Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը

Կլինիկական դեպքեր

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը

25 Ապրիլ 2024 | Մարսողական համակարգի ուռուցքներ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան | Տիգրան Անդրանիկի Ադամյան

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը 

 

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։ 

 

Բաժանմունքի վիրաբույժ Տիգրան Ադամյանը NEWS.am Medicine-ին հայտնել է, որ պացիենտը «Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել որովայնի ձախ մասի ցավով։ Կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է փայծաղային զարկերակի անևրիզմալ լայնացում՝ 6 սմ չափով: 

 

Ի՞նչ է փայծաղային զարկերակի անևրիզմը և ինչո՞ւ է այն վտանգավոր 

 

Անևրիզմը զարկերակի բացվածքի տեղային լայնացումն է՝ զարկերակի պատի փոփոխությունների կամ վնասման հետևանքով: Փայծաղային զարկերակի այսպիսի լայնացումը բավական հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, բայց նաև բավական վտանգավոր՝ պատռվելու վտանգի պատճառով, մանավանդ, երբ լայնացումը մեծ է: 

Փայծաղային զարկերակի անևրիզմի հանկարծակի պատռման դեպքում որովայնի խոռոչում ուժեղ արյունահոսություն է սկսվում, որը կարող է հանգեցնել մահվան: 

 

Փայծաղային զարկերակի անևրիզմի բուժումը 

 

Փայծաղային զարկերակի անևրիզմը բուժվում է վիրահատական եղանակով: Խոշոր անևրիզմների դեպքում, սովորաբար, կատարվում է բաց կամ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի հեռացմամբ, իսկ որոշ դեպքերում՝ հարակից այլ օրգանների հեռացմամբ ևս։ Վերջերս լայնորեն տարածված է նաև էնդովասկուլյար էմբոլիզացիայի եղանակը, սակայն դրա կիրառումը միշտ չէ, որ հնարավոր է՝ անևրիզմի չափերի և տեղակայման պատճառով։ 

 

Փայծաղի պահպանում. ինչու՞ է դա կարևոր 

 

Փայծաղը անչափ կարևոր օրգան է մարդու իմունային համակարգի անխափան աշխատանքի համար։ Փայծաղը մեր լիմֆոցիտների՝ իմունային բջիջների, ինչպես նաև հակամարմինների աղբյուրն է, որոնք պատասխանատու են վարակների դեմ մեր օրգանիզմի պայքարելու համար:

 

Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Նաիրի ԲԿ-ում որոշել են կատարել նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություն՝ փայծաղի պահպանմամբ։ Ինչը և հաջողությամբ իրականացվեց։ 

 

«Փայծաղային զարկերակի անևրիզմը, որը սնվում էր հիմնական զզարկերակից, հատվել և հեռացվել է կարող  սարքերի միջոցով: Եվ որ ամենակարևորն է, կատարվել է օրգանապահպան վիրահատություն՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակով: Հիվանդը ներկայում գտնվում է Նաիրի ԲԿ-ում՝ բժիշկների հսկողության տակ»,- ասել է Տիգրան Ադամյանը։

 


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն