Կլինիկական դեպքեր
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը
18 Փետրվար 2020 | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արման Պարգևի Հակոբյան
«Նաիրի» բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին զինծառայողների առողջության վերականգնմանը:
Բացառիկ վիրահատության մասին պատմեց «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ, բ.գ.դ. Արման Հակոբյանը:
«Վերջերս իրականացվեց հերթական վիրահատությունը: Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորը ստացել էր հրազենային վիրավորում, որի արդյունքում գանգի և դեմքի ոսկրերի ուղիղ կեսը բացակայում էր: Հիվանդը վիրահատվել էր: Սակայն վիրահատությունից հետո, դեմքի և գանգի ոսկրների մեծ դեֆեկտը խիստ տձևացնում էր տղայի դեմքը, նա ամաչում էր շփվել հարազատների հետ և դուրս գալ փողոց:
Դեֆեկտը վերականգնել սովորական վիրահատությամբ այլ բուժհաստատություններում հնարավոր չէր և հիվանդն ուղեգրվեց «Նաիրի» բժշկական կենտրոն:
Այս կլինիկական դեպքը թվով 10 կամ 11-րդն է, որի բուժումը կազմակերպելու համար կրկին համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ: Դրա առավելությունն այն է, որ հիվանդի գլխուղեղի շերտավոր հետազոտման նկարներն ուղարկում ենք արտասահմանյան համապատասխան կազմակերպություն, որի օժանդակությամբ` տվյալ հիվանդի ոսկրերի դեֆեկտին համապատասխան, տիտանե թիթեղից, 3 D մոդելավորման եղանակով հայելային կրկնօրինակ է կառուցվում և հետագայում տեղադրվում հիվանդի մոտ առկա ոսկրային դեֆեկտի տեղում:
Վիրաբուժական թիմը՝ դիմածնոտային վիրաբույժի հետ համատեղ, կատարեց վիրահատությունը՝ վերականգնելով թե՛ գանգի և թե՛ դեմքի ոսկրերի դեֆեկտը:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդն ապաքինվում է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցանկացած բարդության վիրահատություն կարելի է կատարել Հայաստանի Հանրապետությունում»։
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն