Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի

Հոդվածներ

Ցավ որովայնում. ե՞րբ դիմել բժշկի

17 Մարտ 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Մարսողական համակարգ, որովայն

Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում առնչվում է այս տհաճ երևույթի հետ։

Հիմնականում այդպիսի ցավերն ինքնուրույն անցնում են՝ առանց հետևանքների։ Սակայն, երբեմն դրանք լուրջ հիվանդության սպառնացող ախտանիշ են։ Ինչպե՞ս տարբերել հասարակ աղիքային խիթը վտանգավոր վիրաբուժական ախտաբանությունից։

Որովայնի ցավերի պատճառները, դրանց ախտանիշները և տարբերակիչ ախտորոշումը

Որովայնի ցավեր կարող են առաջացնել որովայնի խոռոչի օրգանների ֆունցիոնալ խանգարումները, դրանց բորբոքումները կամ քրոնիկ հիվանդությունները։ 

Որովայնի շրջանում տեղակայված հիմնական օրգաններն են.

• ստամոքս,
• բարակ և հաստ աղի,
• որդանման ելուն (ապենդիքս),
• լյարդ,
• լեղապարկ,
• ենթաստամոքսային գեղձ,
• փայծաղ,
• երիկամներ,
• փոքր կոնքի օրգաններ։

Որովայնի ցավերը կարող են առաջացնել բազմաթիվ գործոններ։ Ամենահաճախ հանդիպող պատճառը ֆունկցիոնալ խանգարումներն են, վարակները և բորբոքումը։

Որովայնում կծկանքների ամենահաճախ հանդիպող պատճառներից է փքվածությունը՝ կապված արտահայտված գազագոյացման հետ, որի ժամանակ տեղի է ունենում աղու պատի ձգում։ Այդ ժամանակ լսվում է լսելի գռմռոց, դիտվում են կծկող ցավեր, որոնք ինքնուրույն անցնում են, սակայն կարճ ժամանակ հետո կրկին սկսվում են։ Ախտանիշներից կարելի է ձերբազատվել ակտիվացված ածուխի և խմորմանը խոչընդոտող սննդակարգի միջոցով։

Որովայնի ցավերի մյուս տարածված պատճառը սննդային թունավորմամբ պայմանավորված լուծն է և ուղեկցող աղիքային խիթը։ Այս ցավերը նույնպես մշտական չեն և ունեն կծկանքային բնույթ։ Որպես կանոն, դրանք անցնում են ինքնուրույն` 1-2 օրվա ընթացքում։ Երբեմն լուծը և ցավերը կարող են ձգձգվող ընթացք ունենալ․ այս դեպքում ընդունված է խոսել գրգռված աղու համախտանիշի մասին։ Սովորաբար, նման դեպքերում օգնում են սննդակարգը, ադսորբենտները և սպազմոլիտիկները (նո-շպա, դրոտավերին և այլն)։

Կծկանքների պատճառը կարող է կապված լինել նաև փորկապության հետ։ Այս դեպքում օգտակար է մեծ քանակությամբ բջջանք պարունակող սննդի, առատ հեղուկների և լուծողականների ընդունումը։

Կանանց մոտ որովայնի կծկանքները կարող են կապված լինել դաշտանի հետ։ Այդպիսի ցավերը հատուկ բուժում չեն պահանջում, սակայն երբեմն թույլատրելի է սպազմոլիտիկների և ցավազրկողների կիրառումը։

Ավելի վտանգավոր է, երբ ցավն աստիճանաբար է առաջանում և ունի մշտական բնույթ ու տեղակայում։ Այդպես լինում է որդանման ելունի բորբոքման՝ սուր ապենդիցիտի ժամանակ, որի դեպքում ցավը կարող է ուժեղ չլինել։ Որպես կանոն, այն տեղակայվում է որովայնի աջ ստորին մասում՝ զստային շրջանում։ Աստիճանաբար ցավերն ուժեղանում են, հատկապես դրանք ինտենսիվ են որդանման ելունի շոշափման ժամանակ։ Դա վկայում է ելունի բորբոքման մասին։ Այդպիսի կլինիկական պատկերը բժիշկները կոչում են «սուր որովայն»։

Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի աննշան բարձրացմամբ՝ հատկապես ուղիղաղիքային հետազոտության դեպքում։ Ապենդիցիտը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով։ Եթե այն ժամանակին չվիրահատվի, հնարավոր են բարդությունների առաջացում։

Լավագույն դեպքում` բորբոքված մասը շրջակա հյուսվածքներից սահմանազատվում է խիտ բորբոքային թաղանթով (վիրաբույժները, սովորաբար, դրան պարկավորում են անվանում), և բորբոքման սուր փուլն անցնում է քրոնիկի։ Վատագույն դեպքում կարող է տեղի ունենալ ելունի պատռվածք, և այդ ժամանակ նրանում կուտակված թարախն ընկնում է որովայնի խոռոչ։ Դա բերում է չափազանց տհաճ բարդության՝ պերիտոնիտի զարգացման։

Կլինիկայի աստիճանական զարգացում կարող է դիտվել նաև որովայնի խոռոչի այլ օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են խոլեցիստիտը (լեղապարկի բորբոքում) և պանկրեատիտը (ենթաստամոքսային գեղձի բորբոքում)։ Առաջին դեպքում ցավերն առաջանում են աջ թուլակողում, դրանք մշտական են և ինտենսիվ, երկրորդ դեպքում ցավը հաճախ ունի գոտևորող բնույթ։ Երկու հիվանդությունն էլ ուղեկցվում են բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, փսխումով և մարսողության այլ խանգարումներով։

Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է տեղի ունենալ այդ օրգանների թարախակալում և տարածուն պերիտոնիտի զարգացում։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքման ժամանակ բարձր է նեկրոզի՝ հյուսվածքների մեռուկացման զարգացման ռիսկը, այդ վիճակը կյանքի համար վտանգավոր է և ուշ ախտորոշման դեպքում բուժման չի ենթարկվում։

Այդ պատճառով վերոնշյալ ախտանիշների առկայության դեպքում կարևոր է հնարավորին շուտ դիմել բժշկի։

Ցավերը հատկապես ուժեղ են խոցի թափածակման ժամանակ, երբ ստամոքսահյութի պարունակությունը սկսում է թափանցել որովայնի խոռոչ։ Այդ ժամանակ դիտվում է, այսպես կոչված, «դաշույնի հարված» հիշեցնող ցավ․ հիվանդին թվում է՝ նրան տառացիորեն դանակահարում են։ Այս դեպքում անհրաժեշտ է շտապ հոսպիտալացում և անհետաձգելի վիրահատություն։

Ոչ պակաս թույլ ցավեր են լինում խիթերի ժամանակ, ինչպես լյարդային (երբ քարը խցանում է լեղածորանը), այնպես էլ երիկամային (քար միզածորանում)։ Ճնշումն այս օրգաններում բազմակի անգամ բարձրանում է, պատերը ձգվում են։ Փորձը ցույց է տալիս, որ այդ ցավը չի վերանում սպազմոլիտիկների և ցավազրկողների ընդունումից։ Այդ պատճառով, սովորաբար, նման դեպքերում ցավի պաշարման համար կիրառում են հոգեմետ ցավազրկողներ։

Շատ ցավոտ և վտանգավոր վիճակ կարող է առաջացնել աղիքային անանցանելիությունը (աղու ոլորում), որը զարգանում է որովայնի խոռոչում կպումային գործընթացի ֆոնին։ Կպումներն առաջանում են խոռոչային վիրահատություններից և որովայնի պատի վնասվածքներից հետո։ Երբեմն դրանք խանգարում են աղիների նորմալ գալարակծկմանը և առաջացնում են մասնակի կամ լրիվ անանցանելիություն։

Որպես կանոն, ցավերն այս դեպքում ուղեկցվում են փսխումով և կղանքի բացակայությամբ։ Այս վիճակը կարող է զարգանալ նաև որովայնի պատի ճողվածքի (աճուկային, պորտային և այլն) օղակման ժամանակ։ Եթե տվյալ դեպքում կոնսերվատիվ բուժումը չի օգնում (հանգիստ, սպազմոլիտիկներ, ցավազրկողներ, մանուալ միջամտության որոշ հնարքներ), անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատություն, այլապես հնարավոր է աղու մի մասի մեռուկացում։

Որովայնի ցավ առաջացնող հիվանդությունների միջև տարբերակիչ ախտորոշումն իրականացվում է ո՛չ միայն գանգատների և հիվանդի զննման ժամանակ։ Հիվանդության պատկերը կարող է հստակեցնել արյան լաբորատոր հետազոտությունը, որի օգնությամբ կարելի է պարզել օրգանիզմում բորբոքային գործընթացի առկայությունը։ Նաև կիրառվում է ռենտգենագրաֆիա, ՈՒՁՀ և ախտորոշման այլ եղանակներ։

Ե՞րբ պետք է դիմել բժշկի

1. Եթե ցավը մշտական բնույթ է կրում, ունի հստակ տեղակայում և աստիճանաբար ուժեղանում է։
2. Եթե ցավը չափազանց ինտենսիվ է՝ հիշեցնելով «դաշույնի հարված»։
3. Եթե ցավն ուղեկցվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր վիճակի վատթարացմամբ, փսխումով, կղանքի բացակայությամբ։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն