Պացիենտի կրթություն
Էկզեմա
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն «eczeo»` «եռալ» բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով բորբոքային էքսուդատ։
Դեռևս XIX դարի առաջին կեսերին էկզեման դիտարկվում էր որպես ինքնուրույն հիվանդություն։ Մեր օրերում բժիշկները եկել են այն եզրահանգման, որ գոյություն ունեցող մաշկային հիվանդությունների մոտավորապես 40%-ն ինչ-որ ձևով առնչվում է էկզեմային։
Երբ մաշկը «եռում է»:
Գիտնականները մի կարևոր օրինաչափություն են բացահայտել. հիվանդների մեծամասնության մոտ, անկախ սեռից և տարիքից, նկատվում է հիվանդության արտահայտված սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ վրա են հասնում տարվա աշնանային և ձմեռային եղանակներին։ Էկզեմայով հիվանդ մարդիկ առավել զգայուն են զանազան ալերգեն գործոնների հանդեպ։ Հիվանդության ընթացքը կարող է բարդանալ մարսողական համակարգի` լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի խանգարումների դեպքում։
Սկզբնական փուլում կարմրած և այտուցված մաշկի մակերեսին տարբեր բնույթի ցաներ են առաջանում։ Սրանք վարդագույն հանգույցներ են, որոնք ագուցված են մեկը մյուսին։ Բշտիկների պայթելուց հետո մաշկի վրա գոյանում է խոնավ և հեղուկ արտամղող մակերես, որը հետագայում կեղևապատվում է և ճաքճքում։ Այս վիճակն ուղեկցվում է ուժեղ քորով։ Հիվանդները հաճախ քորում են մաշկը, որի արդյունքում վերջինս կոպտանում և հաստանում է` դառնալով չոր և թեփոտ։ Քորելու արդյունքում վնասված մաշկն է՛լ ավելի խոցելի է դառնում նույն հարուցչի հանդեպ, և վերքի ապաքինման գործընթացը ձգձգվում է։
Էկզեմայի տեսակները
Պայմանավորված հիվանդության հարուցիչով և տեղայնացմամբ` տարբերում են էկզեմայի հետևյալ տեսակները` բուն էկզեմա, մասնագիտական էկզեմա, սեբորեային էկզեմա, մանրէածին և սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեմա։
Բուն էկզեման առաջանում է ալերգեն և սթրեսային գործոնների ազդեցությամբ։ Ցանը հիմնականում տեղակայվում է ձեռքերի դաստակներին, ոտնաթաթերին և դեմքին։
Մասնագիտական էկզեման զարգանում է աշխատանքային բնագավառում գրգիռ հարուցող նյութերի հետ շփման ժամանակ։
Սեբորեային էկզեման պայմանավորված է մաշկի ճարպագեղձերի գործունեության խաթարմամբ։ Ախտահարված օջախները տեղակայվում են դեմքի վրա, գլխի մազածածկույթին և ականջների ետևում։
Մանրէածին էկզեման առաջանում է միկրոօրգանիզմների կողմից մաշկի ախտահարման պարագայում։ Այն հիմնականում տեղակայվում է վարակված վերքերի շուրջ։
Սնկային ծագում ունեցող (միկոտիկ) էկզեման առաջանում է ոտքի և, հազվադեպ, ձեռքի մաշկի սնկային ախտահարման արդյունքում։ Այս ախտաբանությանը բնորոշ է ոտնաթաթի և սրունքի շրջանում օղակաձև օջախների առաջացումը։
Հանրամատչելի Հոդվածներ
-
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Հիվանդություններ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն