Գլխավոր / Լուրեր / Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան

Լուրեր

Էնդոսկոպիկ հետազոտությունը` ուռուցքների կանխարգելման միջոց. Թևոս Սարգսյան

01 Փետրվար 2020 | Լուրեր | Էնդոսկոպիա | Թևոս Հարությունի Սարգսյան

Կոլոռեկտալ ուռուցքը կանխարգելելու համար կիրառվում է, այսպես կոչված` թաքնված արյան թեստ:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք գենետիկայում ունեն կոլոռեկտալ քաղցկեղի բարձր ռիսկ, այսինքն, առաջին կարգի հարազատների մոտ եղել է հաստ աղու ուռուցք, խորհուրդ է տրվում կատարել կղանքի թաքնված արյան թեստը: 40 տարեկանն անց մարդիկ ռիսկային խմբում են, հատկապես, եթե առկա է ժառանգան գործոն: Եթե ժառանգական գործոնը բացակայում է, հետազոտությունը հարկ է իրականացնել 50 տարեկանն անց անձանց մոտ: Իհարկե, առավել ցանկալի է, եթե դա իրականացվեր պոլիկլինիկաներում` որպես սքրինինգային թեստ:

Թաքնված արյան թեստը նախափուլային տարբերակ է և բավականին մատչելի, դյուրին իրականացվող: Թեստը դրական է նորագոյացությունների դեպքում, նաև` թութքի, ճաքի ժամանակ: Դրական արդյունքի դեպքում պարտադիր է կոլոնոսկոպիկ հետազոտությունը: Գոյացություններից՝ պոլիպներ հայտնաբերելու դեպքում, հեռացվում են էնդոսկոպիկ միջամտությամբ:

Հաստ աղու պոլիպները, բարորակ ուռուցքները չարորակացման միտում ունեցող գոյացություններ են: Այդ պատճառով անհրաժեշտ է կանխարգելիչ միջամտություն իրականացնել: Եթե գոյացությունը, պոլիպը հայտնաբերվել է ուշացած և բարդացած, ռիսկերը մեծ են: Եթե առկա է արյունահոսություն, կամ հեռացումից հետո ուշացած արյունահոսության վտանգ, պացիենտը պետք է գտնվի ստացիոնար հսկողության տակ: Մնացած բոլոր դեպքերում պոլիպէկտոմիան կատարվում է ամբուլատոր:

Միջամտությունը պացիենտի համար որևէ դժվարություն չի ներկայացնում, որևէ հետվիրահատական շրջան, խնամք և անկողնային ռեժիմ չի պահանջվում: Նրա զգացողությունը նույնն է, ինչ պլանային կոլոնոսկոպիայից հետո: Եվ, ինչպես կոլոնոսկոպիայից հետո, այս դեպքում նույնպես միջամտությունից 15-20 րոպե անց պացիենտը տուն է գնում:

Միջամտություններից հետո պացիենտները հսկվում են 3 տարին մեկ անգամ:

Որպես վերջաբան. էնդոսկոպիկ միջամտությամբ հնարավոր է լիովին կանխարգելել ուռուցքի զարգացումը հետագայում:

Թևոս Սարգսյան, էնդոսկոպիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն