Գլխավոր / Լուրեր / Գիշերային կուրություն

Լուրեր

Գիշերային կուրություն

17 Հունիս 2022 | Լուրեր | Ակնաբանություն

Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ, օրինակ, կարճատեսության։

Ի՞նչ է գիշերային կուրությունը

Պետք է հիվանդության անվանումը տառացիորեն չընկալել։ Հաճախ գիշերային կուրության ախտորոշմամբ պացիենտները մթության մեջ առողջ մարդկանցից որոշ չափով վատ են տեսնում կամ տեսողական խնդիրները նկատում են միայն մեքենա վարելիս։

Գիշերային կուրության որոշ ձևեր բուժելի են, որոշները՝ ոչ։

Գիշերային կուրության պատճառները և ախտանիշները

Գիշերային կուրության առաջացմանը կարող են նպաստել մի շարք այլ հիվանդություններ և վիճակներ։

Գիշերային կուրության ամենատարածված պատճառներն են.

  • կարճատեսությունը,
  • կատարակտը և ոսպնյակի պղտորման ցանկացած այլ պատճառները,
  • պիգմենտային ռետինիտը. վիճակ, որի ժամանակ ցանցենում կուտակվում է թունելային տեսողության զարգացմանը նպաստող պիգմենտ,
  • Աշերի համախտանիշը. բնածին գենետիկ հիվանդություն է, որն ազդում է ինչպես լսողության, այնպես էլ տեսողության վրա։

Գիշերային կուրությունը հաճախ հանդիպում է տարեցների մոտ, ինչը պայմանավորված է նրանով, որ այս տարիքային խմբի մոտ կատարակտի զարգացման ռիսկն ավելի բարձր է։

Հազվադեպ գիշերային կուրության պատճառ կարող է լինել A վիտամինի անբավարարությունը։ Վիտամին А-ն կամ ռետինոլն ապահովում է ցանցենու վրա նյարդային իմպուլսների վերափոխումը պատկերների։ Ենթաստամոքսային գեղձի անբավարարությամբ տառապող պացիենտներն առնչվում են վիտամին A-ի անբավարարության հետ, որը մեծացնում է նիկտալոպիայի զարգացման ռիսկը։

Ռիսկի խմբում են նաև շաքարային դիաբետով հիվանդները, քանի որ նրանց մոտ կատարակտն ավելի հաճախ է հանդիպում։

Գիշերային կուրության միակ ախտանիշը մթության մեջ տեսողության վատացումն է։ Հաճախ այն նկատվում է վառ լուսավորությունից կտրուկ վատ լուսավորություն անցնելիս, օրինակ, երբ արևային փողոցից մտնում եք կիսամութ ռեստորան և գրեթե ոչինչ չեք տեսնում։

Սովորաբար, մթության մեջ տեսողության վատացումը նկատվում է հատկապես մեքենա վարելիս, երբ վարորդին լուսարձակների և լապտերների լույսը կուրացնում է այն աստիճան, որ նա իրենից քիչ հեռու գտնվող ոչինչ չի տեսնում։

Գիշերային կուրության ախտորոշումը և բուժումը

Բժշկի կողմից ճիշտ ախտորոշման համար բավարար է ախտանիշների նկարագրությունը և հիվանդության պատմությունը։ Լրացուցիչ հետազոտությունները կօգնեն պարզել պատճառները։ Օրինակ, արյան հետազոտության շնորհիվ հաստատվում կամ բացառվում է վիտամին A-ի անբավարարությունը կամ շաքարի բարձր մակարդակը։

Կարճատեսության, կատարակտի կամ վիտամին А-ի անբավարարության հետևանքով առաջացած գիշերային կուրությունը բուժվում է։ 

Ոսպնյակները և ակնոցները հնարավորություն են ընձեռում վերացնել կարճատեսությունը և բարելավել տեսողությունը մթության մեջ։ Եթե տեսողական խնդիրները մթության մեջ չեն անցնում նույնիսկ ակնոցներով կամ ոսպնյակներով, հարկ է դիմել բժշկին:

Կատարակտի բուժումը կօգնի ազատվել գիշերային կուրությունից։

Նույնը վերաբերում է նաև A վիտամինի անբավարարությանը. վերջինիս մակարդակի վերականգնումը երաշխավորում է նորմալ տեսողության վերադարձը։

Գիշերային կուրությունը բուժման չի ենթարկվում գենետիկակ խնդիրների, օրինակ, պիգմենտային ռետինիտի դեպքում։

Հնարավոր չէ գիշերային կուրությունը կանխել, եթե այն առաջացել է գենետիկ խանգարումների հետևանքով, սակայն շաքարի և վիտամին A-ի մակարդակի վերահսկումը համարվում է նիկտալոպիայի բարձր արդյունավետությամբ կանխարգելում։

Հակաօքսիդանտներով և հանքանյութերով հարուստ մթերքների կիրառումը նվազեցնում է կատարակտի զարգացման ռիսկը, որը գիշերային կուրության ամենտարածված պատճառներից է։

Եթե ախտորոշել են գիշերային կուրություն, պետք է հետևել անվտանգության որոշ կանոնների.

  • խուսափեք մթության մեջ ավտոմեքենա վարելուց,
  • կրեք արևապաշտպան ակնոցներ, լայնեզր գլխարկ` աչքերը արևի վառ լույսից պաշտպանելու համար։




Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն