Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան

Հոդվածներ

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան

05 Ապրիլ 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր երկրներում մի քանի անգամ առաջարկվել է հեռացնել որդանման ելունը նորածնային հասակում՝ ծնվելուց անմիջապես հետո։

Սակայն ներկայում պարզվել է, որ որդանման ելունն այնքան էլ անօգտակար չէ։ Ժամանակակից հետազոտողները համարում են, որ այն մարդու օրգանիզմում իրականացնում է մի շարք կարևոր գործառույթներ՝ օրգանիզմի ներքին ստերիլ միջավայրը պաշտպանելով ախտածին վարակներից։

Ինչ է վկայում էվոլյուցիոն տեսությունը:

Մի քանի դար առաջ բժիշկները նույնիսկ չէին կռահում, թե ինչի համար է պետք որդանման ելունը, և միայն էվոլյուցիոն տեսության շնորհիվ առաջ եկավ մի հիպոթեզ, ըստ որի հեռավոր անցյալում այս օրգանը մասնակցել է սննդի մարսողությանը։ Այն անհրաժեշտ է խոտակեր կենդանիներին որպես ռեզերվուար, որտեղ բջջանքը ճեղքվում է։ Սակայն էվոլյուցիայի ընթացքում կապիկների և մարդու մոտ կորցրել է իր սկզբնական գործառույթը և բազմակի անգամ փոքրացել չափերով։

Չարլզ Դարվինն իր «Տեսակների ծագման մասին» գրքում թվարկում է օրգանների ցանկը, որոնք ժամանակին կարևոր դեր են ունեցել օրգանիզմի գործունեության մեջ, սակայն էվոլյուցիայի ընթացքում այլևս պահանջված չեն, բայց, այնուամենայնիվ պահպանվել են ժամանակակից մարդու մոտ։ Բնականաբար, այդ օրգանների թվում է նաև որդանման ելունը։

Որդանման ելունի դերն իմուն համակարգի գործունեության մեջ

Կենսաբանների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու որդանման ելունի մեջ պարունակվում են հատուկ ավշային բջիջներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ Պարզվել է, որ այս փոքրիկ օրգանը մասնակցում է կաթնասունների՝ այդ թվում մարդու, աղիներում տեղի ունեցող իմուն ռեակցիաներին։ Դա առիթ է տալիս ենթադրել, որ որդանման ելունն այնքան էլ անկարևոր չէ իմունիտետի գործառույթներում (իրականացնում է պատնեշային գործառույթ), ինչպես կոկորդը վնասակար վարակներից պաշտպանող քմային նշիկները։

Որդանման ելունի դերը մարսողական համակարգի գործընթացում

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) բժշկական կենտրոնի հետազոտողների խոսքերով` որդանման ելունը կարևոր գործառույթ է իրականացնում մարսողության գործընթացում. նպաստում է աղիներում անրհաժեշտ միկրոօրգանիզմների առաջացմանը և պահպանմանը։ Հետազոտական խումբը, որի կազմի մեջ մտնում էին բարձրակարգ իմունոլոգներ, համարում է, որ մարդու մարսողական համակարգը հարուստ է մանրէներով, որոնք ո՛չ միայն անվտանգ են, այլև չափազանց անհրաժեշտ են սննդի մարսողության գործընթացում։

Այս օգտակար մանրէները լուծի ժամանակ մեծ քանակությամբ դուրս են բերվում օրգանիզմից, հատկապես վարակիչ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժման հետևանքով առաջացող դիսբակտերիոզի դեպքում։ Դա խանգարում է նորմալ մարսողությանը և արտահայտվում որովայնում անհարմարավետության առաջացմամբ ու պարբերաբար կրկնվող ցավերով։ Որոշ ժամանակ է պահանջվում մինչև որդանման ելունն սկսի արտադրել բավարար քանակությամբ անհրաժեշտ միկրոօրգանիզմներ։

Արդյո՞ք ճիշտ է այս տեսությունը։ Հետազոտողները վստահ են, որ` այո, և որպես ապացույցներ մշտապես նորանոր փաստեր են բերում։ 

Այսպես, հետազոտական խմբից բժիշկ Բիլ Պարկերի խոսքերով այն փաստը, որ որդանման ելունը գտնվում է աղիների ստորին մասում, որով անցնում է սնունդը, այս տեսության հաստատումներից է։

Պե՞տք է արդյոք հեռացնել որդանման ելունը

Որդանման ելունում բորբոքային (ապենդիցիտ) կամ ուռուցքային գործընթացի ժամանակ ելունը պարտադիր պետք է հեռացվի, հակառակ դեպքում այս հիվանդությունները կարող են բերել մահացու ելքի։

Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որդանման ելունի հեռացումը չի անդրադառնում մարսողական համակարգի նորմալ գործունեության վրա։ Ամենայն հավանականությամբ, նրա իմունային և մարսողական գործառույթներն իրենց վրա են վերցնում այլ օրգաններ։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն