացառված է, այսինքն, վարակի փոխանցում նախորդ պացիենտից հաջորդ պացիենտին տեղի չի ունենա: Դա հնարավոր է իրականացնել հետևյալ պայմաններում.

  • Պացիենտին սպասարկող անձնակազմը պետք է առավելագույն զինված լինի անձնական պաշտպանության հագուստով և պաշտպանիչ միջոցներով, ինչը թույլ կտա բարձրացնել անձնակազմի անձնական անվտանգությունը և նվազեցնել անձնակազմից վարակի հնարավոր փոխանցումը հաջորդ պացիենտին:
  • Պետք է ախտահանել բոլոր մակերեսները և սենյակի օդը` առկա գործիքների ախտահանման համար անհրաժեշտ նվազագույն ժամանակում: Օդի ախտահանման տարբերակ է օդի ֆիլտրացիան, ռեցերկուլյատորների, բաց տիպի ախտահանիչ լապերի կիրառումը, որոնց օգնությամբ, կախված սարքերի տեխնիկակական պարամետրերից, աշխատասենյակի օդն ամբողջովին ախտահանվում է 0.5-1 ժամում: Այդ ժամանակը բավարար է օդը ֆիլտրելու, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ախտահանելու և վիրուսի առկայությունը բացառելու համար:

«Նաիրի» բժշկական կենտրոնի ատամնաբուժական բաժանմունքում այս ընթացքում կահավորվել և առանձնացվել է երկու աշխատասենյակ: Ինչո՞ւ է կարևորվում երկու աշխատասենյակի անհրաժեշտությունը.

  • Քանի դեռ առաջին ախտահանված սենյակում կատարվում է միջամտությունը, երկրորդ սենյակն ամբողջովին ախտահանվում է: Գործիքների, բռնակների և անմիջական շփման մեջ գտնվող մակերեսներն ախտահանելու համար օգտագործվում է մեկանգամյա օտագործման կպչուն պաշտպանիչ թաղանթներ` նվազեցնելու վարակի հնարավոր անմիջական հպումը: Յուրաքանչյուր պացիենտից հետո բռնակների, կոնտակտային մակերեսների վրայի թաղանթները փոխվում են: 

  • Ախտահանիչ սարքերը միացվում են պացիենտի և անձնակազմի բացակայությամբ, փակ սենյակի պայմաններում, ժամանակացույցով` պահպանելու սենյակում եղած շրջանառվող օդը ախտահանման նվազագույն ժամանակը (ռեցերկուլյատորը կարող է միացված լինել նաև միջամտության ժամանակ): Այսպիսով, պատրաստ է ախտահանված երկրորդ աշխատասենյակը, քանի դեռ առաջինում տեղի է ունենում միջամտություն:
  • Առաջին աշխատասենյակի միջամտության ավարտից հետո անձնակազմն ամբողջությամբ հանում է պաշտպանիչ հանդերձը, կախում համապատասխան պահարանի մեջ, որտեղ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման: Անձնակազմը հագնում է նոր ախտահանված հանդերձ, միանգամյա օգտագործման պաշտպանիչ պարագաներ և ախտահանված երկրորդ սենյակում ընդունում հաջորդ պացիենտին, այսպիսով, նվազեցնելով նաև ժամանակի կորուստը:

Ծառայության մասնագետ Էդուարդ Յուրիի Թոխունց



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն