Գլխավոր / Լուրեր / Տեսողական օրգանի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր

Լուրեր

Տեսողական օրգանի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր

03 Հունիս 2021 | Լուրեր | Ակնաբանություն

Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունը 4 ամիս է իրականացնում է տեսողական օրգանի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր. ծրագրի համակարգողը ամփոփել է իրականացված աշխատանքը:

Ինչպես հայտնի է, պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ զինծառայողներ ստացել են աչքերի բարդ վնասվածքներ: 

Մինչև օրս նրանք գտնվում են բուժման տարբեր փուլերում: Աչքի շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մեր զինծառայողներին աջակցելու նպատակով Գերմանիայում ավելի քան երեք տասնամյակ գործող Հայ-գերմանացի բժիշկների ու բուժաշխատողների միությունը դեռևս 2021թ. հունվարի 28-ից սկիզբ է դրել և ֆինանսավորում է մի ծրագիր, որի շրջանակում տեսողական օրգանի վնասվածքով զինծառայողները խորհրդատվություն, վիրահատական միջամտություն և բուժում են ստանում օտարերկրյա անվանի, փորձառու մասնագետների կողմից:

Ծրագրին հիմնովին աջակցում է «Նաիրի» բժշկական կենտրոնը` կլինիկա-տեխնիկական բազայի տրամադրմամբ և անձնակազմով, իսկ ծրագրի կազմակերպչական մասն իրականացվում է գերմանաբնակ հայազգի ակնաբույժների կողմից` տիկին Նազելի Բաղդասարյանի ղեկավարությամբ։

Տիկին Նազելի Բաղդասարյանի հետ զրույցում ամփոփել ենք անցած 4 ամիսների ընթացքում իրականացված ծրագրի արդյունքները։

-Խոսենք նախաձեռնության ստեղծման մասին. պատերազմի արդյունքո՞ւմ ստեղծվեց այս նախաձեռնությունը։

-Պատերազմն առիթ եղավ բժշկական օգնությունն առավել ինտենսիվ դարձնել։ Ինձ համար` որպես ակնաբույժ, պատերազմի ընթացքում արդեն պարզ էր, որ կլինեն ակնագնդի և տեսողական օրգանի ծանր վնասվածքներ, որոնք կպահանջեն համապատասխան վիրահատություններ, նաև` հետվիրահատական շրջանում խնամք: Կանխատեսելի էր, որ կլինեն դեպքեր, երբ կարիք կլինի իրականացնել աչքի հեռացում։ Այդ պատճառով մենք փորձեցինք մեր գործընկերների օգնությամբ հնարավորին շատ պացիենտների տվյալներ հավաքագրել Հայաստանից և Արցախից: Հավաքագրման արդյունքները գնահատելով՝ ս/թ մարտին կազմակերպեցինք առաջին այցը: Այցի շրջանակում իրականացվեց աչքի 20 պրոթեզավորում


Հայաստան էինք հրավիրել մեր գործընկեր պարոն Յորգ Շմիդթին, ով ունի երկար տարիների փորձ և ղեկավարում է Քյոլնում աչքի պրոթեզավորման սեփական կենտրոնը։ Նա նաև Գերմանիայում աչքի պրոթեզավորողների միության անդամ է և ներգրավված է ուսուցողական գործընթացներում։

-Սա ծրագրի երկրորդ փուլն է, ի՞նչ է ակնկալվում այս փուլում։

Առաջին այցի ժամանակ հրավիրել էինք նաև ՌԴ Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, բ.գ.դ., ցանցաթաղանթի վիրաբույժ Սվետլանա Վլադիլենովնա Սդոբնիկովնային, որպեսզի նրա օգնությամբ գնահատեինք հիվանդների ընդանուր վիճակը, թեև Հայաստանի մեր գործընկերները տեղում բարձրորակ բուժօգնություն էին ցուցաբերել բոլոր զինծառայողներին։ Անհրաժեշտ էր առավել վստահ լինել հետագա անելիքներում։ Աչքի վիրաբույժ Սվետլանա Վլադիլենովնա Սդոբնիկովնայի կողմից կատարվեց 10 վիրահատություն և մոտավորապես 100 խորհրդատվություն։ Այդ ընթացքում կարողացանք նաև հավաքագրել պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին ՝ հաջորդ փուլում պրոթեզավորումը կազմակերպելու համար։

Ս/թ մայիսին, կարճ ժամանակում, կազմակերպվեց պարոն Շմիդթի 2-րդ այցը. պրոթեզավորման նպատակով գրանցված ևս 20 զինծառայողներին օգնելու համար։ Պարոն Շմիդթը մեծ պատրաստակամությամբ է մասնակցում մեծ ծրագրին՝ գիտակցելով իր առաքելության կարևորությունը

Ծառայության ծախսերը հոգում է Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունը ՝ գումարի հավաքագրման միջոցով։

-Պրոթեզները պետք է պարբերաբար փոխե՞լ։

-Այո, պրոթեզները պետք է փոխվեն 1-1,5 տարին մեկ, քանի որ ժամանակի ընթացքում փոխվում է ակնախոռոչի ձևը, և պրոթեզի նյութը պետք է թարմացվի, որպեսզի մաքսիմալ կոսմետիկ արդյունք ապահովվի։ Նման պացիենտները պետք է գտնվեն շարունակական հսկողության տակ։ 

Ներկայում փորձում ենք Գերմանիայում մասնագետ վերապատրաստել, բայց դա հեշտ գործընթաց չէ: Այս «ոսկերչական» բարդ աշխատանքի համար Գերմանիայում անհրաժեշտ է նվազագույնը 7 տարի մասնագիտացում: Ուստի այս պահին պացիենտների սպասարկումը կապահովվի պարոն Շմիդթի այցերով։

-Վստա՞հ եք, որ բոլոր շահառուները ներգրավվել են ծրագրում։

-Ցավոք, կարծում եմ, որ դեռ կան աչքը կորցրած զինծառայողներ, ում տվյալները դեռևս չունենք։ Մյուս կողմից, կան հիվանդներ, որոնք գրանցված են և բուժման գործընթացը սկսված է։ Բոլոր նրանք, ովքեր ունե նման խնդիրներ, կարող են դիմել մեզ: Այսինքն, ծրագիրն ունի շարունակական բնույթ։

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն