Պացիենտների պատմություններ
«Նաիրի-Կոքսա» կլինիկա դիմած ևս մեկ պացիենտի պատմություն
04 Մարտ 2020 | Պացիենտների պատմություններ
Կլինիկայում ներկայում վիրահատում են Հայաստանում հանդիպող բարդագույն դեպքերը և աշխատում վերականգնել հատկապես ռևիզիոն դեպքերով հիվանդների աշխատունակությունը՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը:
Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման հերթական բարդ դեպքը:
«Էնդոպրոթեզով ծնկան հոդն ինֆեկցված էր: Վիրահատություններն իրականացվեցին 2 փուլով: Նախ հեռացվեց էնդոպրոթեզն ու ժամանակավոր էնդոպրոթեզ (էյսպեյսեր) տեղադրվեց: Դրա առանձնահատկությունը նրանում է, որ այն շարժվող է և հիվանդին հնարավորություն տվեց հաջորդ փուլին սպասելու 6 ամիս ժամկետում հանգիստ կյանք վարել` անկողնուն գամված անցկացնելու փոխարեն, այդ թվում՝ աշխատանքի գնալ: Երկրոդ փուլը սկսեցինք` վարակազերծման մեջ լիարժեք համոզվելուց հետո: Կատարվեց բարդ ռևիզիոն էնդոպրոթեզավորում:
Անցել է 2 ամիս, հիվանդն իրեն լավ է զգում, գոհ է. դա նաև մեր հաջողությունն է»:
Հիվանդը երախտագիտությամբ է տալիս բժիշկ Հարությունյանի անունը: Նա տարիներով տառապել է, տարբեր բժիշկների դիմել, նաև տարբեր երկրների (Բելառուս, Հնդկաստան) կլինիկաներում վիրահատվել, սակայն` ապարդյուն:
«2015-ին Մինսկ քաղաքում քայլելիս ոտքս ոլորվեց ու ծնկով խփեցի մայթեզրին: Ծունկս, կարելի է ասել, փշրվեց,- իր պատմությունն է ներկայացնում Արամը,- Մինսկում վիրահատեցին, ոսկրերը, բառիս բուն իմաստով` հավաքեցին և ամրացրին տիտանե թիթեղով: Մեկ տարի անց թիթեղը հանվեց, բայց քայլելիս ցավերը պահպանվեցին: Որոշ ժամանակ անց բժիշկները եկան այն եզրակացության, որ պետք է էնդոպրոթեզավորում կատարվի:
Քանի որ աշխատանքի վայրից ապահովագրություն ունեի, էնդոպրոթեզավորումն իրականացնելու համար ինձ ուղարկեցին Հնդկաստան: Վիրահատությունն իրականացվեց Չինայ քաղաքում: Ավելի ուշ պարզվեց, որ վիրահատության ժամանակ ինֆեկցիա է անցել, ինչի պատճառով ի հայտ եկան բարդություններ, ցավեր: Վերադարձա Հայաստան: Հետաքրքրվեցինք ու իմացանք «Նաիրի» բժշկական կենտրոնում նման վիրահատությունների կատարման մասին և որ այն իրականացնում է բժիշկ Հրաչյա Հարությունյանը: Երբ դիմեցի նրան, նա անմիջապես հասկացավ իրավիճակը, հետազոտությունները միայն հաստատեցին նրա կարծիքը: Բժիշկը բացատրեց, որ խնդիրը լուծել միայն հակաբիոտիկներով` անհնար է, անհրաժեշտ է փոխել նաև պրոթեզը:
6 ամիս առաջ պրոթեզը հանվեց և տեղադրվեց ժամանակավոր էյսպեյսեր, որը պրոթեզի տեսք ունի բայց ավելի հասարակ է և իր բաղադրության մեջ գենտամիցին է պարունակում: Փաստորեն դա ներսից էր բուժում` միաժամանակ զուգակցվելով հաբերի և ներերակային միջամտությունների հետ:
Երբ այլևս ժխտվեց բորբոքական գործընթացը, որոշում կայացվեց սկսել հիմնական, ռևիզիոն պրոթեզավորումը: Վիրահատությունն իրականացվեց մարտի 19-ին, տեղադրվեց նոր պրոթեզ, որը կարող է ծառայել 10-15 տարի, ինչն, իհարկե, կախված է պացիենտից և նրա վարած կյանքից:
Այժմ վերականգնողական փուլն է, որը տևում է 6-8 շաբաթ: Այցելում եմ ֆիզիոթերապևտին, կատարում եմ վարժություններ, որպեսզի քառագլուխ մկանն ամրանա, և պրոթեզի վրա ծանրաբեռնվածությունը քիչ լինի: Դրանից հետո բժիշկը խորհուրդ է տալիս միայն թեթև գրասենյակային աշխատանք կատարել: 3 ամիս հետո կարելի է անցնել նորմալ աշխատանքի` սակայն սահմանափակումներ կլինեն՝ ծանրություն բարձրացնել կարելի է 50 կգ-ից ոչ ավելի:
Հաշվի առնելով, որ 5 տարի տարբեր հիվանդանոցներում եմ եղել, տարբեր բժիշկների հետ շփվել, կարող եմ ինձ թույլ տալ համեմատություն անել. անչափ գոհ եմ բժիշկ Հրաչյա Հարությունյանից, նա բարձր մակարդակի բժիշկ է, հաջողություն եմ մաղթում իմ բժշկին: Շատ գոհ եմ նաև «Նաիրի» կլինիկայից, բուժանձնակազմից, ղեկավարությունից»-հուզված իր խոսքն է ավարտում Արամը:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն