Լուրեր
Գրգռված աղու համախտանիշ
10 Սեպտեմբեր 2021 |Լուրեր | Գաստրոէնտերոլոգ
Գրգռված աղու համախտանիշն ախտանիշների խումբ է, որը կապված է հաստ աղու գործառույթների խանգարումների հետ՝ ներառյալ տարբեր աստիճանի արտահայտվածության որովայնային ցավեր, փորկապություն, փորլուծություն կամ դրանց հերթագայումներ, մեթեորիզմ և կղանքում լորձի առկայություն։
Գրգռված աղու համախտանիշ ախտորոշվում է, եթե պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանիշներից առնվազն 5-ը կամ ավելին.
- տարիքը (20-40 տարեկան),
- որովայնի փքվածություն կամ գերլարվածության զգացում,
- ցավեր` որովայնում,
- կղման ակտի խանգարում,
- կղանքի ձևի փոփոխություն (կոշտ, գնդիկավոր, ոչխարի կղանքի տեսք),
- ախտանիշների 6 ամսից ավելի տևողություն,
- ճարպակալման հակվածություն,
- ֆիզիկական զննման ժամանակ նորմայից շեղումների բացակայություն, թեև որովայնի շոշափման ժամանակ հնարավոր է որովայնի առաջային պատի զգայնության որոշակի բարձրացում և հաստ աղու սեգմենտների կծկանքային վիճակներ` հատկապես սիգմայի շրջանում։
Գրգռված հաստ աղու համախտանիշի համեմատաբար քիչ հանդիպող դրսևորումներն են.
- կղանքում` լորձի առկայություն,
- սրտխառնոց,
- կանանց մոտ` սեռական խանգարումներ,
- ցավեր` մեջքի շրջանում, ազդրերում կամ կրծքավանդակում,
- հաճախացած միզարձակում,
- դեպրեսիա։
Երբեմն գրգռված հաստ աղու համախտանիշը դրսևորվում է փորկապությամբ և լուծով։
Բուժումը
- սննդակարգ,
- դեղորայքային բուժում` պայմանավորված գործառույթային խանգարումների տեսակով,
- հաստ աղու բարձր մկանային տոնուսի դեպքում (հաստ աղու կծկանքային դիսկինեզիա) ցուցված են միոգեն սպազմոլիտիկներ,
- աղիների տոնուսի կարգավորման համար նշանակվում են պրոկինետիկներ,
- փորկապությունների ժամանակ խորհուրդ է տրվում բուժումն սկսել ցորենի թեփի նշանակմամբ, իսկ արդյունավետության բացակայության դեպքում` օսմոտիկ լուծողականներ,
- ավելցուկային մանրէային աճի և դիսբակտերիոզի դեպքում կիրառվում են էուբիոտիկներ և այլ պատրաստուկներ,
- արտազատիչ գործառույթի անբավարարության ժամանակ կիրառվում են ֆերմենտներ,
- նյարդահոգեկան գործունեության կարգավորման նպատակով՝ վերջինիս զգալի շեղումների դեպքում, կիրառվում է սեդատիվ բուժում։
Գրգռված հաստ աղու համախտանիշ հաճախ դիտվում է լեղաքարային և դիվերտիկուլյար հիվանդությունների, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի, կոլիտի և այլ հիվանդությունների ժամանակ։ Բուժման նշանակման դեպքում պետք է հաշվի առնել նաև ուղեկցող հիվանդությունները։
Նմանատիպ հոդվածներ
Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում
08 Դեկտեմբեր 2021
Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք
11 Սեպտեմբեր 2018
Սուր շնչառական հիվանդություններ. Ի՞նչ անել
16 Հունվար 2025
Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք
11 Սեպտեմբեր 2018
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն