Գլխավոր / Պացիենտների համար / Պացիենտի կրթություն / Ախտորոշում / Շնչառության գործառույթի հետազոտում

Պացիենտի կրթություն

Շնչառության գործառույթի հետազոտում


Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ։

Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում արտաքին շնչառության գործառույթի հետազոտման լաբորատորիայում  իրականացվում են հետևյալ մեթոդները.

1. սպիրոմետրիա,
2. պնևմոտախոմետրիա,
3. արտաշնչման և ներշնչման ժամանակ շնչառական ճիգերի հետազոտում,
4. թոքային ծավալների հետազոտում,
5. թոքերի դիֆուզիոն հատկությունների ուսումնասիրում,
6. փորձեր` բրոնխոլիտիկներով:

Հետազոտությունը հնարավորություն է տալիս.

• որոշել հևոցի պատճառը և շնչական խանգարումների աստիճանը,
• ընտրել բուժման տարբերակը և գնահատել նրա արդյունավետությունը,
• հայտնաբերել թոքերի օդահարման ունակության նվազումը, որոշել վերջինիս տեսակը, բնույթը և արտահայտվածության աստիճանը,
• գնահատել փոփոխությունների դարձելիությունը դեղերի (բրոնխոլիտիկներ) կիրառման ժամանակ,
• հետևել բրոնխաթոքային ծառի վիճակի փոփոխության դինամիկային` հիվանդության զարգացման ընթացքում, և գնահատել բուժման արդյունքները։

Արտաքին շնչառության գործառույթի հետազոտումն իրականացվում է բրոնխիալ անցանելիության խանգարմամբ, թոքային հյուսվածքի էլաստիկ հատկությունների նվազմամբ ընթացող հիվանդությունների հայտնաբերման, թոքերի ալերգիկ և ոչ ալերգիկ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման նպատակով։

Արտաքին շնչառության գործառույթի հետազոտման նախապատրաստում

Հետազոտությունը ցանկալի է իրականացնել օրվա առաջին կեսին, ուտելուց (թեթև նախաճաշ) մեկ ժամ հետո կամ` քաղցած։

Չի կարելի հետազոտությունից առաջ խմել թունդ թեյ, սուրճ, կակաո. դրանք օժտված են բրոնխալայնիչ հատկությամբ։ Այդ օրը, նախքան հետազոտությունը, չի կարելի ծխել:

Անհրաժեշտ է հետաձգել որոշ պատրաստուկների ընդունումը.

• ադրենո- և խոլինոակտիվ ազդեցությամբ դեղորայքի (ինհալյատորների) ընդհատում` հետազոտությունից 6-8 ժամ առաջ,
• 24 ժամ չընդունել դեղորայք` թեոֆիլինի խմբից։

Պատրաստուկների ընդհատումը պետք է համաձայնեցված լինի բուժող բժշկի հետ։

Նախքան հետազոտությունն անհրաժեշտ է սահմանափակել նյարդային և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, արգելվում են ֆիզիոմիջոցառումները, ծխելը։

Թոքերի դիֆուզիոն հատկությունների հետազոտման համար պացիենտն իր հետ պետք է ունենա արյան քննության տվյալները՝ հեմոգլոբինի որոշմամբ։

Անհրաժեշտ է վերցնել նաև շնչառական ֆունկցիայի նախորդ հետազոտությունների տվյալները՝ դրանք ստացված տվյալների հետ համեմատելու համար, ինչպես նաև` ամբուլատոր քարտը կամ հիվանդության պատմագիրը։

Արտաքին շնչառության գործառույթի հետազոտման գործընթացը

Հետազոտության սկզբում կբացատրվի մեթոդի էությունը։ Անհրաժեշտ է շնչել շնչառական սարքի մեջ և հստակ կատարել բոլոր հրահանգները (ուժեղ շնչել, պահել շնչառությունը և այլն)։

Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ այլ մեթոդ, որը կօգնի առավել լիարժեք և հավաստի ֆունկցիոնալ եզրակացություն ստանալ։

Հետազոտության տևողությունը տարբեր է՝ կախված կիրառվող մեթոդից, սակայն, սովորաբար, մեկ ժամից ավելի չի տևում։ Բրոնխոլիտիկների ընտրության համար կարող է պահանջվել ավելի երկար ժամանակ և կրկնակի այց` լաբորատորիա։


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն