Պացիենտի կրթություն

Ականջներում՝ աղմուկ

Ականջներում աղմուկի առկայությունը բավականին տարածված երևույթ է։ Ըստ տարբեր աղբյուրների, այն հանդիպում է մեծահասակ բնակչության 20-32%-ի մոտ։ Ականջներում աղմուկի առկայությունը հիվանդություն չէ, այլ տարբեր ախտաբանությունների ախտանիշ է։ Սակայն, երբեմն հիվանդներին պատճառած տառապանքը լինում է այնքան ծանր, որ այն դիտարկվում է որպես ինքնուրույն հիվանդություն։ Աղմուկն ականջներում հաճախ ուղեկցում է ականջի ախտաբանությանը և 53% դեպքերում զուգակցվում է ծանրալսության հետ։Պացիենտի մոտ ականջներում աղմուկի առկայությունն առաջին անգամ հայտնաբերելիս կամ վերջինիս բնույթի փոփոխություն նկատելիս պետք է մանրակրկիտ կլինիկական հետազոտություն կատարել։Ականջներում աղմուկը լսողական համակարգի հիվանդությունների ամենահաճախ հանդիպող ախտանիշներից է։ Այն առաջանում է մթնոլորտային ճնշման տատանումների, միջին ականջի սուր բորբոքումների, գլխուղեղի անոթային հիվանդությունների, սակավարյունության, թունավորումների, որոշ հակաբիոտիկներով բուժման ժամանակ։ Աղմուկի առաջացումը պայմանավորված է ներքին ականջում գտնվող նյարդային բջիջների գրգռմամբ, որի ժամանակ հիվանդն աղմուկը լսում է համապատասխան ականջում։

Ականջում աղմուկը կարող է վկայել ներքին ականջի տարածված հիվանդության մասին, երբ ախտաբանական գործընթացի մեջ ընդգրկվում է վեստիբուլյար համակարգը, որի նյարդային բջիջները գտնվում են անմիջապես լսողական օրգանի նույնատիպ բջիջներին մոտ և սնուցվում են միևնույն զարկերակով։

Այս դեպքում ականջի աղմուկին միանում են գլխապտույտը, շարժումների հավասարակշռության խանգարումը, սրտխառնոցը, փսխումը և այլ վեգետատիվ խանգարումներ (սառը քրտինք, զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում, սրտխփոց, մաշկային ծածկույթների գունատություն)։ Այդպիսի հիվանդություններից է Մենյերի հիվանդությունը։

Ինչու՞ է առաջանում աղմուկ։

Ցածր հաճախության աղմուկը հաճախ հանդիպում է միջին ականջի հիվանդությունների ժամանակ։ Այսպես, օտոսկլերոզի ժամանակ այն նման է ծառերի, ծովի, ծովային խեցու աղմուկին, թմբկաթաղանթի սպիական փոփոխությունների ժամանակ աղմուկը կրում է շխկացող բնույթ, սեկրետոր օտիտի ժամանակ այն հիշեցնում է լցվող հեղուկ կամ պայթող բշտիկներ։

Բարձր հաճախության աղմուկները (զանգ, ծվծվոց) հաճախ առաջանում են ներքին ականջի խանգարումների հետևանքով։ Հաճախ այդ աղմուկն առաջանում է սկզբում նորմալ լսողության ֆոնին։ Սակայն, որպես կանոն, որոշ ժամանակ հետո հաջորդում է լսողության վատթարացումը։

Ականջի պուլսացող աղմուկի դեպքում հնարավոր է որևէ խնդիր չլինի, պարզապես լսողական անցուղին խցանված լինի ծծմբային խցանով կամ օտար մարմնով, և բավական է պարզապես մաքրել ականջները։ Սակայն դա կարող է լինել նաև ականջի բարորակ ուռուցքի (պարագանգլիոմա), օտոսկլերոզի, օտիտի, բորբոքային գործընթացների և անոթային հիվանդությունների վաղ ախտանիշներից մեկը։

Ինչպե՞ս ազատվել ականջի աղմուկից

Քանի որ աղմուկն ականջներում որևէ հիվանդության նշաններից է, այդ պատճառով բուժում են ոչ թե աղմուկը, այլ վերջինիս պատճառը։

Ականջի աղմուկի պատճառների հայտնաբերումից հետո նշանակվում է համապատասխան բուժում, որը կարող է ներառել ինչպես կոնսերվատիվ միջոցառումներ, այնպես էլ վիրահատական՝ կախված հիվանդության բնույթից։ Կարևորը պատճառը գտնել և վերացնելն է։


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն