Գլխավոր / Հայաստանի մասին / Բյուջետային ուղղություն

Բյուջետային ուղղություն

Բյուջետային ուղղություն

30 Հուլիս 2020 | Հայաստանի մասին

Դեպի Հայաստան ճանապարհորդությունը մատչելի է ցանկացած զբոսաշրջիկի համար՝ անկախ ֆինանսական հնարավորություններից: Հայաստանն այն երկիրն է, ուր այցելությունը կդառնա անմոռանալի, եթե նույնիսկ բյուջետը սահմանափակ է:

Skyscanner.ru պորտալը Հայաստանը ներառել է 2019 թվականի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկում, որտեղ Հայաստանը գրավում է չորրորդ տեղը: Պորտալի համաձայն՝ Հայաստանում երկու հոգու համար 14 օրվա արձակուրդը կարող է արժենալ 1512$, որից 434$-ը տոմսի ծախսերն են, իսկ 1078$-ը՝ առօրյա ծախսերը (ներառյալ սնուցումը, տրանսպորտը, կացարանը և այլն):

Հյուրանոցներ
Հայաստանում հեշտությամբ կարող եք լավ առաջարկներ ստանալ լավագույն հյուրանոցների կողմից, կամ գտնել բյուջետային տարբերակներ` հյուրանոցների ցանկից, B&B, ինչպես նաև հոսթել կամ պարզապես սենյակ վարձել: Օրինակ, Երևանում կարելի է երկու տեղանոց համարներով մատչելի հյուրանոց գտնել կամ վարձել բնակարան` օրական 35$ սահմաններում, իսկ մայրաքաղաքից դուրս գներն ավելի մատչելի են:

Սրճարաններ և ռեստորաններ
Ինչ վերաբերվում է սնվելուն, ապա 2$-ի սահմանում կարելի է մի բան ուտել տեղի արագ սննդի կետերում, որտեղ առաջարկում են խաչապուրի, քաբաբ, շաուրմա և այլն: Ճաշը սրճարանում կամ ռեստորանում 5-6$ է: Իհարկե, Երևանի հայտնի զբոսաշրջային կետերում ու հաստատություններում գներն ավելի բարձր են: Սակայն, դժվար չէ դրամապանակին հարմար հաճելի հաստատություն գտնելը: Բացի այդ, շուկայից կարելի է գնել էկոլոգիապես մաքուր մթերք և պատրաստել ինքնուրույն: Հայկական շուկաները լի են թարմ և անհավանական համեղ մթերքով, իսկ գները բավականին հասանելի են:

Տրանսպորտ
Տրանսպորտը Հայաստանում բավականին մատչելի է: Մայրաքաղաքում հեշտությամբ կարող եք տեղաշարժվել ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոյով: Մատչելի են նաև տաքսիները, կարող եք տաքսի պատվիրել Յանդեքս կամ տեղական GG բջջային հավելվածների միջոցով: Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս դժվարություններ գրեթե չկան՝ ի տարբերություն երկրի այլ մասերի, որտեղ տրանսպորտ գտնելը մի փոքր բարդ է: Այլ քաղաքներ կարող եք հասնել ավտոբուսներով` միջմարզային կանգառներից, իսկ այնուհետև դիմել տեղի բնակչության օգնությանը: Եթե պլանավորում եք ժամանակի մեծ մասն անցկացնել Երևանի սահմաններից դուրս և տեսնել ամբողջ Հայաստանը, ապա կարելի է ճամփորդել ավտոստոպով: Տեղի բնակիչներն ուրախությամբ կուղեկցեն և, հավանաբար, իրենց տուն կհրավիրեն: Հայաստանում ավտոստոպով ճամփորդելը բացարձակ անվտանգ է: Տեղացիները ցույց կտան տեղի գեղեցիկ, ոչ զբոսաշրջային վայրերը և շատ հետաքրքիր պատմություններ կպատմեն:

Բյուջետային ճամփորդության շրջանակներում արժե այցելության վայրերի ցանկում ներառել.

  • Կասկադը,
  • Խոր Վիրապ վանքը՝ տեղակայված աստվածաշնչյան Արարատ լեռան ստորոտին,
  • I դարի հեթանոսական Գառնի տաճարը և Գեղարդի վանքը, Սևանա լիճը,
  • IX— X դդ Տաթև վանական համալիրը, որը գտնվում է Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Հալիձոր գյուղից և Որոտանի կիրճից մինչև վանք ձգվում է աշխարհի ամենաերկար ուղևորատար ճոպանուղին՝ Տաթևի թևերը:

Սկզբնաղբյուր` armenia.travel



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն