Պացիենտի կրթություն

Ուղիղ աղիքի ճաքեր

Հետանցքի մաշկի ու լորձաթաղաղանթի ոչ բոլոր վնասվածքները կարելի է համարել ուղիղ աղիքի ճաք: Ուղիղ աղիքի սուր ճաքի կլինիկական պատկերը տիպիկ է` հանկարծակի, նույնիսկ լիարժեք առողջ վիճակում, դեֆեկացիայի ակտի ժամանակ կամ անմիջապես հետո` ինտենսիվ ցավեր, որոնք կարող են տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Դեֆեկացիայի ակտի ժամանակ հաճախ ցավերն ուղեկցվում են հետանցքից` արյունային արտադրությամբ: Սովորաբար, արյունային արտադրության ծավալը լինում է աննշան:

Որքա՞ն հաճախ է հանդիպում ուղիղ աղիքի ճաքը

Փոքր տարիքի երեխաների մոտ հետանցքի հիվանդություններից առավել տարածված է ուղիղ աղիքի ճաքը: Հաստ և ուղիղ աղիքի հիվանդությունների վիճակագրությունը ցույց է տվել, որ չափահասների մոտ քրոնիկ բնույթ կրող ուղիղ աղիքի ճաքը, հանդիպման հաճախականությամբ, գտնվում է երրորդ-չորրորդ տեղում` իր տեղը զիջելով միայն թութքին, կոլիտին, պարապրոկտիտին: Կանանց մոտ ուղիղ աղիքի ճաքերը հանդիպում են 1-2 անգամ ավելի հաճախ, քան` տղամարդկանց մոտ:

Ի՞նչ ընթացք ունի ուղիղ աղիքի ճաքը

Սուր ճաքերը, մեծավ մասամբ, բուժվում են կոնսերվատիվ միջոցառումներով` 2-3 շաբաթվա ընթացքում: Սխալ բուժման դեպքում տեղի է ունենում հիվանդության անցումը քրոնիկ փուլի: Ուղիղ աղիքի քրոնիկ ճաքին ավելի բնորոշ է հետանցքային սեղմանի (սֆինկտրի) սպազմը: Հետանցքի հետանցքային սեղմանի սպազմի ավելի տիպիկ կլինիկական նշաններից են դեֆեկացիայի ակտից հետո ի հայտ եկող երկարատև, ինտենսիվ ցավերը:

Հաստ աղիքի որոշ քրոնիկ բորբոքային հիվանդությունների` Կրոնի հիվանդության, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների դեպքում, սուր ճաքը կոնսերվատիվ եղանակով դժվարությամբ է բուժվում : Նույնը կարող է դիտարկվել նաև շաքարային դիաբետով, վահանաձև գեղձի ախտահարումներով, L-Թիրոքսինի միջին կամ մեծ դեղաչափ ընդունող հիվանդների մոտ:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն