Երևան

Երևան

29 Հուլիս 2020 | Հայաստանի մասին


Քաղաք` 2800-ամյա պատմությամբ, որն աշխարհի ամենադինամիկ և ժամանակակից մայրաքաղաքներից է՝ տեղակայված Եվրոպայի և Ասիայի միջև:

Երևանի պատմությունը

Երբ պատմաբանները խոսում են Երևանի մասին, նրանք, սովորաբար, հիշեցնում են այն փաստը, որ Երևանը Հռոմից հին է, ինչը բացարձակ ճշմարտություն է: Երևանը կառուցվել է Էրեբունի ամրոցի շուրջը, որը հիմնվել է մ.թ.ա. 782 թվականին՝ ուրարտական Արգիշտի Առաջին թագավորի կողմից: Էրեբունին թագավորության միջնաբերդն էր և ծառայում էր որպես կրոնական և վարչական կենտրոն, ինչպես նաև` որպես թագավորական ընտանիքի նստավայր: Էրեբունին ուներ նաև այլ ռազմավարական առաքելություն՝ պաշտպանում էր թագավորությունը թշնամիների հարձակումից: Երևանի պատմությունը հաշվարկվում է Էրեբունու ամրոցի հիմնադրման օրից, քանի որ ամրոցն այն գլխավոր օբյեկտըն էր, որի շուրջը զարգանում և ծաղկում էր ներկայիս քաղաքը:

Եթե խորանանք «Երևան» բառի ստուգաբանության մեջ, կարելի է պարզել, թե ինչպես է մայրաքաղաքը ստացել իր անվանումը: Երևան բառը հնչյունաբանորեն նման է «Էրեբունի» ամրոցի անունին:

Չնայած «2800 տարին» արդեն բավականին տպավորիչ է հնչում՝ Երևանի պատմությունն ավելի հին է: Հնէաբանական գտածոները վկայում են, որ Երևանն ավելի վաղ է բնակեցվել՝ դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում, գտածոներից մեկը գտնվել է Շենգավիթի տարածքում (ներկայիս Երևանի հարավային շրջանում): Կարելի է ասել, որ Երևանը 2800 տարուց հին է, սակայն պաշտոնական աղբյուրները քաղաքի պատմությունը հաշվում են Էրեբունի ամրոցի հիմնադրման պահից:

Տեսարժան վայրեր

Ի՞նչն է ներառվում Երևանի լավագույն վայրերի ցանկում: Այդպիսի վայրերը շատ են: Ահա հիմնական տեսարժան վայրերից մի քանիսը, որոնք արժե այցելել Երևան ժամանելիս:

Հանրապետության հրապարակ

Երևանի սիրտը՝ Հանրապետության Հրապարակը, ո՛չ միայն Հայաստանի ճարտարապետական հզոր ձեռք բերումներից է, այլ նաև՝ աշխարհի: Այն մասնակիորեն կառուցված է հայտնի հայկական վարդագույն տուֆից, մի մասն էլ` փղոսկրի գույնով քարից: Հանրապետության Հրապարակը Երևանի մշակութային և վարչական կենտրոնն է:

Հրապարակի կենտրոնական շենքում տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը: Հրապարակի ձախ կողմում տեղակայված են ֆինանսների նախարարությունը և կառավարության շենքը, կենտրոնական և հյուսիսային մասում՝ Marriott և Hyatt Place միջազգային հյուրանոցային ցանցը: Հրապարակի աջ կողմում գտնվում են արտաքին գործերի նախարարության նախկին շենքը և Հայաստանի գրախանութներից մեկը՝ «Նոյան Տապանը»:
Վերջին ժամանակներում Հանրապետության հրապարակը հաճախ էր նշվում մամուլում, քանի որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած խաղաղ թավշյա հեղափոխության ցույցի իրականացման հիմնական վայր էր: Վերջին իրադարձությունները ևս ապացույց են այն բանի, որ Հայաստանն անվտանգ զբոսաշրջային ուղղություն է: Այսպիսով, Հանրապետության հրապարակը դարձավ ժողովրդավարության խորհրդանիշ:

Օպերային թատրոն

Շրջանաձև կառուցված Օպերային թատրոնի շենքը մշտապես զարմացնում է Երևան այցելած զբոսաշրջիկներին: Օպերային թատրոնը տեղակայված է Երևանի կենտրոնական պողոտայից ոչ հեռու: Ամբողջական անվանումն է` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոն է (կոմպոզիտոր, դիրիժոր և հայկական ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի պատվին):

Այս կառույցից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի զբոսաշրջային շատ օբյեկտների վրա՝ ներառյալ Ֆրանսիայի հրապարակը, Կասկադը, Հյուսիսային պողոտան և Մաշտոցի պողոտան: Օպերային թատրոնը շրջապատված է հայ մշակույթի երեք հանճարների արձաններով՝ Արամ Խաչատրյանի (կոմպոզիտոր և դիրիժոր), Հովհաննես Թումանյանի (մեծագույն հայող բանաստեղծ) և Ալեքսանդր Սպենդիարյանի:

Օպերային թատրոնում իրականացվում են ամենակարևոր մշակութային միջոցառումները, այդ թվում՝ դասական համերգներ, բալետի ներկայացումներ, պարգևատրման պաշտոնական արարողություններ և այլն:

Կասկադ

Եթե սիրում եք ժամանակ անցկացնել ամառային պատշգամբով հարմարավետ սրճարանում՝ համեղ սննդով և ըմպելիքներով, եթե ցանկանում եք վայելել երեկոյան օդն` առանց մեքենաների աղմուկի, և, միաժամանակ, էսթետիկ հաճույք ստանալ՝ հիանալով ժամանակակից արվեստի ստեղծագործություններով, ապա հարկ է այցելել Կասկադ: Տեղանքն այդպես են անվանել ճարտարապետական ձևի պատճառով: Կասկադը ճարտարապետական համալիր է ՝ բաղկացած ավելի քան 400 աստիճանից՝ կառուցված փղոսկրի գույնի քարից:

Համալիրը հայտնի է իր խնամված կանաչապատ գոտիներով և գույնզգույն ծաղիկներով, ժամանակակից արվեստի ստեղծագործություններով, որոնց հեղինակներն են Ֆերնանդո Բոտերոն, Բարրի Ֆլանագան, Ստանիսլավ Լիբենսկին, Յարոսլավա Բրիչտովան և այլ հայտնի վարպետներ:

Էրեբունի ամրոց

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին` ուրարտական Արգիշտի թագավորի կողմից: Էրեբունի ամրոցը դարձել է կենտրոն, որի շուրջը կառուցվել և զարգացել է Երևան քաղաքը: 2800-ամյա ամրոցի մնացորդները գտնվում են Երևան քաղաքի Էրեբունի համայնքում: Ամրոցին մոտ տեղակայված է Էրեբունի թանգարանը, որտեղ ցուցադրված են տեղանքի պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային իրեր և օբյեկտներ:

«Մայր Հայաստան» հուշարձան 

Մայր Հայաստան հուշարձանը տեղակայված է Երևանի ամենաբարձր կետերից մեկում` քաղաքի հյուսիսային մասում գտնվող Հաղթանակի այգում: Մայր Հայաստանը կարծես խորհրդանշական նայում է քաղաքին և հսկում այն: Քանդակը Հայաստանի կանացի անձնավորումն է և ուժի միջոցով խաղաղության մարմնավորումը: Քանդակն ունի 22 մետր երկարություն, սակայն, քանի որ այն գտնվում է բարձր պատվանդանի վրա, նրա ընդհանուր բարձրությունը կազմում է մոտավորապես 51 մետր: Եթե նույնիսկ ժամանակ չգտնեք մոտենալ հուշարձանին, կարող եք հիանալ նրանով հեռվից, երբ զբոսնեք քաղաքի կենտրոնում:

Հարմարավետ փողոցներ

Երևանի առանձնահատուկ փողոցներն այն դարձնում են չափազանց հարմարավետ, այդ թվում Սարյան փողոցը (սովորաբար, այն անվանում են «գինու փողոց»՝ հաշվի առնելով գինու բազմաթիվ հաստատությունները), Աբովյան, Փարպեցի, Տերյան և մյուս փողոցները: Պետք է անպայման երեկոյան զբոսնել այս յուրահատուկ փողոցներով, եթե ցանկանում եք ճանաչել Երևանի ճարտարապետությունը, կյանքի ոճը և ոգին:

Թանգարաններ

Երևանը հարուստ է թանգարաններով՝ նվիրված արվեստին, պատմությանը, հնէաբանությանը և այլն: Տեղին է նշել, որ Կասկադը, կարծես թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ ներկայացված են արվեստի արժեքավոր ստեղծագործություններ:

Ուշադրության արժանի է այն, որ Երևանում թանգարանները նվիրված են ո՛չ միայն արվեստին կամ պատմությանը: Երևանի ամենահաճախ այցելվող թանգարաններից է Արարատ կոնյակի գործարանը, որտեղ կարելի է տեսնել կոնյակով լի կաղնուց հին տակառներ: Մայրաքաղաքի հայտնի շատ հյուրեր այցելում են՝ թողնելով իրենց ստորագրությունը տակառների վրա:

Երևանում շատ ավելի են հետաքրքիր վայրերը, քան ներկայացված են վերոնշյալում: Զբոսաշրջիկների մեծ մասը նշում է, որ բացի մշակութային ժառանգությունը, Երևանի բնակիչների հյուրընկալությունն ու անկեղծությունն են քաղաքը դարձնում այդքան առանձնահատուկ: Այցելեք Երևան և գտեք սեփական առիթն` այն սիրելու և ևս մեկ անգամ այնտեղ վերադառնալու համար:

Սկզբնաղբյուր` armenia.travel


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն