Պացիենտի կրթություն

Պրոստատիտ

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտի սուր տեսակն ի հայտ է գալիս շատ պատահական և ուղեկցվում է բարձր ջերմությամբ: Քրոնիկ տեսակն առաջանում է սուր տեսակից 3-6 ամիս անց, երբ մարդիկ, իմանալով հիվանդության մասին, չեն դիմում բժշկի: Առաջանում են անշրջելի փոփոխություններ, ինչպիսիք են` կալցինատը, ֆիբրոզը, այսինքն, փոփոխություններ, որոնք հետագայում չեն ենթարկվում բուժման: Որքան ուշ է պացիենտը դիմում բժշկի, այնքան ավելի շատ է փոփոխության ենթարկվում շագանակագեղձի կառուցվածքը և, հետևաբար, մեծանում է հիվանդության սրացման հավանականությունը: Բժշկության մեջ գոյություն ունի այսպիսի հասկացություն` «ռիսկի խումբ», այսինքն, որոշակի տարիքի, մասնագիտության, հասարակական պատկանելիության մարդկանց շրջան, որոնք ավելի հաճախ են ենթարկվում այս կամ այն հիվանդության զարգացմանը: Կարևոր է նշել, որ պրոստատիտի զարգացման ռիսկի խմբին են պատկանում, անկախ տարիքից, բոլոր տղամարդիկ: Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում կուտակվում է տարած հիվանդությունների «պահեստավորում»: Այդ պատճառով 30-40 տարեկան ուժեղ սեռի ներկայացուցիչներն ունեն հիվանդանալու ավելի մեծ հավանականություն: Ցավոք, պրոստատիտը կարող է ի հայտ գալ նաև 16 տարեկանում (բավական է  մրսել, օրինակ, նստել սառը քարին):

Պրոստատիտի զարգացման պատճառները

Պրոստատիտի առաջացման պատճառների շարքում առաջին տեղն են գրավում սեռական ճանապարհով փոխանցվող վարակները: Համարյա բոլոր հայտնի սեռական վարակները որոշ ժամանակ հետո հայտնվում են շագանակագեղձում և, զարգանալով, վնասում են գեղձի հյուսվածքն` առաջացնելով բորբոքում: Հաճախ շագանակագեղձի հյուսվածքը վնասում են նաև աղիքային ցուպիկը, կլեբսիելան, պրոտեյը, կապտաթարախային ցուպիկն, էնտերոբակտերն, էնտերոկոկն և ոսկեգույն ստաֆիլակոկը: Թվարկվածներից շատերը համարվում են օրգանիզմի նորմալ միջավայրի բաղադրիչներ և միշտ ներկա են մաշկի վրա, աղիներում, բայց, հայտնվելով շագանակագեղձի հյուսվածքների մեջ, կարող են առաջացնել սուր բորբոքային գործընթացներ:

Պրոստատիտը կարող է զարգանալ այպիսի հիվանդություններից հետո, ինչպիսիք են` սուր շնչառական վիրուսային վարակը, գրիպը, անգինան:

Պրոստատիտի առաջացման և զարգացման պատճառ կարող են դառնալ փոքր կոնքում լճացած երևույթները, որոնք առաջանում են հազվադեպ սեռական հարաբերությունների կամ սեքսի բացակայության արդյունքում և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների մոտ: Պատճառը նրանում է, որ շագանակագեղձի ֆունկցիաներից մեկը սերմի հեղուկ մասի արտադրությունն է:

Ախտանշաններ

Շագանակագեղձի բորբոքման ժամանակ առաջանում են ցավեր, հաճախամիզություն, սեռական կյանքի որակի վատացում: Ցավերը կարող են բոլորովին տարբեր լինել`աճուկային հատվածում, վերցայլքային շրջանում, ցավեր, որոնք տարածվում են դեպի հետանցք, ստորին վերջույթներ և թիկունք: Հետագայում առաջանում է հաճախամիզություն, տհաճ զգացողություն` միզելու ժամանակ, գիշերամիզություն: Սեռական հարաբերությունների հաճախականությունը նվազում է, կարող են առաջանալ խնդիրներ` կապված էրեկցիայի հետ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն