Լուրեր
Էնդոսկոպիա` ողնաշարի ճողվածքի ժամանակ
04 Մայիս 2021 |Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Բուժական մերսումները, ֆիզկուլտուրան և դեղորայքը միշտ չէ, որ կարողանում են վերացնել միջողային ճողվածքը։ Հաճախ կոնսերվատիվ բուժումը քիչ արդյունավետ է, ինչի պատճառով պացիենտը ընդհանուր վիճակի թեթևացում չի զգում և մեջքի շրջանի ցավը շարունակվում է։
Այդ պատճառով այս հիվանդության բուժման համար դիմում են նաև վիրաբուժական մեթոդների։ Ժամանակակից բժշկության մեջ «ոսկե չափանիշ» համարվում է էնդոսկոպիան։
Էնդոսկոպիայի ցուցումները
Ճողվածքի արդյունքում առաջացած գոյացությունը (1-1,5 սմ չափերով) տարածված ախտաբանություն է, որն առաջանում է քրոնիկ պրոգրեսիվող օստեոխոնդրոզի ֆոնին։ Այն զարգանում է միջողային սկավառակի շուրջը գտնվող ֆիբրոզ օղի պատռվածքի ժամանակ, որի հետևանքով ողնուղեղային խողովակի մեջ առաջանում է սկավառակի կորիզի արտանկում։ Արդյունքում տեղի է ունենում նյարդային վերջավորությունների գրգռում, իսկ երբ ելուստները դառնում են 5-7 մմ, տեղի է ունենում նյարդարմատների ճնշում, ինչն էլ բերում է ուժեղ ցավային համախտանիշի զարգացման։
Վիրահատական բուժման ցուցումներ են.
- արտահայտված ցավը, որը շարունակվում է առնվազն 6 ամիս,
- մկանային ատրոֆիան և պարեզը:
- 3-4 ամիս տևող կոնսերվատիվ բուժման ցանկալի արդյունքի բացակայությունը (բժշկական ցուցումների ճիշտ և կանոնավոր իրականացման պայմաններում),
- նյարդարմատային համախտանիշը,
- փոքր կոնքի օրգանների գործունեության խանգարումը (աղիներ, միզասեռական ուղի),
- ողնուղեղային ստենոզը,
- ուղեղի արյան շրջանառության խանգարումը (պարանոցային շրջանում տեղակայման ժամանակ)՝ պարանոցային զարկերակի ճնշման հետևանքով։
Նախապատրաստում
Այս վիրահատական միջամտությունը հնարավորություն է տալիս.
- վերացնել ողնաշարի հետ կապված ցավը և անհարմարավետությունը,
- վերականգնել շարժողական ակտիվությունը և ֆիզիկական աշխատանքով զբաղվելու ունակությունը,
- կանխարգելել տարբեր հիվանդությունների համակցված ի հայտ գալը` արտանկման ավելացման հետևանքով,
- վերականգնել նորմալ արյունամատակարարումը և ներքին օրգանների աշխատանքը:
Վիրահատությունն իրականացվում է միայն նախնական լաբորատոր հետազոտությունների (արյան և մեզի ընդհանուր քննություն, Վասերմանի փորձ, ՄԻԱՎ, հեպատիտ A և B) իրականացումից, ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային կամ համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պատկերների ստացումից և էլեկտրասրտագրությունից հետո։ Միջամտությունից 4-8 ժամ առաջ արգելվում է ընդունել ցանկացած սնունդ։ Պահանջվում է նաև անեսթեզիոլոգի խորհրդատվություն, ով, հիմնվելով հիվանդի ներկա վիճակի և անամնեստիկ տվյալների վրա՝ ընտրում է անզգայացման առավել անվտանգ տեսակը, ցավազրկող դեղի համապատասխան խումբը և դեղաչափը։
Էնդոսկոպիայի իրականացման տեխնիկան
Ամբողջ վիրահատության ընթացքում կիրառվող հիմնական սարքը էնդոսկոպն է։ Այն լուսանցող սարք է՝ համալրված մանրաթելային օպտիկայով, որը թույլ է տալիս իրականացնել ցանկացած գործողություն` հստակ տեսանելիության պայմաններում և իրական ժամանակում։ Տեսախցիկը, որով հագեցած է, պատկերը փոխանցում է վիրաբույժի համար տեղադրված մոնիտորին։
Վիրահատական միջամտությունից առաջ հիվանդին ներարկում են տեղային անզգայացնող (որպես կանոն, նովոկային կամ լիդոկային), որից հետո բժիշկն անցնում է հիմնական գործընթացին, որը տեղի է ունենում մի քանի հաջորդական փուլերով.
- ճողվածքային արտափքման տեղակայման շրջանում ծակում են փափուկ հյուսվածքները՝ հետին-կողմնային մուտքով (գոտկային տեղակայման դեպքում),
- ներմուծում են էնդոսկոպը և անցկացնում սկավառակային ձևախախտման շրջան` փոքր բացվածքի միջոցով (իրականացվում է ռենտգենագրաֆիայի հսկողության տակ),
- էնդոսկոպի խողովակի միջոցով միկրովիրաբուժական գործիքն անցկացվում է ախտաբանական օջախի շրջան, որը ոչ մեծ մասերով հեռացնում է պուլպոզ կորիզի գոյացությունը,
- հեռացվում է սարքը և տեղադրվում են կարեր, որոնք հեռացման կարիք չունեն (դրանք ինքնուրույն ներծծվում են տեղադրման պահից` 10 օրվա ընթացքում)։
- վերքի փակվում է ստերիլ վիրակապով։
Վիրահատության դրական կողմերը
Այս վիրաբուժական եղանակի գլխավոր առավելություններն են.
- նվազագույն վնասում և ընդհանուր անզգայացման անհրաժեշտության բացակայություն,
- սպիների ինքնուրույն ներծծում և վերքերի արագ ապաքինում,
- կարճատև վերականգնողական շրջան,
- միջողային սկավառակի հիմնական զանգվածի պահպանում,
- մաշկի վրա ոչ էսթետիկ սպիների բացակայություն։
Չնայած բազմաթիվ դրական կողմերին, կա հետվիրահատական բարդությունների զարգացման ռիսկ (1%-ից պակաս)։ Դրանցից են վարակի ներթափանցումը՝ հետագա թարախակալմամբ, նյարդային վերջույթների վնասումը, բացվածքի տեղում հեմատոմայի առաջացումը, ողնուղեղային խողովակի ստենոզը, ֆիբրոզ հյուսվածքի փոխարինումը` շարակցական հյուսվածքով, հիվանդության կրկնությունը։
Վերականգնում
Վերականգնողական շրջանի տևողությունը 1-3 օր է։ Վերականգնողական միջոցառումներն իրականացվում են ստացիոնար պայմաններում՝ բուժող բժշկի հսկողության տակ (հսկողությունը շարունակվում է մեկ-երկու շաբաթ)։ Առաջին 5-10 օրը պացիենտը պետք է կանոնավոր ընդունի հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Առաջին ամիսը պետք է կրել կոշտ օրթոպեդիկ կորսետ և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները հասցնել նվազագույնի։ Եթե վիրահատությունն իրականացվել է գոտկային շրջանում, ապա պետք է կանխել մեջքի ուժեղ ծալումը և տարածումը։ Սպորտով և բուժական ֆիզկուլտուրայով զբաղվել թույլատրվում է 2 ամիս հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ
04 Հոկտեմբեր 2019
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք
21 Նոյեմբեր 2018
Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ
30 Հունվար 2019
Ողնաշարի թեքվածությունների բուժում
17 Հունիս 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն