Պացիենտի կրթություն
Տախիկարդիա. ե՞րբ և ինչո՞ւ են հաճախանում սրտի զարկերը
Հիմնականում հաճախացած սրտխփոցը (տախիկարդիա) մարդկանց մոտ տհաճ զգացողություններ է առաջացնում (զգացողություն, որ սիրտը կա)։ Այդ զգացողությունները միշտ չէ, որ հիվանդության նշան է։ Սրտխփոց կարող են զգալ սրտի նորմալ գործունեությամբ և նյարդային համակարգի բարձր զգայնությամբ անձինք (նևրասթենիա, նևրոզներ)։ Ընդհանուր առմամբ, սրտխփոցն առավել հաճախ հոգեծին է, քան` օրգանական բնույթի։ Հաճախացած սրտի զարկի՝ հաճախասրտության մասին խոսում են, երբ սրտի կծկումները գերազանցում են րոպեում 80 զարկը։
Հաճախասրտությունը հիմնականում սինուս-նախասրտային հանգույցի ակտիվության բարձրացման հետևանք է` սինուսային հաճախասրտություն։ Այն կարող է դիտվել առողջ մարդկանց մոտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, հույզերի, գրգռման, ցավերի, շրջակա միջավայրի ջերմաստիճանի բարձրացման, ալկոհոլի, կոֆեինի չարաշահման ժամանակ և ծխելուց հետո։ Այս դեպքերում, բնականաբար, խոսքը ժամանակավոր հաճախասրտության մասին է, որն աստիճանաբար հարաճում և աստիճանաբար նվազում է։
Երեխաների մոտ հաճախասրտությունը ֆիզիոլոգիական է։ Երկարատև հաճախասրտություն դիտվում է մի շարք ախտաբանական վիճակներում։
Վարակիչ հիվանդություններ։ Սովորաբար, ջերմության բարձրացումը 1 աստիճանով բերում է սրտի կծկումների հաճախության բարձրացման. երեխաների մոտ նորմայի համեմատ ` 10-15 զարկով, մեծահասակների մոտ՝ 8-9 զարկով։
Արյան շրջանառության անբավարարության ժամանակ սրտամկանի ցանկացած ախտահարում կարող է բերել հաճախասրտության զարգացման։ Սրտային դեկոմպենսացիայի առաջին նշանը հաճախասրտությունն է։
Ցանկացած ծագման շոկը կամ կոլապսն (արյունահոսություն, ուշագնացություն և այլն) ընթանում է հաճախասրտությամբ, որն առաջանում է արյան ճնշման անկման ռեֆլեքսի արդյունքում։
Արտասրտային պատճառները (սակավարյունություն, կախեքսիա, թարախային օջախներ, հյուսվածքների քայքայում, բորբոքում, ուռուցք) նույնպես կարող են հաճախասրտություն առաջացնել։
Թույներ։ Հաճախասրտություն են առաջացնում կոֆեինը, ալկոհոլը, ադրենալինը, ատրոպինը (ախտահարելով թափառող նյարդը), հիպոգլիկեմիա առաջացնող չափաբաժնով ինսուլինը, նիկոտինը, նիտրատները։
Հիպերթիրեոզը հաճախասրտության հաճախ հանդիպող պատճառներից է:
Նեյրոցիրկուլյատոր դիստոնիայով (վեգետա-անոթային դիստոնիա) հիվանդներին բնորոշ է կոնստիտուցիոնալ հաճախասրտությունը և դրա հանդեպ հակվածությունը։ Սովորաբար, դրանք անկայուն վեգետատիվ նյարդային համակարգով պացիենտներն են, հաճախ` երիտասարդներ, ամենատարբեր գանգատներով (ճնշում և ծակող ցավեր` սրտի շրջանում, հևոց, հոգնածություն, գլխապտույտ, էքստրասիստոլա, անքնություն, սուբֆեբրիլ ջերմություն, ախորժակի բացակայություն, քաշի անկում, սրտխփոց, ստամոքսի և աղիների խանգարումներ, միզարձակման խանգարումներ և այլն)։
Նևրոզով հիվանդներին (հուզական հաճախասրտություն) նույնպես բնորոշ է հաճախասրտությունը:
Պարոքսիզմալ հաճախասրտությունն ընթանում է նոպաների ձևով, որոնք հանկարծակի առաջանում և հանկարծակի ավարտվում են: Սովորաբար, հաճախությունը կազմում է 140-200 զ/ր, տևողությունը՝ մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Սրտխփոցի հաճախությունը, սովորաբար, կայուն է։ Սրտխփոցի կամ հաճախասրտության պատճառը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավոր է միայն հիվանդին զննելուց և լրացուցիչ լաբորատոր ու ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելուց հետո։ Պետք է սկսել սրտաբանի այցից։
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտանիշներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն