Լուրեր
Նոյեմբերի 14-ը շաքարային դիաբետի դեմ պայքարի օրն է. Նոնա Մարտիրոսյանը
14 Նոյեմբեր 2019 | Լուրեր | Էնդոկրինոլոգիա | Նոնա Համլետի Մարտիրոսյան
Կարևորելով հիվանդությունն ու հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, պատրաստել ենք շաքարային դիաբետի վերաբերյալ պացիետների կողմից հաճախ տրվող հարցերին, որոնց պատասխանել է Նաիրի բժշկական կենտրոնի՝ էնդոկրինոլոգ, բ.գ.թ, դոցենտ Նոնա Մարտիրոսյանը։
- Ի՞նչ է շաքարային դիաբետը։
- Շաքարային դիաբետը ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարությամբ քրոնիկ հիպերգլիկեմիան է, որնուղեկցվում է նյութափոխանակության բոլոր օղակների ախտահարումով և իրենից բխող բարդությունների զարգացումով՝ միկրո-մակրոանգիոպաթիաների տեսքով։
- Ի՞նչ ախտանիշների դեպքում դիմել էնդոկրինոլոգի։
- Շաքարային դիաբետի դեպքում ի հայտ են գալիս ընդհանուր թուլություն, բերանի չորություն, անհագ ծարավի զգացում, շատա- և գիշերամիզություն, քաշի իջեցում, կարող է լինել մարմնի քոր: Այս ախտանիշները կարող են դրսևորվել առանձին կամ մի քանիսը` միաժամանակ:
- Ի՞նչ տարբերություն կա շաքարային դիաբետ 1 և 2 տիպերի միջև:
- Տարբերակում ենք տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետ:
Տիպ 1 դիաբետը ինսուինկախյալ է, կլինիկական ախտանիշները դրսևորվում են սուր, բուժումն իրականացվում է ինսուլինաթերապիայով: Այն դրսևորվում է երեխաների և երիտասարդների մոտ:
Տիպ 2 դիաբետը զարգանում է հասուն տարիքում, ընդ որում, հնարավոր է`երկար տարիներ և անախտանիշ, ինչը հայտնաբերվում է պատահական հետազոտման արդյունքում: Բուժումն իրականացվում է, նախևառաջ, ապրելակերպի փոփոխմամբ (սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն) և շաքարիջեցնող հաբերով։
Հաշվի առնելով այս համգամանքը՝ հարկ է պարբերաբար զննումներ իրականացնել։
- Երեխաների պարագայում՝ ի՞նչպիսի ախտանիշների դեպքում դիմել էնդոկրինոլոգի:
- Երեխաների մոտ հիմնականում զարգանում է տիպ 1 դիաբետը`զուգորդվելով սուր, կլինիկական դրսևորումներով, ուստի իր մասին հիվանդությունն անմիջապես զգացնել է տալիս. երեխան սկսում է շատ ջուր խմել, նիհարել, մինչև անգամ կարող է դեբյուտը լինել դիաբետիկ կոմայով:
- Կարո՞ղ է դիաբետով հիվանդ մայրն ունենալ առողջ երեխա: Ինչպիսի՞նն է պատկերը երկու ծնողների մոտ դիաբետի առկայության դեպքում։
- Առաջին հարցի պատասխանը. միանշանակ`այո, կարող է առողջ երեխա ունենալ։
Եթե ծնողներից մեկն է հիվանդ տիպ 1 դիաբետով, ապա դիաբետի ռիսկը 5-8 % է, եթե երկուսն էլ հիվանդ են, ապա` 23%, եթե ծնողներից մեկը` տիպ 1, իսկ մյուսը` տիպ 2 դիաբետով է հիվանդ , ապա դիաբետի ռիսկը 8-10 % է: Տիպ 2 դիաբետի դեպքում տոկոսային հարաբերակցությունն առավել բարձր է։
- Որքա՞ն արագ է զարգանում դիաբետը:
- Տիպ 1 դիաբետի դեպքում հիվանդությունը զարգանում է շատ արագ՝ զուգորդվելով սուր կլինիկական դրսևորումներով, տիպ 2-ի դեպքում պատկերն այլ է՝ կարող է ընթանալ թաքնված, սկիզբը` աստիճանաբար:
- Ո՞ր դեպքերում է ճարպակալումը բերում դիաբետի:
- Ճարպակալումը, ինքնին, առանձին ռիսկի գործոն է դիաբետի զարգացման գործընթացում. խոսքը որովայնային (աբդոմինալ) ճարպակալման մասին է։ Որքան բարձր է ճարպակալման աստիճանը, այնքան մեծ դիաբետով հիվանդանալու ռիսկը. Առաջին աստիճանի ճարպակալման դեպում դիաբետի ռիսկը կրկնապատկում է, երկրոդ աստիճանի դեպքում` աճում է 5 անգամ, երրորդ աստիճանի դեպում` 10 անգամ:
Աբդոմինալ ճարպակալման դեպում զարգանում է ինսուլինի գերարտադրություն, պերիֆերիկ հյուսվածքների զգայունության իջեցում ինսուլինի նկատմաբ, որն էլ ընկած է տիպ 2 շաքարային դիաբետի զարգացման հիքում:
- Որքա՞ն հաճախ ստուգել շաքարի քանակն արյան մեջ:
- Պետք է ստուգել ոչ թե օրը մեկ անգամ՝ ինչպես ընդունված է բնակչության շրջանում, այլ առնվազն օրական չորս անգամ. առավոտյան` քաղցած, ուտելուց երկու ժամ անց, օրվա ընթացքում, քանի որ դիաբետի ժամանակ կարևոր է ո՛չ միայն և ոչ այնքան շաքարի բացարձակ թիվը, այլ նաև օրվա ընթացքում տատանողականությունը։
- Որքա՞ն արագ են անցնում հաբից ինսուլինի ներարկման և ո՞ր դեպքերում:
- Շաքարիջեցնող հաբից ինսուլինի անցում կատարվում է հստակ ցուցման դեպքում, այսինքն, երբ շաքարիջեցնող հաբերը տարբեր համակցումներով այլևս արդյունավետ չեն, կամ երբ դա անհրաժեշտ է` բարդություններից խուսափելու համար: Նման դեպքերում շաքարիջեցնող հաբերը համակցվում են ինսուլինոթերապիայի հետ, կամ ամբողջությամբ կատարվում է ինսուլինաթերապիա:
- Ի՞նչ է ինսուլինային պոմպը:
- Ինսուլինային պոմպը կիրառվում է հիմնականում տիպ 1 դիաբետի դեպքում, ։ Այն տեղադրվում է որովայնի առաջնային մակերեսին՝ ապահովելով ինսուլինի մշտական մատակարարումն օրգանիզմ։ Այստեղ կարևորվում է հիվանդի ուսուցումը, որպեսզի նա կարողանա ճիշտ հաշվարկել իր սննդակարգն ու, ըստ այդմ, ճիշտ չափաբաժնով կարգավորել ինսուլինային պոմպի աշխատանքը:
- Որքանո՞վ են արդյունավետ ալտերնատիվ մեթոդները:
- Ալտերնատիվ մեթոդ ասվածը ինձ համար միմիայն ապրելակերպի փոփոխությունն է ՝նախևառաջ ֆիզիկական ակտիվությունը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի շաբաթական առնվազն 150 րոպե՝ միջինից բարձր ակտիվությամբ: Կարևոր է ճիշտ սննդակարգի պահպանումն ու ճիշտ չափաբաժնով ընդունումը։
- Ի՞նչ ուտել դիաբետի ժամանակ:
- Ինսուլինկախյալ շաքարային դիաբետի դեպքում (տիպ 1) սնունդը չի դիտարկվում որպես չափման միջոց: Հիվանդը պետք է հաշվարկի իր ընդունած հացային միավորները և դրան համապատասխան կատարի ինսուլինաթերապիան:
Տիպ 2-ի դեպքում պատկերն այլ է։ Մեծ ուշադրություն է դարձվում սննդի որակական և քանակական բնութագրիչներին: Քաղցրավենիք, հյութ, շոկոլադ, թխվածք՝ արգելվում է։ Չի թուլատրվում սպիտակ հաց, իսկ մակարոն, ձավար, բրինձը պետք է ընդունել միայն ապուրների մեջ: Միրգ-բանջարեղենի օգտագործումը խրախուսվում է, բացառապես գազարի, բազուկի (սահմանափակվում է), կարտոֆիլի, բանանի, խաղողի, թզի, ծիրանի և այլն: Մրգերի օգտագործումը` սնվելուց անմիջապես հետո և քնելուց առաջ, ցանկալի չէ։ Կաթնամթերքը և մսամթերքը հարկ է օգտագործել միայն ցածր յուղայնությամբ:
- Ո՞ր շաքարային փոխարինողն է լավագույնը:
- Բոլորը թույլատրելի են սահմանված չափի համաձայն, սակայն կառանձնացնեմ մեղրախոտը՝ բնական շաքարային փոխարինող, որն անվտանգ է և ունի համային բարձ րորակ։
- Բուժվո՞ւմ է շաքարային դիաբետը:
- Այս հիվանդությունը քրոնիկ հիվանդություն է: Հնարավոր է մշտական բուժման դեպքում կանխել հիվանդության բարդացումը. հիվանդները մշտապես պետք է ստանան շաքարիջեցնող դեղորայք, պահպանեն սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն, հետևեն գլիկեմիայի մակարդակներին (ինքնավերահսկում):
- Ի՞նչ անել կամ չանել, որպեսզի կրճատվեն դիաբետի առաջացման ռիսկերը:
- Ինչպես արդեն նշել ենք՝ժառանգական նախատրամադրվածության դերը մեծ է, բայց ապրելակերպի վերանայումը, սննդակարգի կարգավորումը, ինչպես նաև ֆիզիկական միջինից բարձր ծանրաբեռնվածությունը կօգնի խուսափել շաքարային դիաբետի և վերջինիս բարդությունների առաջացումից:
Շատ կարևոր է հիվանդներին հայտնաբերել նախադիաբետի փուլում, երբ ապրելակերպի փոփոխմամբ կարելի է կանխել շաքարային դիաբետի զարգացումը:
Նմանատիպ հոդվածներ
-
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է
12 Նոյեմբեր 2019
-
Շաքարային դիաբետը կուրության առաջացման գլխավոր պատճառ
23 Հունվար 2019
-
Նոնա Մարտիրոսյանը արժանացել է ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023 պատվավոր մրցանակին
17 Հոկտեմբեր 2023
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն