Պացիենտի կրթություն

Դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար, նաև ամբողջ օրգանիզմի վրա: Աղիներում բնակվող մանրէների հավաքակազմը ձևավորվում է կյանքի առաջին օրերից սկսած:

Նորմալ մանրէների ձևավորմանը նպաստող հիմնական գործոնը բնական սնունդն է: Հայտնի է, որ կրծքի կաթը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են աղիքներում առողջ, օգտակար մանրէների քանակի ավելացմանը: Հետևաբար, երեխայի կյանքի առաջին օրերի ոչ նպաստավոր պայմանները, հատկապես ստամոքս-աղիքային համակարգի գործունեության անկանոնությունները, աղիքների մանրէների կազմում առաջացնում են ծանր հետևանքներ ունեցող տեղաշարժեր: Հատկապես վնասակար է նորածինների երկար ժամանակ հակաբիոտիկներ ընդունելը:

Աղիներում մանրէների հավասարակշռության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ կամ աղիքների դիսբիոզ (կենսաձևի խախտում), որի հիմնական պատճառներն են մարսողական համակարգի հիվանդությունները, հատկապես դրանց քրոնիկական ընթացքը, սխալ սնվելը, անորակ սնունդը, հիմնականում հակաբիոտիկների և այլ դեղորայքի չարաշահումը, ինչպես նաև վերին շնչուղիների բորբոքումները, որոնք ճնշող ազդեցություն ունեն իմունային համակարգի վրա: Վերջին տարիներին աղիքների դիսբակտերիոզը հաճախ տարբեր հիվանդությունների պատճառ է դառնում և, դրա հետ կապված, հիվանդացության աճը հիմնականում մեծ քանակությամբ դեղորայք և անորակ սնունդ օգտագործելու հետևանք է: Որոշ դեր ունի նաև պատահական աղբյուրների, չստուգված խմելու ջրի օգտագործումը: 

Տարբերակում են աղիքների դիսբակտերիոզի բարդության չորս աստիճան: 

Առաջին աստիճանի դեպքում աղիքներում որոշ չափով նվազում է առողջ մանրէների` հիմնականում բիֆիդում լակտոբակտերիա կոչվող ու լիարժեք աղիքային ցուպիկների քանակը, իսկ մյուս ցուցանիշները դեռևս գտնվում են նորմայի սահմաններում: Որպես կանոն, հիվանդության սկզբնական շրջանում աղիների ֆունկցիայի զգալի խանգարումներ չեն նկատվում: Փաստորեն, այդ շրջանը համարվում է գործնականորեն առողջ մարդու օրգանիզմի ռեակցիան այնպիսի անբարենպաստ գործոնների նկատմամբ, ինչպիսիք են սնվելու ռեժիմի խանգարումը, հատկապես լայն սպեկտրի հակաբիոտիկների հաճախակի օգտագործումը, վերին շնչուղիների կատառալ բորբոքումները: Չնայած այս փուլում մարդն իրեն լավ է զգում, սակայն ցանկալի է բուժումը սկսել հենց այդ շրջանում, երբ բուժման արդյունավետությունը բարձր է:

Դիսբակտերիոզի երկրորդ աստիճանի ժամանակ աղիներում բնակվող բիֆիդում բակտերիաների, լակտոբակտերիաների, ինչպես նաև աղիքային օգտակար ցուպիկների արտահայտված պակաս և ախտածին մանրէների` ստաֆիլոկոկի, սնկերի, Proteus կոչվող բակտերիաների աճ է արձանագրվում: Աղիքների գործունեությունը փոքր-ինչ խանգարվում է: Կղանքը պարբերաբար դառնում է ջրիկ, կանաչ երանգ և տհաճ հոտ է ունենում: Հիվանդները հազվադեպ գանգատվում են փորկապությունից, որովայնի փքվածությունից, սրտխառնոցից: Նկատվում են ալերգիկ երևույթներ:

Աղիքների դիսբակտերիոզի երրորդ աստիճանի ժամանակ զգալիորեն ավելանում են ագրեսիվ, ախտածին մանրէները: Դրանց թիվը հասնում է տասնյակ միլիոնների: Հետազոտվող կղանքի նմուշներում հայտնվում են ախտածին մանրէների` ոսկեգույն ստաֆիլոկոկի, պրոտեուսի, հեմոլիտիկ էնտերոկոկի, կլեբսիելայի, էնտերոբակտերիաների, ցիտրոբակտերիաների մեծ քանակ: Այս փուլում հիվանդները գանգատվում են որովայնի փքվածությունից, ախորժակի վատացումից, վատ ինքնազգացումից, թուլությունից, լուծից, կղանքը լինում է չձևավորված, հաճախ կանաչ գույնի: Հիվանդը դառնում է անաշխատունակ: Քաշը պակասում է: Նկատվում են նաև ալերգիկ նշաններ` հատկապես դեմքի վրա:

Նշված երևույթներն ավելի են արտահայտվում աղիքների դիսբակտերիոզի չորրորդ աստիճանի ժամանակ:


JCI Quality Approval

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն