Պացիենտի կրթություն

Դիպլոպիա (երկտեսություն)

Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը։

Գոյություն ունի դիպլոպիայի երկու տեսակ՝ մոնոկուլյար և բինոկուլյար։ Տեսակը որոշելը  դյուրին է, դա նույնիսկ հնարավոր է տնային պայմաններում։ Եթե Ձեզ մոտ երկտեսություն է, փակեք մեկ աչքը. եթե կրկնապատկերն անհետանում է, ուրեմն Ձեզ մոտ բինոկուլյար դիպլոպիա է, եթե ոչ՝ մոնոկուլյար:

Մոնոկուլյար դիպլոպիան վկայում է, որ խնդիրը միայն մեկ աչքում է: Բինոկուլյար տարբերակը վկայում է, որ երկտեսության պատճառը կարող է լինել ուղեղի կամ նյարդերի աշխատանքի խաթարումը:

Դիպլոպիայի պատճառները և բարդությունները

Մոնոկուլյար և բինոկուլյար դիպլոպիայի պատճառները կարող են լինել տարբեր հիվանդություններ և վիճակներ:

Մոնոկուլյար դիպլոպիայի հիմնական պատճառներն են.

  • աստիգմատիզմը. տեսողության դեֆեկտ է, որը կարող է պայմանավորված լինել ոսպնյակի, եղջերաթաղանթի կամ աչքի կորացմամբ, ինչի պատճառով մարդը կորցնում է առարկաները հստակ տեսնելու կարողությունը,
  • կերատոկոնուսը. աչքի հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է և ձեռք բերում կոնի ձև,
  • կատարակտը՝ ոսպնյակի պղտորում,
  • չոր աչքի համախտանիշը. աչքի մակերևույթը խոնավացնող արցունքահեղուկի անբավարարությունն է: Չոր աչքի ախտանիշներն են այրոցը, կարմրածությունը, քորը և տեսողության խնդիրները:
  • թևակերպ փառը (պտերիգիում). դեգեներատիվ, փոփոխված հյուսվածքի սերտաճում` ակնաճեղքի ներքին անկյան շրջանում:

Բինոկուլյար դիպլոպիան անհետանում է մեկ աչքը փակելու դեպքում, ինչը վկայում է այն մասին, որ աչքերը չեն կարող միասին աշխատել և առկա է ուղեղի կամ նյարդերի հետ կապված խնդիր: 

Բինոկուլյար դիպլոպիայի ամենատարածված պատճառներն են.

  • նյարդերի վնասումը. ակնային նյարդերը պատասխանատու են աչքերի և ուղեղի միջև կապի համար: Բորբոքումը և վնասման ցանկացած այլ տեսակ կարող են երկտեսության պատճառ լինել,
  • դիաբետ. նյարդերի վնասում առաջացնող ամենատարածված հիվանդություններից է,
  • գանգուղեղային նյարդերի պարալիզը՝ դիաբետի կամ բարձր զարկերակային ճնշման հետևանքով,
  • միասթենիան. իմունային հիվանդություն է, որը բնութագրվում է միջաձիգ զոլավոր մկանների ախտաբանական դյուրհոգնելիությամբ, աչքերի դեպքում խոսքը կոպերի թուլության մասին է, որը բերում է երկտեսության առաջացման:
  •  Գրեյվսի հիվանդությունն, դիֆուզ թունավոր խպիպ կամ Բազեդովյան հիվանդություն. այս բոլորը մեկ վիճակի անվանում է, որի պատճառը վահանաձև գեղձի դիսֆունկցիան է. այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտավորապես 30%-ն առնչվում է տեսողության խանգարումների հետ, այդ թվում՝ երկտեսության հետ:
  • շլությունը:

Դիպլոպիան կարող է դառնալ ինչպես ժամանակավոր, այնպես էլ քրոնիկ բարդությունների պատճառ:

Երկտեսությամբ տառապող որոշ մարդիկ նաև սրտխառնոց և գլխապտույտ են ունենում: Մյուսների մոտ երկտեսությունն ուղեկցվում է աչքերում լարվածության զգացումով և լույսի նկատմամբ գերզգայնությամբ:

Կարևոր է պարզել, որ տեսողության խանգարումներով ուղեկցվող գլխացավը կարող է վարակի կամ գլխուղեղի ուռուցքի ախտանիշ լինել:

Դիպլոպիայի ախտորոշումը և բուժումը

Դիպլոպիայի ախտորոշումը և տեսակի որոշումը բավականին պարզ է: Առավել դժվար է երկտեսության պատճառը պարզել: Դրա համար բժիշկն իրականացնում է հետևյալ միջոցառումները.

  • հարցաքննում Ձեր առողջական վիճակի վերաբերյալ, այդ թվում` ախտանիշների մասին, որոնք ուղեկցում են երկտեսությանը, այլ ախտաբանական վիճակների և խնդիրների մասին,
  • մի շարք հետազոտությունների և թեստերի կատարում, այդ թվում՝ արյան քննություն, աչքի զննում և տեսողության ստուգում, թունաբանություն, արյան մեջ շաքարի մակարդակի որոշում, աչքի ՀՏ կամ ՄՌՏ:

Երկտեսության բուժումը ենթադրում է վերջինիս պատճառների վերացում: Մինչ Դուք անցնում եք բուժման հիմնական կուրսը, Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ երկտեսությունից ձերբազատվելու հետևյալ մեթոդները.

  • շտկող ոսպնյակներ կամ հատուկ ակնոցներ,
  • աչքի վիրակապ,
  • աչքերի վարժություններ, եթե խնդիրը աչքերի չափազանց թույլ մկաններով է պայմանավորված,
  • վիրահատական միջամտություն:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն