Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ

Լուրեր

«Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ

21 Ապրիլ 2020 | Լուրեր | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն

«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը շուրջ երկու տարի է, ինչ բարեհաջող իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ։ Այն ենթադրում մի քանի պլաստիկ վիրահատական միջամտություն՝ միաժամանակ, համակցված եղանակով։

Նման ծառայության մատուցումն անհրաժեշտություն էր կենտրոնի համար, քանի որ վերջին շրջանում ավելացել են այն պացիենտների թիվը, որոնք ցանկանում էին կտրուկ իմիջային փոփոխություն կատարել։

Մասնագետի փոխանցմամբ՝ իրենց ծառայությանը դիմած պացիենտները նշում են, որ իրենց չի գոհացնում դեմքը կամ մարմնի կառուցվածքը և այլն։
«Փորձը ցույց է տվել, որ մեզ դիմած այդ պացիենտները չունեն հոգեբանական կամ նյարդային շեղումներ, ինչը հաշվի առնել շատ կարևոր է։ Պարզապես, նրանց ինչ-որ բան չի գոհացնում, և նրանք չեն կողմնորոշվում` ինչ անել։ Նման դեպքերում պացիենտի հետ միասին մենք քննարկում ենք արտաքին տեսքն ու տալիս համապատասխան խորհուրդներ»։

Բժշկի խոսքով՝ իմիջի կտրուկ փոփոխությունը սկսում են քթի վիրահատությունից, հետո` ծնոտի, քանի որ քիթն ու ծնոտը պետք է համաչափ լինեն։
«Վիրահատությունից հետո գոյություն ունի ներարկումների մի ամբողջ շարք։ Այսինքն՝ ներարկումների միջոցով կարգավորում ենք դեմքը, ինչի արդյունքում դեմքն` ընդհանուր առմամբ, փոխվում է։ Երբեմն մեր պացիենտները ցանկանում են նմանվել այս կամ այն հայտնի մարդկանց, ներկայացնում են լուսանկարներ և խնդրում ստանալ այդ իմիջին համապատասխան դեմք, ինչը մեր կողմից իրականացվում է վիրահատական և ոչ վիրահատական մեթոդներով»։

Անդրադառնալով հոգեբանական և նյարդային շեղումներ ունեցող պացիենտներին, մասնագետը նշում է, որ ամբողջ աշխարհում պլաստիկ վիրաբուժության բաժանմունքներում պացիենտը, նախքան պլաստիկ վիրաբույժին դիմելը, պետք է հոգեբանի պարատադիր խորհրդատվություն ստանա։

«Մեր բաժանմունքում միշտ կիրառել ենք այդ փորձը։ Ցավոք, Հայաստանում դեռ այնքան էլ զարգացած չէ հոգեբանին դիմելու մշակույթը։ Ուստի, հայ իրականության մեջ այդ ծանր բեռն իրենց վրա են վերցնում պլաստիկ վիրաբույժները։ Բանն այն է, որ, երբեմն, պացիենտների ցանկությունները կարող են լինել անհավանական։ Պետք է հաշվի առնել, որ պլաստիկ վիրահատությունն ու պլաստիկ վիրաբույժը կարող է փոփոխել իմիջը, շտկել մարմնի այս կամ այն անհամաչափ հատվածը, սակայն չի կարող վերացնել անձնական խնդիրները։ Ցավոք, լինում են նաև դեպքեր, երբ պլաստիկ վիրահատությունից հետո մարդը դառնում է ոչ ադեկվատ։ Նրա մոտ կարող են լինել ագրեսիվ դրսևորումներ, ինչը մեծ խնդիր է վիրաբույժի համար։ Լինում են դեպքեր, որ, պարզապես, պետք հրաժարվել տվյալ պացինետին վիրահատելուց»։

Մասնագետը հավելում է, որ իմիջային պլաստիկ վիրահատությունները կարող են կատարվել համակցված եղանակով, և դա կախված է վիրահատության տեսակից։
«Իմիջային պլաստիկ վիրահատության դեպքում հնարավոր է կատարել, այսպես կոչված, համակցված վիրահատություն։ Այսինքն, միաժամանակ վիրահատել քիթը, ծնոտն ու կրծքագեղձը։ Երեքից ավելի միջամտություն խորհուրդ չի տրվում՝ բարդություններից խուսափելու համար։ Ինչ վերաբերում է հիվանդի` ստացիոնարում անցկացրած օրերի թվին, սովորաբար, դա երկար չի լինում։ Պացիենտն մեկ-երկու օրից կարող է վերադառնալ բնականոն կյանքի, բացառությամբ մեծ ծավալի ու բարդության վիրահատությունների, օրինակ՝ աբդոմինոպլաստիկան և այլն։ 10-14 օր հետո, հետվիրահատական շրջանում, ավելանում են ներարկումներ ՝ վերջնական արդյունքին հասնելու համար։ Յուրաքանչյուր դեպք անհատական մոտեցում է պահանջում։ Մենք առաջնորդվում ենք այն կարգախոսով, որ հանուն գեղեցկության պետք չէ վնաս հասցնել սեփական առողջությանը»։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն